Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ինչո՞ւ Գագիկ Հարությունյանն ԱԺ-ի կողմից կարող էր ընտրվել ԲԴԽ անդամ, իսկ Գագիկ Ջհանգիրյանը՝ ոչ». Արտակ Գալստյան

«Ինչո՞ւ Գագիկ Հարությունյանն ԱԺ-ի կողմից կարող էր ընտրվել ԲԴԽ անդամ, իսկ Գագիկ Ջհանգիրյանը՝ ոչ». Արտակ Գալստյան
321
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 10:55

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Համացանցը, իրավաբանները և ԱԺ խմբակցություններն ակտիվորեն քննարկում են ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության կողմից Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու հարցը:

Հիմնական ինտրիգը Գագիկ Ջհանգիրյանի տարիքն է՝ 66 տարեկան, որը ընկնում է դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետի սահմանափակման տակ, այն է ՝ «Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում»:

Տարիքային սահմանափակումը նախատեսված է դատական օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին «Դատավորը պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը», 113-րդ հոդվածի՝ (Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակներից անձին հանելու հիմքերը ), 3-րդ կետը՝ «լրացել է նրա 63 տարին», նույն հոդվածի 2-րդ մասի (Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից), «եթե լրացել է նրա 63 տարին»:

Այսինքն, ըստ վերը նշված իրավական նորմերի, 63 տարին լրացած անձը ոչ միայն չի կարող ընտրվել ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամ, այլ նաև նա չի կարող դիտարկվել որպես թեկնածու և պետք է հանվի ցուցակից:

Հստակ նշված այս օրենսդրական արգելքը «Իմ քայլը» դաշինքը, ԱԺ խմբակցությունները և հենց ինքը թեկնածուն փորձում են շրջանցել երկու հակափաստարկներով՝

1-ինը հղում են կատարում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասին, ըստ որի Ազգային ժողովի կողմից, որպես ԲԴԽ անդամ ընտրվող իրավաբան գիտնական թեկնածուի նկատմամբ տարիքային շեմ նախատեսված չէ:

Դա այդպես էլ կլիներ, եթե Սահմանադրության նույն 174-րդ հոդվածի 5-րդ կետը չսահմաներ, որ «Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության պահանջներ»:

Այսինքն՝ հենց Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ 174-րդ հոդվածի 3-րդ մասը ընդհանրական է և նրա ամբողջական բովանդակության մեջ սահմանափակումներ կարող են կիրառվել Դատական օրենսգրքով, որը և կիրառված է դատական օրենսգրքի վերը նշված 80-րդ հոդվածի 9-րդ, 56-րդ հոդվածի 1-ին և 113-րդ հոդվածի 3-րդ կետերով:

Այսինքն՝ Գագիկ Ջհանգիրյանի և ԱԺ խմբակցությունների առաջին պնդումը անհիմն է և զուրկ է իրավական որևիցե հիմքից:

2-րդ հղումը, որը կատարվում է Գագիկ Ջհանգիրյանի և ԱԺ խմբակցությունների կողմից, դա դատական օրենսգրքի 86-րդ հոդվածն է, որը որպես ԲԴԽ անդամի լիազորությունների դադարեցման հիմք չի դիտարկում վերջինիս տարիքային շեմի՝ 65 տարին լրանալը:

Այս պնդումը նույնպես անհիմն է և զուրկ իրավական հիմքից մի պարզ պատճառով, քանի որ այն առաջին հերթին վերաբերում է արդեն իսկ ընտրված, երդում տված ԲԴԽ անդամին, իսկ մեր դեպքում Գագիկ Ջհանգիրյանը դեռևս թեկնածու է, որպիսին լինելու տարիքային սահմանափակման շեմը 63 տարեկանն է՝ ըստ դատական օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ կետի:

Այսինքն՝ նա դեռ պետք է իրավունք ունենա ընտրվելու, որ նոր այս կետը թեկուզև սխալ մեկնաբանմամբ կիրառելի լինի իր նկատմամբ, իսկ ինքը իրավունք չունի ընտրվելու:

Որպեսզի համեմատականս ավելի պարզ լինի, բերեմ մեկ օրինակ՝

Ըստ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի « Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:

Ըստ Սահմանադրության 98-րդ հոդվածի 1-ին կետի ՝ «Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

2. Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:

Այսինքն՝ եթե առաջնորդվենք, Գագիկ Ջհանգիրյանի և նրան առաջադրողների տրամաբանությամբ, ստացվում է, որ ԱԺ պատգամավոր կարող է դառնալ նաև 18 տարեկան, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, ՀՀ –ում չբնակվող և հայերեն չիմացող անձը, քանի որ այդպիսի դեպքերը, որպես պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք, նշված չեն Սահմանադրության 98-րդ հոդվածում:

Ընդունեք, որ այդպիսի ենթադրությունն արդեն աբսուրդի ժանրից է և ոչ մի աղերս չունի իրավաբանության հետ:

Բացի այդ, Գագիկ Ջհանգիրյանը և նրան առաջադրողները կրկին սխալ են մեկնաբանում, կամ չեն ցանկանում նկատել նույն Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 7-րդ կետը, որը որպես ԲԴԽ անդամի լիազորությունների դադարեցման հիմք նշում է ՝ 7) դատավոր հանդիսանալու դեպքում՝ նրա լիազորությունների դադարեցումը կամ դադարումը:

Հիշեցնեմ Գագիկ Ջհանգիրյանին և նրան առաջադրողներին, որ ըստ Դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան»: Այստեղից էլ բխում է, որ տվյալ դեպքերում ԲԴԽ անդամը հանդես է գալիս, որպես դատավոր, իսկ դատավորը պաշտոնավարում է մինչև 65 տարին և տարիքը լրանալը արդեն իսկ նրա լիազորությունների դադարեցման աներկբա օրենքով սահմանված հիմք է:

Այսինքն՝ իրավաբանական որևիցե հիմքից զուրկ է նաև Գագիկ Ջհանգիրյանի և նրան առաջադրողների այն պնդումը, որ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածը տարիքային շեմը հատելուց հետո լիազորությունների դադարեցում չի նախատեսում:

Երրորդ հղումը, որ կատարում են Գագիկ Ջհանգիրյանը և նրան ԲԴԽ անդամ առաջադրողները, դա այն է, որ Գագիկ Հարությունյանը 70 տարեկանում ԱԺ-ի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ և քանի որ ոչ ոք, այդ թվում նաև այսօրվա գործող ԲԴԽ Նախագահ Ռուբեն Վարդազարյանը չի առարկել, ուրեմն կարելի է:

Նրանց այս պնդումն ավելի շատ մանիպուլյացիա է, կրկին զուրկ իրավական հիմքից և զուտ իրավական խնդրին քաղաքական ենթատեքստ տալու անհաջող փորձ հետևյալ պատճառաբանությամբ՝

Այսպես՝

Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրության 7-րդ գլուխը, որը վերաբերում է դատական իշխանությանը, ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները:

Հանրապետության Նախագահը իր լիազորությունները ստանձնել է 2018թ. ապրիլի 9-ին»: