Կիրակի, 09 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

Ամազոնի ջունգլիներում հայտնաբերվել են նախկինում անհայտ հարյուրավոր գեոգլիֆներ

Ամազոնի ջունգլիներում հայտնաբերվել են նախկինում անհայտ հարյուրավոր գեոգլիֆներ
83
Այսօր, 19:48

Եվրոպացի և բրազիլացի հնագետները Բրազիլիայի Ակրի և Ամազոնաս նահանգներում հայտնաբերել են նախկինում անհայտ գրեթե չորս հարյուր գեոգլիֆներ՝ հնագույն բնիկ քաղաքակրթության ստեղծած հսկայական «գծանկարներ», որոնք իրենց ձևով նման են վերացական երկրաչափական պատկերների։ Դրանց հայտնաբերումը վկայում է Ամազոնիայի ջունգլիներում նմանատիպ տասնյակ հազարավոր հնագիտական օբյեկտների առկայության մասին, գրում են գիտնականները Nature գիտական ամսագրում հրապարակված հոդվածում։

«Ամազոնի հարավարևմտյան մասում նախկինում հայտնաբերվել են բազմաթիվ մարդածին երկրաչափական նախշեր։ Դրանց հայտնագործությունը ցույց է տվել, որ նախագաղութային դարաշրջանում այնտեղ գոյություն է ունեցել հուշարձաններ կառուցելու ունակ քաղաքակրթություն։ Մենք առաջին անգամ օգտագործեցինք լազերային ռադար՝ այս գեոգլիֆների ընդհանուր թիվը գնահատելու համար և հայտնաբերեցինք ապացույցներ, որ դրանց թիվը, ինչպես նաև դրանց հետ կապված քաղաքակրթության մասշտաբները, մեծապես թերագնահատված են», - նշվում է ուսումնասիրության մեջ։

Նման եզրակացությանն է հանգել բրազիլացի և եվրոպացի հնագետների խումբը՝ Ֆինլանդիայի Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Մարտի Պյարսինենի գլխավորությամբ։ Հետազոտությունն իրականացվել է այսպես կոչված Ակր գետի քաղաքակրթության ուսումնասիրման նախագծի շրջանակում։ Այդ քաղաքակրթությունը գոյություն է ունեցել Ամազոնիայում՝ անտիկ դարաշրջանում և վաղ միջնադարում։ Դրա գոյության մասին գիտնականներն իմացել են միայն երկու տասնամյակ առաջ, երբ Բրազիլիայի հարավ-արևմուտքում անտառահատումները բացահայտել են հնագույն բնիկ ժողովուրդների կողմից կառուցված հսկայական գեոգլիֆների առկայությունը։

Այս քաղաքակրթության իրական մասշտաբները, ինչպես նաև վերացական այս նախշերի ու պատկերների քանակը, որոնցից որոշների մակերեսը հասնում է մի քանի տասնյակ հեկտարի, մինչ այժմ մնացել էին պատմաբանների և հնագետների համար չբացահայտված, քանի որ գեոգլիֆների մեծ մասը թաքնված է Ամազոնիայի ջունգլիների ծառերի սաղարթի տակ։ Դրանք որոնելու և ուսումնասիրելու համար գիտնականները մի շարք արշավներ են իրականացրել Բրազիլիայի Ակրի և Ամազոնաս նահանգներ, որոնց ընթացքում հետազոտողները անօդաչու սարքերի միջոցով, որոնք հագեցած էին լազերային ռադարներով, ուսումնասիրել են տեղի ջունգլիները։

Ընդհանուր առմամբ, հնագետներն ուսումնասիրել են Ամազոնիայի այս շրջանների շուրջ 4,4 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ինչը նրանց հնարավորություն է տվել հայտնաբերել և ուսումնասիրել 432 գեոգլիֆ։ Դրանց ճնշող մեծամասնությունը՝ 396 օբյեկտ, նախկինում հայտնի չէր։ Այս հայտնագործությունը մեծ անակնկալ է դարձել հետազոտողների համար, քանի որ այն վկայում է, որ Ակր գետի տարածաշրջանում կարող են թաքնված լինել մոտ 24-30 հազար հսկայական պատկերներ։