Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Եթե Մելիքբեկյանն իսկապես մտահոգված է հայկական ֆուտբոլով, պետք է հրաժարական տա»․ Արաս Օզբիլիս

«Եթե Մելիքբեկյանն իսկապես մտահոգված է հայկական ֆուտբոլով, պետք է հրաժարական տա»․ Արաս Օզբիլիս
409
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 15:24

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2023-ին ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած Արաս Օզբիլիսը գրում է․ «Հարգելի՛ հայ ֆուտբոլասերներ, խաղացողներ և բոլոր նրանք, ովքեր մտահոգված են մեր ֆուտբոլի ապագայով:
Վերջին իրադարձությունները կրկին անգամ ցույց տվեցին, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է հայկական ֆուտբոլը։ Վրաստանի հավաքականից կրած ծանրագույն պարտությունից հետո, հարկավոր էր ստանձնել պատասխանատվություն և առաջարկել իրական լուծումներ, սակայն ՀՖՖ ղեկավարությունը շարունակում է խուսափել քննադատությունից և շեղել հանրության ուշադրությունը, ինչպես դա արել է տարիներ շարունակ։
Արդեն տևական ժամանակ է, ինչ ֆուտբոլային հանրությունը՝ երկրպագուները և ոլորտի մասնագետները, պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Պատճառները պարզ են՝ հայկական ֆուտբոլն աննախադեպ անկում է ապրել, եւ շարունակում է սրընթաց վայրէջքը դեպի վերջնական հուսահատության եւ վստահության կորստի։
Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն անբավարար ուշադրություն է դարձվում: Ազգային հավաքականը՝ որի խաղը տարիներ շարունակ ոգեշնչել է մեզ, այժմ գտնվում է անհույս վիճակում։
Սակայն այս հիմնախնդիրները լուծելու փոխարեն, ՀՖՖ նախագահը կենտրոնացած է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում տեղ զբաղեցնելու վրա՝ մի պաշտոն, որը այս պահի դրությամբ միայն նեղ անձնական խնդիր է լուծում՝ ի ցույց դնելով Արմենի՝ իրավիճակին չտիրապետելու եւ խորապես թքած ունենալու բոլորիս երազանքների ու մտահոգութրունների վրա։ Խորապես մտահոգիչ է, որ մարդը, ով տարիների ընթացքում չի կարողացել առաջընթաց ապահովել հայկական ֆուտբոլում, այժմ ցանկանում է ներկայացնել Հայաստանը եվրոպական ֆուտբոլում։ Իրական առաջնորդությունը որոշվում է արդյունքներով, իսկ երբ դրանք բացակայում են, հրաժարականը միակ արժանապատիվ որոշումն է։
Ի պատասխան երկրպագուների պահանջներին՝ Արմեն Մելիքբեկյանի արձագանքը ոչ միայն անսպասելի էր, այլև ֆուտբոլային և մարդկային բանականությունից հեռու։
Իր ձախողումները ընդունելու և ելքեր առաջարկելու փոխարեն, նա որոշեց խնդիրը քաղաքականացնել, հայտարարելով, թե իր հրաժարականի պահանջը վնասում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Սա ոչ միայն մոլորեցնող է, այլև անհարգալից վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայկական ֆուտբոլին։
Եկեք հստակեցնենք ավելի մանրամասն․
1. Այս պահանջը քաղաքականության հետ կապ չունի, այլ ուղղակիորեն վերաբերում է ֆուտբոլին։
2. Նրա անհաջողությունը իր նկատմամբ անձնավորված վիրավորանք չէ, այլ փաստ է, որը հաստատվում է արդյունքներով։
3. Տանը ձախողվելով՝ ՈՒԵՖԱ-ում պաշտոն ստանալու ձգտումը առաջընթաց չէ, այլ կեղծավորություն։
Եթե Մելիքբեկյանը իսկապես մտահոգված է հայկական ֆուտբոլով, ապա նա պետք է ընդունի իր անհաջողությունները, հրաժարական տա և թույլ տա նոր ղեկավարությանը պատասխանատվություն ստանձնել։ Ֆուտբոլը քաղաքական դիրքորոշում ՉԷ, այլ արդյունքներ, զարգացում և հնարավորությունների ընձեռում մեր երիտասարդ խաղացողներին։
Միակ հարցն այս է․ արդյո՞ք նա ունի բավարար արժանապատվություն՝ ընդունելու այս իրականությունը։
Փոփոխություններն անխուսափելի են։ Հայկական ֆուտբոլը և մեր երկրպագուները արժանի են լավագույնին։
Ի վերջո պետք չէ խաղալ երկրի հեղինակության հետ։ Ձեր իսկ գործողություններն են վնասում ֆուտբոլին և երկրին»։

Աղբյուրը`   Արաս Օզբիլիս