Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մի փշուր ազգային պատմությունից». Սամվել Կարապետյան

«Մի փշուր ազգային պատմությունից». Սամվել Կարապետյան
641
Կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ., 14:40

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2011 թ. օգոստոսի 11-ն է: Խիզանի ձորերում անցնող ճամփորդության հերթական օրը եզրափակում ենք շրջապատի նկատմամբ բարձր ու մեկուսի դիրքում գտնվող Վերին Պախուր (այժմ՝ Աքջալը) գյուղում: Ընդամենը 8 քուրդ ընտանիքից բաղկացած մի փոքր գյուղ էր, որը բանակի կողմից 1991 թ. հրդեհվելու պատճառով նոր-նոր վերստին բնակելի էր դարձել: Մեր նկատմամբ գյուղացիներն իրենց բարյացակամ են դրսևորում և մատնացույց են անում կցակառույցների մեջ թաքնված դեռևս գոյություն ունեցող Սբ. Գևորգ եկեղեցին և դպրոցը, որը կառուցվել էր հայոց գերեզմանոցի տարածքում: Մատնացույց են անում գյուղական այս ու այն շինության որմում որպես շինանյութ գործածված խաչքարեր, բեկորներ և վերջապես կանգ ենք առնում եկեղեցու անկյունաքարերից մեկին նշմարվող արձանագրության մոտ: Փորձում եմ ընթերցել: Քրդերը հետաքրքրությամբ խռնվել են մեր շուրջ և շատ են ուզում իմանալ ի՞նչ է գրված: Կարդում եմ և թարգմանաբար փոխանցում ենք, որ Հովհաննես անունով մեկը գնել է Ծովակ տեղամասն ու նվիրել Երուսաղեմի հայոց վանքին...: Քրդերն իրար երես են նայում և անմիջապես մատնացույց են անում գյուղամերձ կանաչապատ տարածքը և ասում, որ Զովակն (դե իրենք Ծ արտասանել չեն կարողանում), ահա՝ այդ մասն է: Երջանիկ, որ կորուսյալ Հայրենիքի հայանուն մեկ մանրատեղանուն էլ մոռացության ծովից ափ հանեցինք, շնորհակալությամբ հրաժեշտ ենք տալիս գյուղացիներին և հեռանում...

Գրությանս կցում եմ Վերին Պախուր գյուղի և նրան հարակից Ծովակ տեղամասի համայնապատկերը, նաև՝ Ծովակը Երուսաղեմին նվիրաբերած Հովհաննեսի հիշատակագրի գրչանկարը: