Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Շանթ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատար

Շանթ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատար
778
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 17:25

Երևանում ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարի շրջանակներում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Շանթ Սարգսյանը, Դավիթ Շահինյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովիկ Հայրապետյանը և այլոք:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը փոխվել է և այն 6 միավորով գլխավորում է Շանթ Սարգսյանը: Նրան հաջորդող 7 շախմատիստներն ունեն 5,5-ական միավոր: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

Հիշեցնենք՝ Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, 95 շախմատիստներ:

Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստերներ, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա:

Հիշեցնենք նաև, որ Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ: Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն։