Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Հարձակվողները դատավորին վարձատրել են, մեզ սպառնում են». սպանված երեխայի հարազատ

«Հարձակվողները դատավորին վարձատրել են, մեզ սպառնում են». սպանված երեխայի հարազատ
190
Այսօր, 00:18

Նկարչուհի Մարի Ռուբենյանն, ում 15-ամյա եղբորորդին սպանվել է 2024-ի նոյեմբերի զինված հարձակման ժամանակ, ահազանգում է. «Երեկ կրկին հրավիրվել էի Քննչական կոմիտե, այս անգամ արդեն՝ շատ ավելի կոնկրետ հարցաքննության՝ կապված մեր տան վրա զինված ավազակային հարձակման և իմ անչափահաս եղբորորդու՝ Ռոբ Ռուբենյանի մահվան հետ։
Կարծել էի, որ մեր տանը տեղադրված լսողական սարքերից արդեն պարզ էր,որ ո՛չ ես, ո՛չ էլ հայրս դեպքի պահին այդ տանը չենք եղել։ Մենք գտնվել ենք 50 մետր հեռավորության վրա գտնվող մեր ամառային տան տարածքում, որտեղ էլ իմ արվեստանոցն է։ Բայց պարզվում է՝ նույնիսկ այդ հստակ փաստը որևէ կերպ չի նպաստել արդար ընթացքին։
Հակառակ կողմի պնդմամբ շարունակում են կանչել ինձ կրկին հարցաքննման։
Ի դեպ, նշեմ մի խոսուն ու խորապես անարդար իրողություն։ Այդ սարսափելի հարձակմանը մասնակցած 40-50 հանցագործներից ոչ մեկի տանը կամ մեքենայում որևէ լսողական սարք չի տեղադրվել։ Այդ հատուկ միջոցներն կիրառվել են բացառապես մեր տան նկատմամբ՝ այն ընտանիքի, որի վրա հենց հարձակումն իրականացվել էր։
Ավելին,դեռ դատը չսկսված,մեր տան ձայնագրությունների վերծանությունները հասանելի է դարձել հանցագործներին։
Քննչական գործողությունների արդյունքում արդեն իսկ հաստատվել է, որ հարձակում իրականացրածներից մեկը մահացել է ոչ թե իմ եղբոր՝ Գրիգոր Ռուբենյանի ինքնապաշտպանական կրակոցից, այլ հենց իրենց իսկ անկանոն կրակոցներից՝ շատ մոտ տարածությունից արձակված որսորդական զենքից։ Այս փաստը հիմա արդեն անհերքելի է։
Բայց քանի որ հանցագործ կողմը չի ցանկանում ընդունել, որ իրենց հանցակիցը սպանվել է իրենց իսկ կրակոցից, այժմ փորձում են պարտադրաբար մեղադրանք ներկայացնել մեր ընտանիքից որևէ մեկի նկատմամբ։ Ըստ իրենց «տրամաբանության»՝ ամենահարմար մեղադրյալը կա՛մ ես եմ, կա՛մ իմ 12-ամյա եղբորորդին՝ Առնակը։ Մի փուլում նույնիսկ փորձել էին դա բարդել նաև հորս վրա՝ մի մարդու, ով արդեն երկու անգամ միկրոինֆարկտ է տարել թոռան կորստի ցավից։
Այժմ առավելապես կենտրոնացել են ինձ վրա՝ շատ լավ գիտակցելով, որ եթե գործը երբևէ հասնի դատարան և ճշմարտությունը բացահայտվի, իրենց իսկ կրակոցներով սպանված հանցակցի պատմությունը կարող է ցնցել ողջ հանրությանը։ Այդ դեպքում իրենք մեզ թողած՝ միմյանց կսկսեն հոշոտել։ Եվ հենց դրա համար էլ, իրենց փաստաբանների օգնությամբ, անում են ամեն ինչ, որ գործը դատարան չհասնի կամ գոնե հնարավորինս հետաձգվի։
Նույնիսկ հանրային եթերներից մեզ բացահայտ սպառնում են՝ հայտարարելով, որ եթե իրենց եղբորը «սպանածը» չպատժվի, իրենք վրեժ կլուծեն։ Խոսում են վենդետտայի լեզվով։
