Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

ՀՖՖ-ն սեմինար-հանդիպում է կազմակերպել Բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ

ՀՖՖ-ն սեմինար-հանդիպում է կազմակերպել Բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ
990
Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 23:15

Դեկտեմբերի 21-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ ֆուտբոլային ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ, որը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

2018թ. դեկտեմբերի 20-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:

2019/2020 թթ. Արտոնագրման մրցաշրջանին մասնակցում են նաև Հայաստանի Առաջնության Առաջին խմբում հանդես եկող «Էրեբունի», «Յունիոր», «Երևան» և «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները:

Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների արտոնագրման հարցերով պատասխանատուներին ներկայացվեցին բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն պահանջների հետ, որոնք նրանք պետք է ներկայացնեն մինչև փետրվար՝ արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի շրջանակներում: Այդ փաթեթի հիման վրա՝ մարտ ամսին Ազգային արտոնագրեր ստանալու դեպքում, ակումբները իրավունք կունենան մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի՝ օգոստոսին մեկնարկող նոր մրցաշրջանին։