Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ադրբեջանական ԶԼՄ-ների անդրադարձը՝ Մխիթարյանի և Կադիմյանի՝ Բաքու հնարավոր այցին

Ադրբեջանական ԶԼՄ-ների անդրադարձը՝ Մխիթարյանի և Կադիմյանի՝ Բաքու հնարավոր այցին
891
Շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ., 03:15

Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքներով հայտնի է դարձել, որ երկու ակումբ՝ «Արսենալ»-ը և «Վորսկլա»-ն, որոնց կազմում հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Գեղամ Կադիմյանը, խմբային փուլում պետք է հանդիպեն ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի հետ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները բուռն քննարկում են ծավալել հարցի շուրջ։ Եվրոպայի լիգայի կանոնակարգով՝ հանդիպումները կայանում են տուն-դուրս ձևաչափով, հետևաբար խաղերից մեկը կայանալու է Բաքվում։ Պաշտոնապես «Քարաբաղ»-ը ներկայացնում է Ակնա (Աղդամ) քաղաքը, որը 1993 թվականի հուլիսի 23-ից գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ։ Արցախյան ազատամարտից առաջ ակումբը տնային խաղերն անցկացրել է Աղդամում։ Ներկայումս ակումբի տնային մարզադաշտ է համարվում Բաքվում գտնվող Թոֆիկ Բայրամովի անվան «Հանրապետական» մարզադաշտը։

Բաքու մեկնելու հանգամանքից ելնելով՝ հայ ֆուտբոլիստների՝ իրենց ակումբների՝ Բաքվում կայանալիք հանդիպումներին մասնակցությունը հարցականի տակ է։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիկմեթ Գաջիևը նշել է, որ հայ ֆուտբոլիստներին չեն խոչընդոտի մուտք գործել Բաքու. «Մենք չենք ցանկանում առաջ անցնել ֆուտբոլային գործընթացներից: Թող ակումբները որոշեն իրենց հայտացուցակները «Քարաբաղ»-ի դեմ խաղերի համար: Դրանից հետո կարելի կլինի վերադառնալ այս հարցին»։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ՈՒԵՖԱ-ն կփորձի օգնել Մխիթարյանին և Կադիմյանին՝ աջակցություն հայտնելով։ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը նշել է, որ կաջակցի վիզաների հարցում։ «ՈւԵՖԱ-ն ուղարկում է աջակցության նամակներ ֆեդերացիաներին, ակումբներին և դեսպանատներին, որպեսզի ֆուտբոլիստները վիզա ստանան և կարողանան մեկնել այլ երկրներ՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի մրցաշարերի հանդիպումներին»,- նշված է հայտարարության մեջ։

«Արսենալ»-ի մամուլի ծառայությունը, իր հերթին, ստեղծված իրավիճակի շուրջ հայտարարություն է տարածել. «Մեր բոլոր ֆուտբոլիստների և աշխատակիցների անվտանգությունը միշտ կարևոր է մեզ համար։ Մենք դիտարկելու ենք այս իրավիճակը, կզրուցենք ֆուտբոլիստների հետ, ինչից հետո որոշում կկայացնենք»։

Նշենք, որ Եվրոպայի լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է Բաքվում՝ մայիսի 29-ին։