Ուրբաթ, 12 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մանկասպաններն ազատ են, իսկ ինքնապաշտպանվածը՝ կալանքի տակ». Մարի Ռուբենյան

«Մանկասպաններն ազատ են, իսկ ինքնապաշտպանվածը՝ կալանքի տակ». Մարի Ռուբենյան
128
Երեկ, 23:30

Նկարչուհի Մարի Ռուբենյանն, ում 15-ամյա եղբորորդին սպանվել է 2024-ի նոյեմբերի զինված հարձակման ժամանակ, իսկ մեղավորները մինչ օրս ոչ միայն անպատիժ են, այլև, ըստ Ռուբենյանի, սպառնում են զոհի ընտանիքին, գրել է. «Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում մենք բախվում ենք նույն խնդրին․ հանցագործները մնում են ազատության մեջ և շարունակում սպառնալ հասարակությանը։
ԱՄՆ-ում 23-ամյա Իրինա Զառուցկային դանակահարեցին ավտոբուսում՝ առանց որևէ պատճառի։ Նա մահացավ մարդկանց աչքի առաջ։ Ուղևորները պարզապես նստած լուռ նայում էին։ Հանցագործը բազմիցս դատապարտված է եղել, բայց կրկին ազատ էր արձակվել։

Նույնը կատարվում է նաև այստեղ՝ Հայաստանում։ Մեր ընտանիքը դարձավ թիրախ:

Մեր տունը հարձակման ենթարկվեց 40–50 զինված անձանց կողմից:
Նրանք սպանեցին իմ 15-ամյա եղբորորդուն:

Եվ այսօր այդ նույն հանցագործները դեռ ազատության մեջ են։

Նրանց փաստաբանները պնդում են, իսկ դատավորը հավատում է, թե իբր «նրանք լավ վարք են դրսևորել» և չեն վտանգի հասարակությանը։
Բայց խոսքը գնում է մանկասպանների մասին, որոնց ազգականները նույնպես դատապարտվել են դանակահարությունների և անգամ վիզ կտրելու դեպքերի համար, հետո ձևացրել հոգեկան խանգարում՝ խուսափելու պատժից։

Միևնույն ժամանակ իմ եղբայրը շարունակում է մնալ կալանքի տակ, թեև նա միայն իրականացրել է ինքնապաշտպանություն և ամեն ինչ արել է օրենքի սահմաններում։ Նրան պահում են՝ իբր «վենդետտա չլինի», իբր նա հոգեպես դեռ պատրաստ չէ դուրս գալու։

Փոխարենը այսօր Արտաշատում ազատ շրջում են հենց այն նույն 40–50 հանցագործները, որոնք զինված հարձակում էին գործել մեր տան վրա։

Այս իրավիճակը վտանգ է ոչ միայն մեր ընտանիքի, այլև ամբողջ քաղաքի համար։
Ինչո՞վ է վստահ դատավորը և նրանց պաշտպանող փաստաբանները, որ այդ նույն մանկասպանները վաղը չեն մորթի մեկ այլ երեխայի։
Սա ողջ քաղաքի անվտանգության հարցն է։

Մանկասպանները պետք է ձերբակալվեն և կրեն պատիժ։

Եթե նրանք իսկապես հոգեպես անհավասարակշիռ են, ապա պարտադիր պետք է մեկուսացվեն հոգեբուժարանում։

Իմ եղբայրը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ նրա գործողությունները եղել են բացառապես ինքնապաշտպանական և օրենքի սահմաններում։

Հասարակությունը չի կարող լուռ մնալ, երբ մանկասպաններն ազատ են, իսկ ինքնապաշտպանվածը՝ կալանքի տակ»։

Աղբյուրը`   Մարի Ռուբենյան