Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Գայլի հարձակումից տուժած երեխաների համար Արցախ է հասցվել անհրաժեշտ հակակատաղության շիճուկը. ԱՆ

Գայլի հարձակումից տուժած երեխաների համար Արցախ է հասցվել անհրաժեշտ հակակատաղության շիճուկը. ԱՆ
1918
Հինգշաբթի, 31 մայիսի, 2018 թ., 17:45

Արցախի Հադրութի շրջանում գայլի հարձակման հետևանքով տուժած երեք երեխաները ստացել են հակակատաղության և փայտացման դեմ պատվաստումներ: Երեխաների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Մեծ Թաղեր և Տումի համայնքներում մայիսի 28-ին արձանագրված դեպքի առիթով ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է հրատապ աշխատանքներ և Վրաստանի Հանրապետության առողջապահական համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում հաշված ժամերի ընթացքում անհրաժեշտ քանակությամբ հակակատաղության իմունագլոբուլինը տրամադրվել է տուժածներին:

Կատաղությունը (հիդրոֆոբիա) վիրուսային զոոնոզ հիվանդություն է՝ պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և կրող համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, իսկ կենցաղում՝ ընտանի կենդանիները (շներ, կատուներ), գյուղատնտեսական կենդանիները: Վարակի գաղտնի շրջանը որոշվում է վնասվածքի, կծվածի տեղակայմամբ, ծանրությամբ և տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:

Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում՝ կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում):

Կատաղության դեմ կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է հատկապես թափառող, անհայտ և վայրի կենդանիների կողմից վնասվելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը մայիսի 28-ին ահազանգ էր ստացել, որ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել 3 երեխա և մեկ մեծահասակ, որոնք տուժել են գայլի հարձակումից: Տուժածներին ցուցաբերվել էր անհրաժեշտ բժշկական օգնություն: Սակայն բժշկական օգնության լիարժեքությունն ապահովելու համար անհրաժեշտություն էր առաջացել նաև երեխաներին ներարկել հակակատաղության իմունագլոբուլին, ինչը ցուցված է նման դեպքերում կատաղություն հիվանդության զարգացումը կանխելու համար: