Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Հրադադարի համաձայնագրի իրացումը հակամարտության լուծման գործընթացում առաջ շարժվելու հիմք կհանդիսանա»․ Անն Լինդե

«Հրադադարի համաձայնագրի իրացումը հակամարտության լուծման գործընթացում առաջ շարժվելու հիմք կհանդիսանա»․ Անն Լինդե
604
Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 12:50

ՀՀ ԱԳ նախարարի հետ մամուլի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։
«Գնահատում եմ հնարավորությունը, որն ընձեռվեց իմ գործընկերոջ հետ՝ քննարկելու ներկա իրավիճակը և այլ հարցեր։ Տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը գտնվում է մեր քննարկման կենտրոնում։ Աներկբայորեն տարածաշրջանում իրավիճակը փոխվել է նոյեմբերի 10-ի՝ հրադադարի համաձայնագրից հետո։ Ես ողջունում եմ հրադադարը և, առիթից օգտվելով, ուզում եմ արտահայտել իմ խորը ափսոսանքը վիրավորների և զոհերի կապակցությամբ։ Հրադադարի համաձայնագրի իրացումը հակամարտության լուծման գործընթացում առաջ շարժվելու հիմք կհանդիսանա։
Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ողջունում եմ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն ու մեր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ, կայուն լուծում։ Սակայն մի քանի հարցեր դեռևս լուծում չեն ստացել։
Ուզում եմ ընդգծել, որ այս փուլում կարևոր է հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը։
Շեշտադրությունը կլինի ԵԱՀԿ-ի հիմնարար գործի վրա՝ պաշտպանել եվրոպական անվտանգության կարգը և պաշտպանել համապարփակ անվտանգության՝ ԵԱՀԿ-ի եզակի գաղափարը։ Մենք նաև կանանց անվտանգության օրակարգն ենք առաջ քաշում։
Համարում ենք, որ կանանց մասնակցությունն էական է հետպատերազմյան զարգացումներին նպաստելու և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար։
Երկկողմանի մակարդակում մենք կարևորում ենք Շվեդիայի և Հայաստանի հարաբերությունները և սա հստակ ցուցաբերվում է մեր՝ Երևանում դիվանագիտական ներկայությունը բարձրացնելու միջոցով՝ այսինքն ռեզիդենտ դեսպան նշանակելով։
Մենք մտադիր ենք խորացնել մեր երկկողմ համագործակցությունը։ Ես տպավորված եմ Հայաստանում 2018 թվականից սկսած ժողովրդավարական բարեփոխումներով։ Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանք, թե որքան փխրուն կարող է այդօրինակ առաջընթացը լինել։ Ես բոլոր կողմերին կրկնում եմ իմ կոչը՝ խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով ժողովրդավարական գործընթացները և օրենքի գերակայությունն՝ ըստ ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների»,- հայտարարել է Լինդեն։