Սա կարող էր թվալ դատարկ սպառնալիք, եթե հաշվի չառնենք, որ հարձակման մասնակցած 40-50 հանցագործներից միայն մեկն է գտնվում կալանքի տակ։ Մնացածն ազատ շրջում են մեր քաղաքում։ Նրանցից մեկը, մեր տան լսողական սարքերի շնորհիվ բացահայտված լինելով, անգամ հասցրել է փախչել երկրից՝ ոստիկանների օգնությամբ։
Քննությունն ավարտելուց հետո քննիչին ասացի մի բան, որը ասում եմ դեռ առաջին օրվանից և հիմա կրկնում եմ բոլորին․
եթե ես լինեի դեպքի վայրում, եղբորս նման բարեգութ չէի գտնվի։
Նա մինչև վերջին պահը մեկ բան է կրկնել մտքում՝
«Էրեխեքիս փրկեմ… ու մարդ չսպանեմ, հանկարծ»։
Ու հիմա հենց նրան են փորձում դեմոնիզացնել ամբողջ քաղաքով մեկ։
Նշեմ, որ եղբայրս հասցրել է տանից վերցնել հորս օրինական որսորդական հրացաններից միայն մեկը, և կրակել է միայն մեկ զենքից, ինչը նույնպես արդեն հաստատված է նաև տեսաձայնագրությունների շնորհիվ։
Զավեշտն այն է, որ անարդարությունից առաջինը բղավում են հենց նրանք՝ կազմակերպված խմբով, ոստիկանական համակարգի մի մասի աջակցությամբ, դատավորին վարձատրելով։ Տասնյակներով համախմբված՝ ճնշում են, սպառնում, բղավում՝ միաժամանակ ներկայանալով «տուժած»։
Հիշեցնեմ՝ 9 ամիս առաջ, երբ 15-ամյա եղբորորդիս վիճեց 21-ամյա բանակում չծառայած մի անձի հետ, վերջինս՝ «նվաստացած» զգալով, հավաքեց ողջ գերդաստանը՝ հարազատներով ու թաղային բանդաներով («Նորզլու», «Բանգլադեշ»), և զինված հարձակվեց մեր տան վրա։ Տանը այդ պահին եղբայրս էր՝ իր կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ(15,13,12 և 2 տարեկան), ինչպես նաև մայրս։
Ես ու հայրս պետք է միանայինք նրանց քիչ ուշ։
Եթե կարծում եք, որ նրանց խոստացած «վենդետտան» դատարկ սպառնալիք է, ապա հիշեցնեմ՝ խոսքն այն խմբի մասին է, որը համարձակվել է զինված հարձակվել ընտանիքի վրա՝ սպանելով 15-ամյա երեխայի հենց տանը։
Եվ ոչ միայն ներողություն չեն խնդրել անգամ, այլ շարունակել են սպառնալ մորս և հարսիս՝ ստիպելով հետ վերցնել իրենց ցուցմունքները։ Այս պահին պարզվում է, որ սպառնում են նաև ինձ՝ որպես իրենց կողմից հորինված «մարդասպանի»։
Ավելին, մի քանի տարի առաջ նրանց մահացած հանցակիցներից մեկի որդին պարզապես մորթել է իր հոր սիրուհուն՝ հենց ընտանիքի աչքի առաջ։ Սա այն ընտանիքն է, որին այսօր փորձում են ներկայացնել՝ որպես «դժբախտ զոհ»։ Այնինչ քաղաքում հայտնի են՝ որպես «մորթողների ընտանիք»։
Ահա այսպիսի «ապահով ու արդար» երկրում ենք ապրում, ամբողջությամբ «պաշտպանված»։
Ես չեմ լռելու։
Ես բարձրաձայնելու եմ իմ ընտանիքի, եղբորս ու եղբորորդուս անունից։
Ոչ մի սպառնալիք չի ստիպի ինձ լռել այն մասին, ինչ տեղի է ունեցել։
Իսկ արդարությունը, եթե չգա ներսից՝ մենք ստիպված ենք լինելու այն բերել դրսից։
Այո, մենք մենակ ենք։
Բայց մեզ հետ է Աստված»։

Աղբյուրը`   Մարի Ռուբենյան