Շաբաթ, 27 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Իրանի պատմական երազանքը, որը դաժանորեն փլուզվեց»․ Սուրեն Սուրենյանց

«Իրանի պատմական երազանքը, որը դաժանորեն փլուզվեց»․ Սուրեն Սուրենյանց
66
Այսօր, 10:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի հավաքականը Եգիպտոսի դեմ խաղում ցուցաբերեց այնպիսի աննկուն պայքար և անկոտրում կամք, որ լիովին արժանի էր ոչ միայն հաղթանակին, այլև պատմական փլեյ-օֆֆի ուղեգրին։ Երբեմն ֆուտբոլը գնահատվում է ոչ միայն վերջնական հաշվով, այլև այն բնավորությամբ, պայքարով և հույզերով, որոնք թիմը փոխանցում է խաղադաշտում։
Իրանի հավաքականը հենց այդպիսին էր։
Սա աշխարհի ընթացիկ առաջնության այն հանդիպումն էր, որն ինձ մոտ առաջին անգամ իսկապես ուժեղ հույզեր առաջացրեց։ Իրանցի ֆուտբոլիստները մինչև վերջին վայրկյանը պայքարեցին պատմություն կերտելու համար՝ շատ մոտ լինելով աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու իրենց առաջին պատմական նվաճմանը։
Խաղի ամենադրամատիկ դրվագը դարձավ վերջին րոպեներին խփված, ապա չեղարկված գոլը։ Մի ակնթարթում թվում էր, թե Իրանը հասել է իր պատմական նպատակին, սակայն հաջորդ պահին այդ երազանքը դաժանորեն փլուզվեց։ Թեև մրցավարական որոշումը կարող էր հիմնավորված լինել կանոններով, այն, այնուամենայնիվ, չափազանց դաժան ավարտ էր այն թիմի համար, որը ողջ հանդիպման ընթացքում արժանի էր հաջողության։
Այս պատմությունն ունի նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր շերտ։ Իրանի հավաքականը այս մունդիալում դարձավ այն թիմը, որը բախվեց քաղաքական և մշակութային հիմքերով պայմանավորված խտրական վերաբերմունքի և ճնշումների։ Այդ պայմաններում յուրաքանչյուր հաջողություն ձեռք էր բերում ոչ միայն մարզական, այլև խորհրդանշական և բարոյական նշանակություն։
Թեև Իրանը չկարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիրը, սակայն կարողացավ նվաճել միլիոնավոր չեզոք երկրպագուների համակրանքը։ Երբ թիմը մինչև վերջ հավատարիմ է մնում իր խաղին, ցուցաբերում է կամք և արժանապատվորեն պայքարում ամեն վայրկյանի համար, այն արժանի է հարգանքի՝ անկախ վերջնական արդյունքից։
Իրանի հավաքականը, թերևս, չի շարունակի պայքարը աշխարհի առաջնությունում(փլեյ-օֆֆ ուղեգիր նվաճելու շանսերը դեռ պահպանվում են), սակայն դարձավ այս մունդիալի ամենահիշվող և հարգանքի արժանի թիմերից մեկը։ Երբեմն նման պարտությունները շատ ավելի երկար են մնում հիշողության մեջ, քան բազմաթիվ հաղթանակներ»։