Բռնցքամարտի Եվրոպայի 2022թ. առաջնությունը կանցկացվի Հայաստանում
![]() 463 Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 19:48 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության կազմակերպման ուղղությամբ կատարած և ընթացիկ աշխատանքները: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ արվում է առավելագույնն առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար. «Եվրոպայի առաջնության կարևորությունը ներկայացնելու կարիք չկա: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովի հետ բանակցությունները տվել են դրական արդյունք, և առաջնության անցկացումը վստահել են մեզ: ՀՀ կառավարությունը հանձն է առել համակողմանի աջակցել: Շուտով կստեղծվի կառավարական հանձնաժողով, որը աճող հաճախականությամբ կանցկացնի նիստեր և կանի ամեն ինչ՝ առաջնությունը պատշաճ կազմակերպելու համար: Համագործակցելու ենք Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: Վստահ եմ, որ ամեն ինչ կարվի բարձր մակարդակով, և Հայաստանն իսկապես մարզական տոն կընդունի: Կանենք առավելագույնը, որպեսզի մասնակից մարզիկ-մարզիչները հետագայում ևս Հայաստան ժամանելու ցանկություն ունենան»: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ մենամարտերին կկարողանա հետևել 6200 հանդիսական: Ակնկալվում է մինչև 45 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի շուրջ 300 բռնցքամարտիկ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Երևանում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք հուլիսին կատարած այցի ժամանակ ներկայացվել են Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ առաջնության անցկացման իրավունքը ստանալու համար մեծ աշխատանք է տարվել, ինչի արդյունքում AIBA-ում 9 քվեարկողից 7-ը ձայնը տվել է մեզ. «Պատասխանատու և լուրջ քայլ ենք կատարել: ԿԳՄՍ նախարարությունը, ՀԱՕԿ-ը, ֆեդերացիան, սպորտի հետ առնչություն ունեցող բոլոր կառույցներն այդ պատասխանատվությունը հավասարաչափ վերցրել են իրենց ուսերին: Այսօր ի դեմս Հովհաննես Բաչկովի՝ ունենք բռնցքամարտի Եվրոպայի գործող չեմպիոն: Լիահույս եմ, որ Երևանում կայանալիք առաջնության ընթացքում և դրանից հետո կունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի չեմպիոններ, և այս մրցաշարը կդառնա նոր սկիզբ Հայաստանում բռնցքամարտի զարգացման համար»: ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ֆեդերացիայի նախագահը խոսել են նաև Հայաստանի բռնցքամարտի հավաքականին սպասվող առաջնությանը լավագույնս նախապատրաստելու կարևորության մասին: «Մենք երկար ենք սպասել Հայաստանում նման մրցաշար անցկացնելու հնարավորությանը: Համոզված եմ՝ բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր երկրում անցկացվող առաջնության ընթացքում հնչի օրհներգը: Բնականաբար, լավագույնս ենք պատրաստվելու առաջնությանը: Բռնցքամարտի հավաքականը համապատասխան ծրագրով առաջ է շարժվում և աշխատում ամենօրյա ռեժիմով»,- ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մրցունակ հավաքական ունենալու գործում կարևորել է նաև երկրպագուների դերը. «Այսօրվանից կոչ եմ անում, որ առաջնության ընթացքում տրիբունաներում ազատ աթոռ չլինի: Մեր աջակցությամբ պետք է նպաստենք հավաքականի հզորացմանը, այդ դեպքում հաղթանակները սպասեցնել չեն տա»: Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է, որ աշխատանքներ են ընթանում Հայաստանում այլ մարզաձևերից ևս բարձրակարգ առաջնություններ անցկացնելու ուղղությամբ. «Ամեն տարի Հայաստանում պետք է կայանա նվազագույնը երկու խոշոր առաջնություն: 2022 թվականի առաջնությունների անցկացման նպատակով հայտեր ներկայացնելու համար մի փոքր ուշ է, իսկ 2023 թվականի համար արդեն իսկ ծրագրել ենք երկու շատ լուրջ մրցում: Ընթանում են բանակցություններ, ճանապարհի մեծ մասն անցել ենք, առավել մանրամասն կհայտարարենք վերջնական պայմանավորվածություններից հետո»: |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
49123.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
88323.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
54623.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
61521.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
77118.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
93817.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
89916.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
109716.02.2026, 15:30
