«Ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից». վարչապետ
![]() 843 Շաբաթ, 28 հունվարի, 2023 թ., 10:12 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով Սիրելի ժողովուրդ, Այսօր մենք նշում ենք մեր բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը և առաջին հերթին ոգեկոչում ենք մեր այն նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի: Բոլոր դժվարություններին հանդիման, հենց նրանք են մեզ ոգեշնչում և լիցքավորում գիտակցությամբ, որ հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ: Այսօր հազարավոր նվիրյալներ ծառայելով հայկական բանակում՝ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանց ծառայության որակը փոխվի: Փոխվի նրանց մատուցած ծառայության որակը, փոխվի նրանց մատուցվող ծառայության որակը: Սա է պատճառը, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, որոնց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, ավելի բարեկեցիկ դարձնելն է: Այդ բարեփոխումների հիմքում զինվորական կրթության բարեփոխումներն են, որոնք նույնպես գտնվում են իրագործման փուլում: Ներկայումս ձեռնարկում ենք նաև սպայական ավագ դպրոցի հիմնումը, որը մեր պատկերացմամբ պիտի լինի ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխանող կրթօջախ և սպայական նոր դասի ձևավորման դարբնոց պիտի դառնա: Առաջիկայում պլանավորում ենք բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել Հայաստանի Հանրապետությունում, և այսօր գնահատանքի հատուկ խոսքեր պիտի ասեմ մեր այն քույրերի հասցեին, ովքեր պայմանագրային ծառայություն են իրականացնում մեր բանակում, այդ թվում՝ մարտական ծառայություն: Ընթացքի մեջ է եռամսյա վարժական հավաքները մեկամսյա կամ 25-օրյա վարժական հավաքներով փոխարինելու գործընթացը, որովհետև պահեստազորի մարտունակությունը կարևոր է նույնքան, որքան կանոնավոր զինծառայության մեջ գտնվողներինը: Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին: 2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, և նաև այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բոլոր հարկ վճարողներին, ովքեր իրենց աշխատանքով և օրինապահ պահվածքով հնարավոր են դարձնում բարեփոխումների իրականացումն անվտանգության և այլ ոլորտներում: Բայց բարեփոխումների գործընթացն անցնցում չի ընթանում նաև բանակում, որովհետև անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ: Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից: Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների: Միևնույն ժամանակ, ծնկի եմ գալիս մեր այն զինվորների, սպաների, կամավորների ծնողների ու հարազատների առաջ, ովքեր Հայրենիքը պաշտպանելիս ընկել են մարտում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ: Այս ընկալման ու գիտակցության վրա են կառուցվում պետությունները: Եվ ի վերջո, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն զինծառայողներին, շարքայիններից մինչև սպա և գեներալ, ովքեր անձնվիրաբար ծառայություն են մատուցում Հայկական բանակին, Հայոց պետականությանը: Եղբայրական ողջույններ եմ հղում Բանակի օրը երբեմն ձյան մի քանի մետրանոց շերտով շրջապատված մարտական դիրքերում անցկացնող մեր եղբայրներին և քույրերին: Արևը ծագելու է, գարունը գալու է: Շնորհավոր Հայկական բանակի օրը: Եվ ուրեմն՝ Կեցցե՛ Ազատությունը, |

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար
8009:42
Հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմում է նաև Արարատ Միրզոյանի կինը
334Երեկ, 19:54
ՄՍԾ պաշտոնատար անձը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
41329.10.2025, 14:54
«ՀԷՑ-ի առաջարկը նպատակ չի ունեցել նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները». ՀԾԿՀ
36929.10.2025, 14:48
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ֆրանսիա
42929.10.2025, 11:48
«Դիմումը գտնվում է քննարկման փուլում». Լուսինե Մարտիրոսյան
41628.10.2025, 14:30
ՆԳՆ-ն՝ 3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքների մասին
36928.10.2025, 13:00
ՊՆ ՌՈ պաշտոնատար անձը մեղադրվում է 7500 դոլար կաշառք ստանալու մեջ
35127.10.2025, 15:36
