Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Եթե պատերազմից հետո տրամադրված էիր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ մեծ գումարներ ուղարկեցիր Արցախ»․ Էրիկ Բեգլարյան

«Եթե պատերազմից հետո տրամադրված էիր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ մեծ գումարներ ուղարկեցիր Արցախ»․ Էրիկ Բեգլարյան
149
Այսօր, 13:06

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսի՛ր, Նիկոլ, եթե դու պատերազմից հետո տրամադրված էիր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ դրանից հետո մեծ գումարներ ուղարկեցիր Արցախ՝ իբր մարդկանց բնակարանային խնդիրները լուծելու համար։
Ի՞նչ էր ստացվում՝ արցախցին քո ֆինանսավորմամբ ադրբեջանցիների համար Ադրբեջանի տարածքում անվճար աշխատող բանվո՞ր էր, որ կառուցեր, վերականգներ, հետո բռնի տեղահանվեր՝ այդ ամենը թողնելով թշնամուն։
Պատերազմից հետո մարդիկ իրենց վերջին ուժերով, իրենց ցավի ու կորուստների մեջ, սկսեցին վերակառուցել ամբողջ Արցախը՝ տներ, շենքեր։ Մարդիկ հավատում էին, որ դա իրենց ապագան է, իրենց տունը, իրենց հողը։ Բայց արդյունքում ստացվեց, որ այդ ամենը կառուցվեց, իսկ հետո դու ճանաչեցիր Արցախը Ադրբեջանի կազմում, փաստորեն, ադրբեջանցիների համար էր այդ ահռելի աշխատանքը կատարվել։
Այո՛, ես քո հետ համաձայն եմ, որ դու հատկապես պատերազմից հետո ավելի շատ ֆինանսական միջոցներ էիր տրամադրում Արցախին։ Բայց ո՞ւմ համար էիր դա անում։ Վերջում ո՞ւմ մնաց այդ ամենը և ո՞ւմ շնորհիվ։
Հիմա դու ու քո կողմնակիցները արցախցիներին որպես անշնորհակալ մարդիկ եք դիտարկում։ Բայց ինչի՞ համար պետք է շնորհակալ լինենք ձեր իշխանությունից, եթե մեզ, ըստ էության, որպես անվճառ աշխատուժ օգտագործեցիք։
Հիմա ձեր կողմից մեզ տրամադրվող սերտիֆիկատում նշված գումարը արդյո՞ք ադրբեջանցիների համար կատարված այդ «բանվորության» վճարն է, թե՞ որպես երաշխավոր պետության կողմից կատարվող պարտականություն։
Չեմ կարծում, որ դա լիարժեք կարելի է դիտարկել որպես երաշխավոր պետության պարտականության կատարում, քանի որ այն ամբողջական չէ։ Ավելի շատ դա նման է նրան, որ մեզ ուշացումով վճարում են որպես Ադրբեջանի համար աշխատած բանվորների աշխատավարձ։
Ի՞նչ է, Ադրբեջանը քանդված Արցախը չէ՞ր ուզում, ստացվում է, որ պարտադիր պետք է այն տեսքի բերեիր, հետո հանձնեիր»։

Աղբյուրը`   Էրիկ Բեգլարյան