Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Փոխվել է տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը

Փոխվել է տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը
542
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 11:50

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից անցկացվող Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի (այսուհետ՝ Մրցույթ) մասնակիցների առաջադրումը (շրջանակը) որոշվելու է հետևյալ ընթացակարգով.

1. Նախարարությունը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 5-ը հրապարակելու է 2018 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները):
2. Մինչև 2018 թ. դեկտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) են ներկայացնելու մեկից երեք մարզիկի թեկնածություն, որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքում տվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է Հանձնաժողովին:

Վերը նշված կետերում սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմելու են մրցութային անվանացանկը:

Մրցույթի հաղթողները որոշվում են SMS քվեարկության և մրցույթի քվեարկության համար Նախարարության կողմից հավատարմագրված լրատվամիջոցների ու Նախարարությունում գրանցված օլիմպիական մարզաձևերի և ոչ օլիմպիական մարզաձևերից՝ ուշու, սամբո, շախմատ, Հայաստանի Հանրապետության հավաքականների գլխավոր մարզիչների (այսուհետ՝ գլխավոր մարզիչ) քվեարկության արդյունքների համադրմամբ (մրցույթի արդյունքի նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):

Մրցույթի SMS քվեարկության անցկացման նպատակով Նախարարությունը սահմանված կարգով պայմանագիր է կնքում Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպության (կազմակերպությունների) հետ:

Լրատվամիջոցների մասնակցությունը մրցույթի քվեարկությանը ապահովելու նպատակով Նախարարությունը ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին կազմակերպում է լրատվամիջոցների հավատարմագրում: Գլխավոր մարզիչների մասնակցությունը մրցույթի քվեարկությանն ապահովելու նպատակով Նախարարությունը ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին կազմակերպում է նրանց գրանցումը Նախարարությունում (գլխավոր մարզիչների գրանցման և քվեարկությանը մասնակցելու անհնարինության դեպքում՝ նոյեմբեր ամսվա ընթացքում մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից՝ ուշու, սամբո, շախմատ) քվեարկությանն այլ մասնագետի մասնակցության համար միջնորդություն են ներկայացնում նախարարություն, նշելով ներկայացուցիչ-մասնագետի տվյալները՝ անուն-ազգանուն, ֆեդերացիայում զբաղեցրած պաշտոնը):

Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 21-ը (մինչև ժամը 1800-ը), իսկ լրատվամիջոցների և գլխավոր մարզիչների կողմից քվեարկությունն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 1300-ից 1800-ն ընկած ժամանակահատվածում:

Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի հերթական (անհատական) համարի նշումով SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարող է ուղարկվել միայն մեկ SMS հաղորդագրություն: Նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցները և Նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչները մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնում:

Քվեարկությունն ավարտվում է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 1800-ին:

Մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի համաձայն, իսկ Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար լրատվամիջոցների հավատարմագրումը՝ Նախարարությունում լրատվամիջոցների հավատարմագրման կարգի համաձայն: