Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Վրացագետը՝ Վրաստանում ադրբեջանցիների կողմից հայկական բեռնատարների վրա հարձակման մասին

Վրացագետը՝ Վրաստանում ադրբեջանցիների կողմից հայկական բեռնատարների վրա հարձակման մասին
554
Չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ., 00:00

Հունվարի 25-ին կեսգիշերն անց Մառնեուլում ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռնատար մեքենաների շարասյան վրա և վնասել են բեռներ փոխադրող 30-ից ավելի մեքենա: Սա արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է, առաջին միջադեպը գրանցվել էր հունվարի 10-ին։

168.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն, անդրադառնալով այս միջադեպերին, նախ նկատել է, որ հայկական մամուլում դրանց հետ կապված տեղեկատվությունը որոշ չափով փոխվել է, քանի որ այդ ամենը Մառնեուլում տեղի չի ունեցել, այլ Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում։
«Այդ հատվածը, ճանապարհը Թբիլիսիի մուտքից առաջ է, կարելի է ասել, որ այնտեղ ադրբեջանցիներ չպետք է լինեին, սակայն սա այլ հարց է։ Նկատի ունեմ, որ պետք է ֆիքսենք, թե կոնկրետ որտեղ է միջադեպը տեղի ունեցել։ Պետք է ֆիքսենք, որ այն ամենը, ինչ տարածվեց հայկական մամուլով, ավելի նուրբ է, քան ներկայացվում էր։ Այս միջադեպը բարձրացնում է այն հարցը, որն ակտուալ էր դեռևս պատերազմի ժամանակ, երբ վրացական իշխանությունները հայկական բեռնափոխադրող ընկերություններին առաջարկեցին, որ օգտվեն այլ անցակետից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այսօր դեռևս պարզ չէ, թե ով է մեղավոր, հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքին վնասելու հոդվածով։ Այսինքն՝ սա ազգամիջյանի հետ որևէ կապ չունի»,- նշեց Ջոնի Մելիքյանը։

Նրա կարծիքով՝ Վրաստանի իշխանությունների օգտին է և նրանց շահերից է բխում, որպեսզի օրինապահ մարմինները մաքսիմալ արագ կարողանան այդ գործը հասցնել ավարտին և գտնել մեղավորներին։ Մյուս կողմից էլ՝ հասկանալով, որ դժվար կլինի այս պարագայում, երբ կա միջադեպը, գուցե կսկսվի բանակցություններ, որպեսզի հայկական բեռնափոխադրում իրականացնող ավտաշարասյուները, որոնք մտնում են Վրաստան, ոստիկանության կողմից ստանան աջակցություն, և շարասյան հետ նաև ոստիկական ավտոմեքենաներ լինեն։

«Ըստ իս, սա ավելի անվտանգ կդարձնի այդ մեքենաների տեղաշարժը Վրաստանի տարածքում, մյուս կողմից էլ՝ ցույց կտա, որ Վրաստանի իշխանությունները մտածում են իրենց երկրի կարգավիճակի մասին, որի վերաբերյալ սովորաբար ասում են, թե այն տրանսպորտային ճանապարհ է, որը հյուսիսը միացնում է հարավի հետ և արևելքը՝ արևմուտքի հետ։ Դրանից ելնելով՝ պետք է ասել, որ այս ամենը հեղինակության հարց է, և այդ համատեքստում նրանք շահագրգռված են, որ նման միջադեպեր տեղի չունենան, հետաքրքրված են, որ մաքսիմալ արագ ու անվտանգ ճանապարհ ապահովեն հարևան երկրների համար, որից նրանք ունեն նաև եկամուտ»,- հավելել է Ջոնի Մելիքյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: