Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ճամփորդություն. մարդիկ, մարդկային որակներ». Սամվել Կարապետյան

«Ճամփորդություն. մարդիկ, մարդկային որակներ». Սամվել Կարապետյան
581
Հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ., 01:05

Հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարիներ շարունակ գարնանային ամիսներին և հատկապես մարտ-ապրիլին կատարածս ճամփորդություններիս մի առանձնահատուկ կարևորություն եմ տվել: Դա տարվա այն շրջանն է, երբ ոչ միայն անտառն է մերկ ու թափանցիկ, այլև խոտն իսկ չի հասցրել բարձրանալ, ուստի անհամեմատ ավելի հեշտ ես նկատում այն, ինչը փնտրում ես և է՛լ առավել՝ նկատում-հայտնաբերում ես հուշարձաններ, որոնց գոյությունից լուր չունենալով չէիր էլ փնտրում:
Ասվածին ավելացնեմ նաև, որ հատկապես անտառային գոտում գտնվող ճարտարապետական հուշարձանները լուսանկարելու համար այս ամիսները պարզապես գյուտ են, քանի որ տարվա մնացյալ ամիսներին ավելի ծառ ու տերև, քան հուշարձան կարող ես արձանագրել:

Մարտ-ապրիլի հետ չի կարող համեմատվել նույնիսկ խոր աշունը, քանի որ որքան էլ տերևաթափ, այնուամենայնիվ, մարտ-ապրիլը երկու կարևոր առավելություն ունի ասենք՝ նոյեմբերի վերջերի համեմատ: Առաջինը, որ ողջ ձմռան ընթացքում քամիները հասցրած են լինում վերջին տերևը ցած առնել, ու անտառն առավել թափանցիկ դարձնել, երկրորդը՝ մարտ-ապրիլին ցերեկային ժամերն ավելի երկար են, քան նոյեմբերին:

Ահա, այս պատճառներով արդեն տասնամյակներ է, որ փորձում եմ նշյալ ամիսներն առավելագույն չափով ծառայեցնել դաշտային աշխատանքին: Իհարկե, հենց այդ երկու ամիսներին դաշտային աշխատանքներն առաջ տանելիս գրեթե մշտապես հանդիպում ես տարվա այդ շրջանին բնորոշ բարդությունների, ընդ որում ոչ միայն անձրևները, այլև երբեմն նաև ձյունը էապես խոչնդոտում են վաղօրոք մշակված ծրագրերի իրականացմանը:

Ինչևէ, 1996 թվականի մարտն էր ու ես էլ պատրաստվում էի նպատակիս ծառայեցնել հերթական վաղ գարունը:
Արդեն վերջին ճամփորդություններիս մեծ մասը կամքիցս անկախ միայնակ էի անցկացրել, սակայն այս անգամ ինձ ընկերակից ունեի Հայաստանի Ազգային Դիվանի հարգարժան աշխատակցուհիներից մեկի որդուն՝ Վահագնին, ով ոչ թե ինձ հետ, այլ ընդհանրապես նման ճամփորդության առաջին անգամ էր մասնակցում: Ինձանից գոնե մի 15 տարի կրտսեր Վահագնի ծնողները շատ էին ցանկանում, որ իրենց որդին գոնե մի անգամ ինձ ճամփորդակից լինի, ուստի այդպես էլ եղավ և մենք միասին հատկապես Քաշաթաղի շրջանի անտառային գոտում գտնվող հուշարձաններն այցելելու նպատակով Երևան-Ստեփանակերտ ավտոբուսում հայտնվեցինք 1996 թ. մարտի 12-ին:
Այս արշավս գոնե Վահագնի համար մի տեսակ փորձություն էր: Մեր չար բախտից օրերը բավականին տեղումնաշատ էին, մերթ ձյուն, մերթ անձրև, մեկ էլ երկուսը միասին, դե իսկ մառախուղն ու շաղը սովորական բաներ էին:
Դա դեռ հերիք չէ գյուղերն էլ դեռևս մի նշանակալի մասով անբնակ էին, ուստի պատահում էր, որ օրվա մեջ մի քանի գյուղ էին անցնում, բայց ոչ մի մարդ չէր հանդիպում:

10-րդ օրվա իրիկնադեմին Զերդ գյուղի մերձակայքում էինք: Արդեն բավականաչափ մութ էր և պարտավոր էի գիշերատեղի որոշում տալ: Լերկ ու ընդարձակ մի հանդամասում, մեզանից քիչ հեռու՝ մեն-միայնակ ծառ էր երևում: Քայլեցինք դեպի ծառը և կարճ ընթրիքից հետո ծառի տակ փռեցի վրանի փոխարեն հետս վերցրած մոմլաթի զույգ կտորներից մեկը, ապա մեր քնապարկերը և մոմլաթի մյուս կտորն էլ տարածեցի վրաներս: Ընդ որում, այս ամենը տեղի էր ունենում սկսված մանր անձրևը սառը քամու ներգործությամբ դեմքը ծակծկող ձնե ասեղների վերածված հարձակմանը դիմագրավելով:
Վահագնը պարկեշտ ու համեստ ընտանիքի լավագույն որակները կրող զավակ էր և թերևս մասամբ մեր միջև եղած տարիքային նշանակալի տարբերության պատճառով, մասամբ էլ գուցե հենց բնույթի բերումով առանձնապես խոսկան չէր, այլ ավելի լսողական: Այդ երեկո և գիշեր նա համարյա ոչ մի բառ չարտաբերեց, իսկ որպիսությանը վերաբերող հարցումներիս էլ բավարարվում էր կարճ դրական պատասխանով:

Առաջ անցնելով ասեմ, որ մեր այս ճամփորդությունից ժամանակ անց, երբ կրկին առիթ ունեցա լինել Վահագնենց տանը, մայրը պատմեց մեր այդ գիշերվան կապված որդու ապրումների մասին, ով ասել էր, թե իր համար այդ սարսափելի իրավիճակում միակ հույսը Սամվելի հանգստությունն էր:
Լուսաբացը դիմավորեցինք մոմլաթ-վերմակին մի բարակ շերտ ձյան ծածկույթով: Նույն պատկերն իհարկե ամենուր էր, սակայն արդեն կեսօրին այդ ամենը չքացավ:

Այստեղ զանց եմ առնում արշավային մոտ մեկ տասնօրյակում տեղի ունեցած ամեն տեսակ հիշատակելի դիպվածները, որպեսզի միանգամից հասնեմ կարծիքովս պատմությանս առավել կարևոր դրվագին:
Եղանակները կրկին խառնվել էին, մանր անձրև էր մաղում: Երբեք որևէ դժվարությունից չդժգոհած և արդեն արշավային կյանքին բավականաչափ մերված, բայց և սովորականի պես լռակյաց կրտսեր ընկերոջս հետ հերթական իրիկնադեմին մոտեցել էինք անտառապատ մի նեղ ձորակում գտնվող և արդեն իր առաջին բնակիչներն ունեցող Վազգենաշեն անունը ստացած գյուղակին:

Գյուղ մտնելուն պես հանդիպեցինք մոտ 10-12 տարեկան մի տղայի, ում հարցրի, թե արդյոք գյուղապետ ունե՞ն: Պատասխանը, թե՛ դրական էր, թե՛ երեխան հանձն առավ մեզ առաջնորդել գյուղապետի մոտ:
Գյուղապետի հետ տեսակցելու վայրը մի գոմ էր, որտեղ կովը կթելու պահին հանդիպեցինք կենդանու հանդիպակաց կողմում աթոռակին տեղավորված և կովի ոտքերի արանքից մեր բարևին արձագանքած մի տղամարդու:
— Տղերք, մի փոքր կհամբերեք, այս գործս ավարտեմ նոր գնանք տուն:
— Անշուշտ, — պատասխանում եմ գյուղապետին և հիանում մի կողմից գոմի մաքրությամբ, մյուս կողմից կթվոր գյուղապետի վարժ աշխատանքով:
Ընթացքում ծանոթանում ենք. պարզվում է անվանակիցներ ենք, թերևս նաև տարեկիցներ: Գյուղն էլ միայն երկու ընտանիքից էր բաղկացած, որ միասին երեք շունչ էին, մեկ տունը՝ երկու շնչով մայր և որդի էին՝ Մարուսն ու Վրեժը, մյուս տունն էլ գյուղապետն ինքն էր:

Երևանի կենտրոնում, երեք սենյականոց բնակարանը թողած և արդեն համարյա մեկ տարի Վազգենաշենում հաստատված ճարտարապետ Սամվել Գյուլզադյանն ավարտում է աշխատանքը, որից հետո եմ տեսնում բարձրահասակ և փարթամ բեղ-մորուսով պատված գյուղապետին:
Նախքան տուն հրավիրելն այցելում ենք գոմի հարևանությամբ գտնվող համանման մաքրությամբ աչքի ընկնող մի երկրորդ շենքը, որն արդեն խոզանոցն է: Այստեղ ուշադրությունս գրավում են խոզերի չմրսելու համար տեղադրված վառարանները:

Անասնապահական տնտեսությանը ծանոթացնելուց հետո ճարտարապետ-գյուղապետ Սամվելը մեզ հրավիրում է տուն: Մուտք ենք գործում միահարկ շենքը, որի փայտամած հատակով ընդարձակ ու մաքուր սենյակի կենտրոնում վառարանն է, ապա և առանց որևէ մի ավելորդության տան բացառապես միայն անհրաժեշտ իրերը:
— Նախքան սեղանի շուրջ նստելը եկեք մի փոքր գեղարվեստական ընդմիջում անենք, ասում է մեր գյուղապետն ու թախտի տակից դուրս քաշում սնդուկի յուրահատուկ տեսքով անմիջապես ճանաչելի ակորդիոնը:
Ճիշտն ասած մինչ այդ օրն ընդհանրապես ակորդիոնին հանդիպել էի որպես կերուխումային իրավիճակների կամ էլ ռաբիսի ուղեկից նվագարան, ուստի մի տեսակ կանխակալ բացասական վերաբերմունք ունեի երաժշտական այդ գործիքի նկատմամբ և երբ Սամվելը ձեռքն առավ ակորդիոնը, ոչ միայն ոգևորություն չապրեցի, այլև ցավեցի ականջներիս՝ սպասվելիք երաժշտական արհավիրքի ակամա զոհը դառնալու կապակցությամբ:

Սակայն, այ քեզ հրաշք, ակորդիոն և Բեթհովեն, շշմելու էր, ի՜նչպիսի բավականություն, աննկարագրելի զգացողություն, օրեր մարդու երես չտեսնելուց հետո ընկնում ես աշխարհից կտրված, երեք բնակչով մի գյուղ ու կորած այս անկյունում հոգիդ Բեթովենով են լցնում, հրաշք ասածը հենց սա էր, որ իրականության տեղ մեզ հրամցրեց ճարտարապետ Սամվելը:
Ապշանքից որևէ բան ասելու ունակությունս կորցրած ընդամենը հետևում էի Սամվելի շարժումներին, որ ավարտին՝ հանգիստ և խնամքով իր սնդուկում տեղավորեց ակորդիոնը ու մեզ հացի հրավիրեց:

Ուսապարկերում խնայված սննդամթերքի վերջին մնացորդներին ապավինած մեր ստամոքսներին Սամվելի տան փոքրիկ խոհանոցում ոչ պակաս անակնկալ էր սպասում: Պատին հպված սեղանի այդ եզրին իրար վրա դարսած լավաշների ֆոնին երեք լիտրանոց տարայով թթվասերն այստեղ ուղղակի դատարկվեց հյուրերի առջև դրված մի-մի խորը ափսեների մեջ:

Գիշերեցինք՝ ո՛չ մինչ այդ և ո՛չ էլ դրանից հետո ապրածս կյանքում հանդիպած արարչագործ գյուղապետի տանն ու մեզ հետ տանելով (գոնե իմ պարագայում) որևէ կերպ չխամրող հիշողություններն առավոտյան միմյանց հրաժեշտ տվեցինք:

Անմոռանալի այս հանդիպումից հետո Վազգենաշենի ճարտարապետ-գյուղապետին հաճելի պատահականությամբ ևս մեկ անգամ հանդիպեցի 1996 թ. մայիսի 18-ին Բերձորում, երբ այնտեղ էի մեկնել տեղի երկրագիտական թանգարանի բացման առիթով: Նույն Սամվելն էր, իր աշխատանքով ու նրա պտուղներով ապրող հայի և առհասարակ մարդու բարձրորակ ու երանելի տիպարով:

Այժմ, այս պատմությանս կողքին ցանկանում եմ դնել մեկ ուրիշը, որն ինձ համար պակաս տպավորիչ ու անմոռաց չէր, բայց որը հակապատկերն էր այն ամենի, ինչն առնչվում էր Սամվել Գյուլզադյանին:

Եվ այսպես, 2006 թ. խոր աշունն է: Տարիներ շարունակ տարբեր պատճառներով անվերջ չէի հաջողել այցելել Հադրութի շրջանի ծայր արևմտյան գյուղերը, ուստի շատ ուրախ էի, որ վերջապես արդեն կարծես երազանքի վերածված ցանկությանս իրականացման շեմին էր:
Այդ ճամփորդությանս ընկերակից ունեի «Դեպի Հայք» կազմակերպության ճանապարհով մեր կազմակերպությունում որպես կամավոր՝ աշխատանքի անցած Րաֆֆի Քորթոշյանին, ով ոչ միայն շարունակեց համագործակցությունը, այլև դարձավ Հայաստանի քաղաքացի, իսկ ժամանակի ընթացքում նաև մեր հիմնադրամի (այն օրերին դեռևս հ/կ) առավել գործուն աշխատակիցներից մեկը:

Մեր քայլարշավը սկսվեց Քաշաթաղի շրջանի Խաչգետիկ գյուղի մոտից, որ պիտի ձգվեր Հարար-Փարաջանց գծով դեպի Արփագետիկ, Պետրոսաշեն, Սպիտակշեն, իսկ վերջում՝ Խծաբերդ, Հին Թաղք և Արևշատ:

Դիպվածը, որի մասին ցանկանում եմ պատմել մեզ հետ պատահեց Հարար գյուղում: Այստեղ առաջին անգամ եղել և թուրք-ադրբեջանցիների ձեռքով տեղի հայոց տակնուվրա արված գերեզմանոցը տեսել էի դեռևս 1994 թ.: Որոշեցի անգամ ևս լինել հնավայրում: Ինչպես պարզվեց կացությունը նույնն էր ինչ՝ շուրջ 12 տարի առաջ:

Ի տարբերություն 1994 թ., երբ Հարարն անբնակ գյուղատեղի էր, գյուղն արդեն վաղուց և մասնավորապես «Շեն» միության ջանքերով բնակեցված էր և ահա դեպի մեզ ընդառաջ են գալիս գյուղաբնակ երկու երիտասարդ: Ծանոթանում ենք. աբովյանցիներ են, սակայն արդեն տարիներ է, որ դարձել էին հարարաբնակներ: Զրուցելով քայլում ենք դեպի գյուղ: Տղաներից մեկը մեզ հրավիրում է իր տուն չմոռանալով շեշտել, որ քառասուն լիտր օղի էին քաշել, բայց մեկ շաբաթում խմել-սպառել, որով հակառակ իրենց ցանկությանն այժմ հյուրասիրելու համար խմիչք չունեին: Չեմ արձագանքում, բայց մտքումս կշռում եմ լսածս և մտածում, թե եթե նույնիսկ ընկերներով են կոնձել 40 լիտրը, ապա ուրեմն գյուղի տղամարդկանց այդ խումբը որևէ աշխատանքի քանի օր կամ շաբաթ է անընդունակ մնացել ու մի տեսակ բեռ ու պատուհաս դարձել սեփական ընտանիքների գլխին: Նույն ժամանակ էլ գոհանում եմ, որ ինչ լավ է խմիչք չունեն, թե չէ հիմի իբր հյուրասիրություն մեզ էլ կրակը պիտի գցեին:
Մինչ տուն հասնելը պատմում են իրենց դժվար կյանքից, «Շեն» միությունից, որ սկզբնական մի քանի տարիներին ամեն ինչով ապահովել էր, բայց արդեն մի քանի տարի էր, որ կտրել էր այդ օգնություններն ու իրենք հայտնվել էին ծանր կացության մեջ:
Տարաբնույթ չընդմիջվող դժգոհություններին ականջալուր վերջապես հասանք հյուրընկալող ընկերոջ տունը: Առաջինը, որ տխուր տպավորություն գործեց տան միակ սենյակի հողե անհարթ հատակն էր: Նստել ենք տարբեր ուղղություններով գլուխները վեր պարզած զսպանակներով հնամաշ դիվանին և դիտում եմ մեկը մեկից տխուր պատկերները: Դրսից սենյակի մեջ բացվող դուռը մոտ 5-6 սմ կարճ է և եթե դեռ ցուրտն ու քամին չեն անհանգստացնում, ապա ինչ է լինելու վիճակը ձմռանը: Սենյակի մի հատվածում սեղանն է, որի վրա իրենց տետրերն ու գրքերը փռած դասերն են անում տան զույգ դպրոցականները, սակայն հատակի անհարթության պատճառով սեղանն անվերջ դընգ-դընգում է ծանրության կենտրոնի անընդհատ փոփոխվելու պատճառով: Մտածում եմ մի կտոր քար կամ փայտ խցկեմ սեղանի կախ մնացած ոտքի տակ, որ երեխեքը հանգիստ իրենց գրավորներն անեն, բայց և մտածում եմ քայլս երիտասարդ ամուսիններին վիրավորական չթվա: Երեխեքին մի կողմ տանելով, տետրն ու գրիչը հավաքելով սեղանին հաց են դնում ու հազիվ իրենք իրենց պահող ճռճռացող աթոռներն առաջարկելով հյուրերիս սեղանի մոտ հրավիրում: Կուշտ ձևանալով համարյա չենք օգտվում, քանի նույնիսկ խաշած մակարոնը թվում է երեխեքի բաժնից կտրած: Զրուցում ենք, փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ այսքան տարի անց մնացել են այսպես անմխիթար վիճակում: Նորից շեշտվում է «Շեն»-ի օգնությունների դադարեցման հետևանքով պատճառված դժվարությունները: Բացատրում եմ, որ «Շեն»-ի առաքելությունը ձեզ անվերջ կերակրելը չէ, այլ նորաբնակներին սկզբնական դժվար տարիներին սատարելը, մինչև այն ժամանակ, որ յուրաքանչյուր ընտանիք այլևս սեփական եկամուտներով կարող է իր գլուխը պահել:
Ասածիս հետ իբր համաձայն տանտերը մեկ էլ, թե՝ մեր պապերն ալաշկերտցի են, երևի ես վերջը փոխադրվեմ իմ պապերիս երկիրն ապրելու, քանի որ ո՛չ այստեղ, ո՛չ էլ Աբովյանում ապրել չի լինում:

Դատարկախոսությունն այլևս ազդում է ջղերիս վրա, միայն որպես առ ի գիտություն ասում եմ, որ Ալաշկերտում մեկ մետր արոտավայրի համար ներկայումս քուրդը քրդի կոկորդ է պատռում ու, եթե դուք, որ այստեղ, այս անծայրածիր և բոլորովին ազատ հողերի տեր եք ու չեք կարողանում ապրել, ի՞նչպես պետք է Ալաշկերտում ապրեք, ասում եմ, հյուրընկալության համար շնորհակալություն հայտնում և հաջողություններ մաղթելով հեռանում ենք:

Տարիներ են անցել. չեմ մոռանում թե՛ ամեն տեսակ բարիքներ ստեղծած և հյուրասիրության համար այնքան «կարևոր» օղու գոյությունն իսկ չմտաբերած Վազգենաշենի գյուղապետ Սամվելին և թե՛ 40 լիտր օղին ընկերների հետ մեկ շաբաթում սպառած ու մատղաշ երեխեքին և ջահել կնոջը հողե հատակին թողած ալաշկերտցի-հարարցուն:

Իրապես՝ երկուսին էլ հաճախ եմ հիշում, համեմատում եմ անհամեմատելին և որպես գոյության սեփական ընտրանք հրամցնում ընթերցողներիս: Բարով դատեք»: