Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մանկական տրավմատիզմի 6 ամենահաճախակի պատճառները». Արմեն Մուրադյան

«Մանկական տրավմատիզմի 6 ամենահաճախակի պատճառները». Արմեն Մուրադյան
9026
Երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2023 թ., 02:18

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մանկական տրավմատիզմի 6 ամենահաճախակի պատճառները
Ամանորի նախօրեին, երբ մեծահասակները հիմնականում զբաված են լինում տոնական նախապատրաստություններով, պակասում է ուշադրությունը և զգոնությունը երեխաների անվտանգության հանդեպ, ինչի հետևանքով, ցավոք, շատ դեպքերում գրացվում են տարբեր բնույթի մանկական վնասվածքների դեպքեր՝ կենցաղային, դպրոցական, սպորտային, փողոցային (տրանսպորտային և ոչ տրանսպորտային) և այլն:
«Հերացի» վերլուծականը որոշել է անդրադառնալ մանկական վնասվածքներին և մեկ անգամ ևս հիշեցնել, որ անհրաժեշտ է մշտապես զգոն լինել և հատուկ ուշադրություն դարձնել երեխաներին հատկապես տոնական օրերին:
Ըստ ԱՀԿ տվյալների մանկական վնասվածքների 95%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, սակայն մեծ խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ կազմելով երեխաների մահվան բոլոր դեպքերի ավելի քան 40%-ը:
Ներկայում վնասվածքներից և դժբախտ պատահարներից ավելի մեծ թվով երեխաներ են մահանում, քան մանկական վարակիչ հիվանդություններից:
Ամեն տարի ամբողջ աշխարհում մինչև 18 տարեկանների խմբում ավելի քան 830000 երեխա և դեռահաս մահանում է ոչ կանխամտածված վնասվածքների արդյունքում:
Մանկական վնասվածքների հիմնական պատճառ են համարվում ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնք հաճախ կապված են լինում մեքենաներում ամրագոտիներ չամրացնելու և երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղերի (քարսիթ) բացակայության հետ, իսկ վրաերթերի մեծ մասը անթույլատրելի հատվածով փողոցն անցնելու հետևանք են:
Հատկանշական է, որ ՃՏՊ-ների հետևանքով առաջացած վնասվածքներն ու ջրահեղձությունը, միասին վերցրած, կազմում են մանկական վնասվածքների բոլոր դեպքերի մոտավորապես կեսը:
Փողոցային մանկական վնասվածքները ներառում են այն վնասվածքները, որոնք երեխաները ստանում են փողոցում, բաց հասարակական վայրերում, դաշտում, անտառում և այլուր կամ տրանսպորտի հետևանքով: Դրանք կազմում են երեխաների վնասվածքների դեպքերի 1/3-ը:
Մանկական կենցաղային վնասվածքներից են նաև տնային պայմաններում, բակում, նախադպրոցական հաստատություններում առաջացած վնասվածքները: Դրանցից առավել ծանր են համարվում այրվածքները: Երեխաների մահացության ավելի քան 95%-ի պատճառ են հանդիսանում կրակից այրվածքները: Տաք հեղուկներից կամ այլ պատճառներից առաջացած տեղային այրվածքները ևս համարվում են ոչ մահացու վնասվածքների և հաշմանդամության առաջացման տարածված պատճառ:
Կենցաղային վնասվածքներից են նաև թունավորումները, որոնք հիմնականում բացատրվում են երեխայի նկատմամբ հսկման և ուշադրության անբավարարությամբ: Թունավորումների համար կարող են հիմք հանդիսանալ ինչպես սնունդը, այնպես էլ դեղամիջոցները, դեղորայքը և կենսաբանական նյութերը:
Կենցաղային վնասվածքների թվում է նաև էլեկտրական հոսանքից ստացված վնասվածքը, որը շատ է հանդիպում հատկապես 1-4 տարեկան երեխաների խմբում: Այս տարիքային խումբը նաև ռիսկային է համարվում վայր ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքների առումով:
Ի դեպ, ՃՏՊ-ների և բարձրությունից ընկնելու հետ կապված վնասվածքները համարվում են մանկական հաշմանդամության հիմնական պատճառը: Չնայած, որ ընկնելու մեծ մասը առաջացնում են ընդամենը քերծվածքներ և կապտուկներ, սակայն ամեն օր 130 երեխա մահանում է ընկնելու պատճառով:
Սիրելի՛ հայրենակիցներ, եղե՛ք տեղեկացված, զգոն և կրկնակի ուշադիր ձեր երեխաների հանդեպ՝ ապահովելով նրանց անվտանգ մանկությունը»։

Աղբյուրը`   Արմեն Մուրադյան