Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ՖԻՖԱ-ն մտադիր է հրաժարվել Խաղաղության մրցանակից, որը դեռևս միայն Թրամփն է ստացել

ՖԻՖԱ-ն մտադիր է հրաժարվել Խաղաղության մրցանակից, որը դեռևս միայն Թրամփն է ստացել
39
Այսօր, 17:06

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) դիտարկում է 2025 թվականի նոյեմբերին սահմանված խաղաղության մրցանակը չեղարկելու կամ դրա ձևաչափն ամբողջությամբ փոխելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով երեք բարձրաստիճան ֆուտբոլային պաշտոնյաների, մրցանակի պահպանման նպատակահարմարության հարցն արդեն փոխանցվել է սոցիալական պատասխանատվության հատուկ կոմիտեի քննարկմանը։
Աղբյուրների տվյալներով՝ հայեցակարգի վերանայումը կապված է FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սերտ հարաբերությունների հասցեին աճող քննադատության, ինչպես նաև այն կասկածների հետ, թե ապագայում համաշխարհային առաջնորդներից կամ հասարակական գործիչներից ով կհամաձայնի ընդունել այդ մրցանակը։ Մրցանակի առաջին և առայժմ միակ դափնեկիրը դարձել է հենց Թրամփը. Ինֆանտինոն անձամբ է նրան հանձնել ոսկե գավաթն ու մեդալը 2025 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Վաշինգթոնում կայացած՝ աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ։
«Անցյալ տարվա դեկտեմբերին Վաշինգթոնում կայացած վիճակահանության ժամանակ հանձնված մրցանակը չուներ լեգիտիմություն և որևէ հիմք չուներ FIFA-ի կանոնադրության ու կանոնակարգերի մեջ»,- հայտարարել է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Լիզե Կլավենեսը։ Հոկտեմբերին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (UEFA) նույնպես նամակ է ուղարկել FIFA՝ պահանջելով պարզաբանել Թրամփի հետ Ինֆանտինոյի կապերի բնույթը՝ առանձին հիշատակելով սկանդալային պարգևատրումը։ Ակնկալվում է, որ կոմիտեի առաջարկությունը կներկայացվի դեկտեմբերի կեսերին Կատարում կայանալիք՝ FIFA-ի խորհրդի նիստին. որպես ամբողջական չեղարկման այլընտրանք՝ քննարկվում է մրցանակի ապաքաղաքականացումը և այն բացառապես ֆուտբոլի զարգացման գործում ներդրման համար տրվող մրցանակի վերածելը։