Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Զրահատեխնիկան մտավ Հայաստանի մայրաքաղաք, սակայն խորհրդարանն արդեն վավերացրել էր ժողովրդի կամարտահայտումը». Արա Բաբլոյան

«Զրահատեխնիկան մտավ Հայաստանի մայրաքաղաք, սակայն խորհրդարանն արդեն վավերացրել էր ժողովրդի կամարտահայտումը». Արա Բաբլոյան
663
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 10:20

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման ուղի ոտք դնելու 28-րդ տարեդարձը:

1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը վավերացրեց մի հիմնարար փաստաթուղթ, որը կրում էր «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» անվանումը:

Նրա տասներկու կետերն ասես սեղմ ու փոքրիկ Սահմանադրությունն էին դեռ չստեղծված հայոց անկախ ու ժողովրդավարական պետականության: Եւ նրա բոլոր դրույթները պիտի սրբորեն պահպանենք, որովհետև միայն այդ ճանապարհով ենք պաշտպանելու այն ամենը, որոնք գերակա արժեքներ հռչակելու համար 1988-ին պայքարի ելանք:

Անգամ քսանութ տարի անց դժվար է ասել՝ Հայաստանի անկախության հռչակագիրը մեր քաղաքական մտքի մանկությո՞ւնն էր, թե՞ իրավական մտքի հասունության արտացոլումը:

Հստակ է, որ այն շարունակությունն էր Խորհրդային Հայաստանի 11-րդ գումարման Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 24-ի անավարտ մնացած նիստի, երբ խորհրդարանը կեսգիշերն անց հայտարարեց, որ Հայաստանում այսուհետ գործում են միայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած օրենքները: Զրահատեխնիկան մտավ Հայաստանի մայրաքաղաք, սակայն խորհրդարանն արդեն վավերացրել էր ժողովրդի կամարտահայտումը:

Օգոստոսի 23-ի հռչակագիրը միաժամանակ կարևորագույն ուղենիշն ու մեկնակետն էր դեպի 1991 թվականի սեպտեմբերի 21-ը տանող ճանապարհին:

Այն հռչակագիր էր, բայց նրա տասներկու կետերից և ոչ մեկը դեկլարատիվ բնույթ չկրեց, այլ մեր պայքարի, զրկանքների ու զոհողությունների շնորհիվ դարձավ իրականություն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

օգոստոսի 23-ը մեր տոնացույցում գրված է ոսկյա տառերով և դարձել է հայության մի քանի սերունդների երազանքն իրականություն դարձնելու կամքի ու վճռականության խորհրդանիշը:

Տասնամյակներ կհաջորդեն միմյանց, բազմաթիվ օրենքներ կվերախմբագրվեն, փոփոխություններ կկատարվեն նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում: Սակայն, ինչպես մենք, այնպես էլ գալիք յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել Հայաստանի անկախության հռչակագրում ձևակերպված այն իսկապե՛ս ժողովրդավարական ու ազգային արժեքները, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարությունը, որոնք հիմնարար արժեքներ հռչակվեցին 1990 թվականի օգոստոսի 23-ին:

Բարին ընդ մեզ այդ ճանապարհին»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում: