«Ասել, որ հայկական կողմն է եղել պատերազմի առիթ տվողը, հիմնովին սխալ է, քաղաքական մանկամտություն»․ Արա Պողոսյան
87
Այսօր, 01:06
Քաղաքապետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս ընթացքում անընդհատ փորձեցի չանդրադառնալ նախկին նախագահների հարցազրույցներին, բայց մի հանգամանք կա, որին չանդրադառնալն ուղղակի սխալ եմ համարում։ Սխալ, որովհետև Նիկոլ Փաշինյանին քննադատելը ինձ համար երբեք չի՛ եղել ինքնանպատակ, երբեք չի՛ եղել ամեն գնով նպատակի հասնելու միջոց։ Եթե ընդհանուր գծերով անդրադառնանք՝ առանց մասնավորեցնելու, թե ով ինչ է ասել, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն գնով կռիվ է տվել, չհամաձայնվելով ռուսական կողմի առաջարկներին։ Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա Նիկոլը կռվել է, իսկ դուք համոզել եք հանձնվե՞լ, պարոնա՛յք։ Մյուս նարատիվը՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմի առիթ է տվել։ Լո՞ւրջ։ Այսինքն՝ ստացվում է, Ադրբեջանը, հավատարիմ հրադադարի ռեժիմի պահպանմանը, խելոք սպասում էր, ու հանկարծ Նիկոլը պատերազմի առիթ տվե՞ց։ 2014 թվականից բոլորս բղավում էինք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ 2015 թվականին, երբ մեզ ձերբակալեցին, մի տրցակ տեղեկություն կար մեր կողմից ձեռք բերված, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Որևէ մեկին դրանք հետաքրքիր չէին, նույնիսկ այդ տեղեկությունները բնորոշեցին որպես «հեքիաթ», իսկ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը սկսեց հետախուզական ռազմական գործողություններ, որոնք օրվա իշխանությունները շտապեցին բնորոշել «պատերազմ»։ Արդեն այդ ժամանակ ակնհայտ էր, որ հաջորդելու է մեծ և անզիջում պատերազմ։ ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում 2016 թվականին՝ 4-օրյա ռազմական գործողություններից հետո, պատահական չէր ասել․ «նայե՛ք, հետո չերգեք Ստեփանակե՜րտ, Ստեփանակե՜րտ․․․»։ 2016 թվականից հետո անխուսափելի էր դարձել ռազմական ճանապարհով հարցի լուծման սցենարը։ Հետևաբար, ովքեր ասում են, թե «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունն էր պատճառը, որ Ադրբեջանը սկսեց ագրեսիվ պատերազմ, լիովին հիմնազուրկ է, եթե չասեմ՝ ծիծաղելի։ Ալիևը իր քաղաքականությունը միշտ կառուցել է դասական ռեալիզմի տեսության սկզբունքների վրա, և նա երբեք պահի ազդեցության տակ որոշում չէր կայացնի։ Այսինքն՝ Ադրբեջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմը պլանավորել էր դեռևս 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններից առաջ, որոնց առաջին էտապը 2016 թվականի ապրիլն էր՝ շոշափելու հայկական բանակի թույլ և ուժեղ կողմերը, գտնել թույլ կողմերը և ապագա լայնածավալ հարձակումը կազմակերպել այդ դասերը սերտած։ 2018 թվականն էր իրական առիթը պատերազմի՝ իշխանության հանձնելը պետական կառավարման փորձ չունեցող պոպուլիստին, ում համար անձնական վարկանիշն ավելի կարևոր էր, քան ցանկացած իրական գետնի վրա աշխատանք։ 2020 թվականի պանդեմիան, այնուհետև 2020 թվականի հուլիսին տավուշյան բախումները այն ինդիկատորն էին, որն Ադրբեջանը շոշափում էր, իսկ օգոստոսին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնց ընթացքում Թուրքիան իր ավիացիան և այլ միջողցներ տեղակայել էր Ադրբեջանի տարածքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմի նախապատրաստության վերջին փուլն էին, և վստահ եմ, որ այդ մասին բոլորն էլ տեղյակ էին։ Այսինքն՝ ասել, որ հայկական կողմն է եղել պատերազմի առիթ տվողը՝ հիմնովին սխալ է, եթե չասեմ քաղաքական մանկամտություն այն իմաստով, որ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը կարող էր լինել պատերազմի առիթ։ Այդ տրամաբանությամբ, ՀՀ նախկին նախագահների հայտնի խոսույթը, որ «մեր ժողովուրդը արդեն լուծել է Արցախի հարցը» վաղուց ևս մի քանի պատերազմի առիթներ պետք է լինեին, սակայն ինչպես նշեցի, Ալիևը չի՛ պատկանում այն գործիչների շարքին, ով էմոցիոնալ որոշումներ կկայացնի, որովհետև նա պրագմատիկ քաղաքականությամբ է սկսել Արցախի ապագա օկուպացիայի իր պլանը, ինչպես հուշում է Սուն Ցզին։ Նիկոլ Փաշինյանի ուսերին հազար ու մի հանցանք կա, հազար ու մի մեղասկացություն կա, որոնց մասին պետք է խոսել, և ո՛չ թե այն բաների, որոնք հարվածում են նաև Հայաստանին»։