Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Խայտառակ պարտությունից հետո կանանց ֆուտբոլային ակումբը սկանդալային հայտարարություն է տարածել

Խայտառակ պարտությունից հետո կանանց ֆուտբոլային ակումբը սկանդալային հայտարարություն է տարածել
394
Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 01:00

Ֆուտբոլի Հայաստանի կանանց չեմպիոն, ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Հայասա» ֆուտբոլային ակումբը լքում է առաջնությունը։ Ինչպես «Սևանը», այնպես էլ «Հայասա»-ն, չեն ցանկանում մասնակցել ՀՖՖ-ի հովանու նորքո անցկացվող մրցաշարին։

«Հայասա»-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ «Հայասա»-ի սիրելի երկրպագուներ, հարգելի ֆուտբոլասերներ

Օրեր առաջ կանանց Հայաստանի ազգային հավաքականը եւս մեկ պարտություն կրեց՝ այս անգամ բաց թողնելով 19 գոլ: Վստահ ենք՝ շատերդ մեծ ցավ ապրեցիք այդ դաժան տեսարանից: Պատկերացրեք թե ինչ ապրումներ են ունենում նրանք, որոնք գործունեություն են ծավալում կանանց ֆուտբոլում եւ ամեն ինչ անում են նման իրավիճակում չհայտնվելու համար: Պատկերացրեք ամեն նման պարտությունից հետո ինչ հիասթափություն են ապրում նրանք, որոնք անշահախնդիր կանգնած են կանանց ֆուտբոլի կողքին՝ պատրաստ ամեն ինչով նեցուկ լինել ֆեդերացիային ու կանանց ֆուտբոլի ազգային ընտրանուն, բայց նրանց բոլոր փորձերը բախվում են անհասկանալի արգելքների՝ դրված այն անձանց կողմից, որոնք կոչված են մտածել կանանց ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի մասին՝ սկսած ֆեդերացիայի նախագահից մինչեւ կանանց ֆուտբոլի բաժնի պետ:
Դեռ անցած գարնանն արձանագրել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առհասարակ, կանանց ֆուտբոլի բաժինն էլ մասնավորապես ակումբների համար չեն ապահովում հավասար պայմաններ, ցուցաբերում են խտրական վերաբերմունք: Վերահաստատելով վերոգրյալը՝ արձանագրենք, որ ամիսներ անց իրավիճակը ոչ միայն չի փոխվել դեպի լավը, այլ՝ հակառակը: Ամենացավալին այն է, որ չկա մեկը ֆեդերացիայում, որը կփորձի կանխել խայտառակությունների ու ոչ պրոֆեսիոնալիզմի այս անվերջ շարանը: Տպավորություն է կարծես կոչված են միայն խանգարելու ու տապալելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են սայլը տեղից շարժելու:
Ելնելով ստեղծված իրավիճակից պաշտոնապես հայտարարում ենք, որ կանանց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն, ընթացիկ առաջնության առաջատար «Հայասան» դադարեցնում է մրցելույթներն ու դուրս գալիս առաջնությունից: Ի սկզբանե մեր նպատակն է եղել մեր լուման ունենալ Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի գործում: Չունենալով որեւէ ակնկալիք՝ շարժվել ենք մեր ընտրած բարդ ու անհարթ ճանապարհով՝ կարճ ժամանակում դառնալով առաջինը մեր գործում: Կայացրել ենք նման ծանր որոշում, որովհետեւ այլեւս անիմաստ ենք համարում գործունեություն ծավալել մի միջավայրում, որտեղ քո առջեւ միայն դռներ են փակում:

Կանանց ֆուտբոլը՝ Հայաստանում
• Կա մի երկիր, որտեղ առաջնության խաղը սպասարկող մրցավարներից մեկը գործող ֆուտբոլիստ է ու ներկայացնում է մեկ այլ թիմ, որը մրցաշարում քո մրցակիցն է: Հայաստանում դա ոչ միայն հնարավոր է, այլ նաեւ բազմիցս արձանագրված փաստ է:
• Կա մի երկիր, որտեղ գործող չեմպիոնի ու առաջատարի դարպասապահը, որն ի դեպ առաջնությունում ոչ մի գոլ բաց չի թողել, չի հրավիրվում հավաքական: Փոխարենը հրավիրվում են երեք դարպասապահ մեկ այլ թիմից: Հայաստանում դա հնարավոր է, իսկ արդյունքը՝ խայտառակ պարտություններն են:
• Կա մի երկիր, որտեղ գործող չեմպիոնի ու առաջատարի պաշտպանական հիմնական զույգի փոխարեն, որոնց թիմն առաջնությունում ոչ մի գոլ բաց չի թողել ու որոնք ընդամենը ամիսներ առաջ կարողացել են արժանի դիմադրություն ցույց տալ քո ապագա մրցակցի հարձակվողներին, հավաքական է հրավիրվում միայն մեկը, իսկ մյուսի փոխարեն մեկ այլ ֆուտբոլիստ, որը նույնիսկ քո հետ խաղերում խաղադաշտ դուրս չի գալիս: Հայաստանում դա հնարավոր է, արդյունքը՝ 19:0:
• Կա մի երկիր, որտեղ գործող չեմպիոնի ու առաջատարի խաղացողներից երկուսի փոխարեն հավաքական են հրավիրվում խաղացողներ, որոնք մինչ այդ տեղ չեն ունեցել չեմպիոնի ու առաջատարի կազմում ու հրավիրվելուց հետո էլ խաղաժամանակ չեն ստանում: Ավելին, վերջիններս չէին հրավիրվում այն ժամանակ, երբ դեռեւս համարվում էին առաջատարի խաղացողներ: Հայաստանում դա հնարավոր է, արդյունքը՝ 19:0:
• Կա մի երկիր, որտեղ գործող չեմպիոնի ու առաջատարի կազմից ազգային հավաքական են հրավիրվում 3, իսկ մեկ այլ թիմից 15 ֆուտբոլիստ: Սա այն դեպքում, երբ ընթացիկ առաջնությունում առաջատարը հաղթել է այդ թիմին երկու անգամ ու չոր հաշիվներով: Հայաստանում դա հնարավոր է, իսկ արդյունքը՝ 19:0…
Շարքը դեռ երկար կարելի է շարունակել: Վստահ ենք՝ այսքանն էլ բավական է պատկերացում կազմելու համար, թե զարգացման, ավելի ճիշտ հետընթացի ինչ ուղղություն է վերցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մնում է հասկանալ, թե որքան հեռու են պատրաստ գնալ՝ վերջնականապես ֆուտբոլը տապալելու համար: Հուսով ենք՝ հակաֆուտբոլային բոլոր չինովնիկները մոտ ապագայում կհայտնվեն հայկական ֆուտբոլի տարեգրության անտեսանելի անկյունում»: