«Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»․ Արա Զոհրաբյան
83
Երեկ, 23:30
Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ԱՆԱՐԴԱՐԻՆ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ. ԴԱՏԱՎՈՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ Փաստաբան Արամ Վարդևանյանը հրապարակավ հարցեր է բարձրաձայնել, նշելով՝ «Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության 1) դրսևորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թե՞ ոչ, 2) բա՞րձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե՞ ոչ: Եթե այս հարցերի պատասխանները բացասական են, իսկ կարծում եմ՝ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով» (մեջբերման ավարտ): Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ Փաստաբանական ակադեմիայի ունկնդրի հեռացման հարցը կարող է ներկայացվել խորհրդին միայն ռեկտորի կողմից: Արամ Վարդևանյանի առաջարկը երկու հարց է առաջացնում՝ 1. Որպես դատավոր դատավճիռ կայացնելիս, որքան էլ որ անարդար լինի դատավճիռը, արդյոք Արմինե Մելիքսեթյանը կարող էր թույլ տալ ՀՀ փաստաբանական ակադեմիայի իրավական ակտերի խախտում, թե՝ ոչ. 2. Արդյոք հնարավոր է կամայականորեն հեռացնել ունկնդիր Արմինե Մելիքսեթյանին ՀՀ փաստաբանական ակադեմիայից, թե՝ ոչ: 1․ Առաջին հարցի առնչությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ միայն կոպիտ խախտում թույլ տալու դեպքում կարելի է ունկնդրին հեռացնել ակադեմիայից: Ընդ որում, կոպիտ խախտումները թվարկված են կանոնադրության (ունկնդիրների վարքագծի կանոնների հավելվածում) մեջ և Արամ Վարդևանյանի ներկայացրած դրսևորումներն այդ շարքում չեն: Ինձ համար պարզ չէ, թե ինչ է նշանակում «չի դրսևորել բարեկիրթ վերաբերմունք»: Եթե բարեկիրթ վերաբերմունք է դրսևորել, բայց ամենաանարդար դատական ակտն է կայացրել: Սա ինչ ենք համարում: Հետևաբար, դատավորի մասնագիտական գործունեության դրսևորումները չեն կարող ՀՀ փաստաբանական ակադեմիայի ներսում ազդել նրա՝ որպես ունկնդիր, սովորելու իրավունքի վրա: 2․ Երկրորդ հարցի առնչությամբ առ այն, թե արդյոք հնարավոր է կամայականորեն հեռացնել ունկնդիր Արմինե Մելիքսեթյանին, պատասխանում եմ՝ ՈՉ: Հնարավոր չէ: ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընթացակարգերը, այդ թվում՝ քննությունների ծածկագրման ռեժիմը, տարբեր դասախոսների, բողոքարկման հանձնաժողովի, վերահանձնման հանձնաժողովի հարաբերությունները կարգավորող ակտերը և մեխանիզմները պաշտպանում են ունկնդրին ՀՀ փաստաբանական ակադեմիայի որևէ պաշտոնատար անձի, այդ թվում՝ ռեկտորի կամայականությունից: Արմինե Մելիքսեթյանը որքան էլ անցանկալի անձ լինի ինձ համար, դա ոչ մի կերպ չի կարող ազդել նրա սովորելու իրավունքի վրա: ՀՀ փաստաբանական ակադեմիան չի կարող անարդարությամբ պատասխանել անարդար դատավորին կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող ունկնդրին: Եթե պետք է անարդարությամբ պատասխանենք անարդարին, ապա նշանակում է դեպի լավը ոչինչ չի կարող փոխվել: Հ.Գ. Վերջաբանի փոխարեն, արդեն որպես Միքայել Սրբազանի պաշտպան, պետք է նշեմ, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական թիմը համապատասխան հաղորդում կներկայացնի»: