Կիրակի, 16 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Եթե արդիական է ռուս-ադրբեջանական լարվածություն խթանելու որևէ օրակարգ, ապա այդ «ազդեցության գոտում» է նաև ՀՀ-ն»․ Հակոբ Բադալյան

«Եթե արդիական է ռուս-ադրբեջանական լարվածություն խթանելու որևէ օրակարգ, ապա այդ «ազդեցության գոտում» է նաև ՀՀ-ն»․ Հակոբ Բադալյան
104
Այսօր, 03:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանը նախօրեին բողոքի նոտա էր հղել Բաքվում ՌԴ դեսպանին՝ Կիևում Ադրբեջանի դեսպանությանը հարվածելու համար:

Սա բավականին հետաքրքիր տեղեկություն էր, մի քանի առումով: Նախ, ադրբեջանական կողմը հայտնել էր, թե հարվածը եղել է Իսկանդերով: Սա իհարկե ծիծաղելի է, որովհետև Իսկանդերով դեսպանատանը հարվածելու պարագայում դեսպանատնից թերևս չէր մնա ոչինչ:

Ռուսական կողմը տարածեց տեղեկություն, թե դեսպանատան շենքի ավերածությունները վկայում են, որ հարվածը եղել է ուկրաինական ՀՕՊ համակարգի՝ մասնավորապես ամերիկյան Պատրիոտ համակարգի հրթիռով: Ըստ ռուսական կողմի, որ անանունո աղբյուրով ՏԱՍՍ-ի միջոցով էր տարածել տեղեկությունը, դա ուկրաինական ՀՕՊ-ի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանք է:

Ընդ որում, հարկ է նկատել, որ պատերազմի ընթացքում եղել են անգամ դեպքեր, երբ ուկրաինական կողմը հետագայում ընդունել է, որ այս կամ այն քաղաքացիական շենքին հարվածը եղել է ոչ թե ռուսական, այլ ուկրաինական ՀՕՊ հրթիռով:

Սա այդ դե՞պքն է, թե՞ ոչ: Բարդ է ասել: Համենայն դեպս, Ադրբեջանը հրավիրել է ՌԴ դեսպանին և հանձնել բողոքի նոտա: Ընդ որում, Զելենսկու հետ հեռախոսազրույցում էլ հարվածը դատապարտել է Ալիևը, համարելով դա միջազգային իրավունքի կոպի խախտում:

Ինչու՞ պետք է ռուսները հարվածեին Ադրբեջանի դեսպանատանը, հատկապես Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպումից և փաստորեն հարաբերության բավականին նկատելի կարգավորումից հետո, երբ Ալիևը Պուտիին տասը ամիս անց շնորհակալություն է հայտնում օրինակ ադրբեջանական օդանավի աղետի վերաբերյալ «մանրամասն ինֆորմացիայի» համար:

Իհարկե մասնագետները կարող են դիտարկել տարբեր վարկածներ, սակայն կարծում եմ ավելորդ չէ նաև հարցը՝ իսկ արդյո՞ք որևէ մեկին պետք չէր լինի հենց Դուշանբեում այսպես ասած հակադրության հաղթահարումից հետո որևէ նոր «պատճառ» կամ առիթ ստեղծել ռուս-ադրբեջանական լարվածության համար:

Սա կարևոր թեմա է նաև մեզ համար, որովհետև, այն կարող է արտացոլել ռեգիոնում հնարավոր զարգացումների և մոտիվների տրամաբանությունը: Եթե արդիական է ռուս-ադրբեջանական լարվածություն խթանելու որևէ օրակարգ՝ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստում, ապա դա նշանակում է, որ այդ օրակարգի այսպես ասած «ազդեցության գոտում» է նաև Հայաստանը՝ հայ-ադրբեջանական պրոցեսը, որքան էլ Հայաստանում հնչում են «հաստատված խաղաղության» մասին նախընտրական երդումներ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան