Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան

«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան
42
Այսօր, 10:18

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Տեսե՞ք, ներսը փտած է» ասելով՝ հարյուրավոր հսկա ծառեր հատեցին և մերկացրին քաղաքի փողոցները։
Հերթական հասուն թեղին կտրելիս, որպես ապացույց ցուցադրում են, որ միջուկը փտած կամ խոռոչ է, և դա ներկայացնում, որպես ապացույց, որ ծառը «վթարային» էր ու ենթակա էր հատման։
Համաձայն գիտության՝ միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ, իրականությունն այլ է, քանի որ մեխանիկան դրա մասին չէ։
Գիտելիքի պակա՞ս է, թե՞ շահ՝ սա է հարցը։
Մարդու մարմնի ծանրությունը կրող ազդոսկրը՝ ներսից խողովակ է․ կենտրոնում գտնվում է ոսկրածուծային խոռոչը, իսկ հիմնական մեխանիկական ամրությունն ապահովում է արտաքին խիտ՝ կորտիկալ ոսկրային շերտը։ Այդպիսի խողովակաձև կառուցվածքը պատահական չէ․ նյութը, որը գտնվում է առանցքից ավելի հեռու, հատկապես արդյունավետ է դիմադրում ծռմանը։
Ծառի բնի դեպքում գործում է նման մեխանիկական սկզբունք։ Բնի կենտրոնական հատվածի նյութը ծռման նկատմամբ դիմադրության մեջ համեմատաբար փոքր ներդրում ունի, իսկ արտաքին պահպանված փայտանյութը շատ ավելի մեծ դեր է կատարում։ Կենտրոնական փտախտով ծառը տասնամյակներ, արցախյան տնջրին վառ ապացույց։
Բայց սա չի նշանակում, որ ցանկացած փտած կամ խոռոչավոր ծառ անվտանգ է։ Ինչպես վնասված ոսկորի դեպքում չենք որոշում դրա ամրությունը միայն այն փաստով, որ ներսում խոռոչ կա, այնպես էլ ծառի դեպքում միայն միջուկային փտախտ տեսնելը բավարար չէ՝ այն վտանգավոր հայտարարելու համար։
Պետք է գնահատել՝
- որքան հաստ և շարունակական է պահպանված առողջ փայտանյութի արտաքին շերտը,
- որտեղ է տեղակայված փտախտը,
- կան արդյոք ճեղքեր կամ արտաքին պատի լուրջ վնասումներ,
- ինչ վիճակում են արմատներն ու արմատավզիկը,
- ինչ բեռնվածություն է կրում պսակը,
- և անհրաժեշտության դեպքում՝ ինչ են ցույց տալիս գործիքային մեթոդները։ Բայց հիշենք, որ 2023-2025թթ. գործիք չկար և աչքաչափով գնահատվեցին ու հատվեցին հարյուրավոր ծառեր։
Կարծում եմ, արդեն պարզ է, որ միջուկային փտախտը ինքնին հատման ցուցում չէ։ Այն պատճառ է ավելի խորքային հետազոտության համար։
Հարգելիներս, բազմամյա և կարծր փայտանյութով թեղիների դեպքում՝ միայն սղոցված բնի կենտրոնում փտախտ տեսնելը դեռ չի ապացուցում, որ ծառը կորցրել էր իր մեխանիկական կայունությունը։
Ուրեմն յուրաքանչյուր նման հատումից հետո հարցը պետք է լինի ոչ թե՝
«Տեսե՞ք, ներսը փտած էր»,
այլ՝
«Որքա՞ն էր պահպանված արտաքին կրող պատը, և ինչպե՞ս էր գնահատվել ծառի իրական կայունությունը մինչև հատումը»։
Սա է տարբերությունը տեսողական տպավորության և մասնագիտական ախտորոշման միջև։
Դուք բնության մատին թյուր կարծիք ունեք՝ վերհիշեք դատարկ միջուկով արցախյան տնջրին, որ 2030 տարի կանգուն էր՝ առողջ արմատներով և բավարար արտաքին շերտով։
Սա էլ հեղինակավոր Nature ամսագրում տպագրված գիտական փաստերը՝
2023 թվականին Scientific Reports-ում հրապարակված ուսումնասիրության ժամանակ մասնագետները հետազոտել են 373 հասուն ծառ՝ կիրառելով ոչ միայն տեսողական գնահատում, այլև ձայնային տոմոգրաֆիա, ռեզիստոգրաֆիա և քաշման փորձարկումներ։ Հետազոտողները չեն հայտնաբերել կապ խոռոչի առկայության և ծառի ընկնելու կամ բնի կոտրվելու ռիսկի պարտադիր բարձրացման միջև։ Ավելին՝ խոռոչավոր ծառերի 89.42%-ը մեխանիկական գնահատմամբ հայտնվել է ցածր ռիսկի խմբում։ Հեղինակների ձևակերպումը շատ հստակ է՝ խոռոչի առկայությունը չի նշանակում ծառը հեռացնելու անհրաժեշտություն։
2022 թվականի մեկ այլ հետազոտությունում գնահատվել է 317 քաղաքային ծառ, որոնցից 171-ը ունեցել են խոռոչներ, փտախտի կամ սնկային ախտահարման նշաններ։ Այստեղ ևս եզրակացությունը նույնն էր՝ ծառի հեռացման մասին որոշումը չպետք է ընդունվի միայն խոռոչ տեսնելու հիման վրա։ Այն պետք է հիմնված լինի մասնագիտական գնահատման վրա և, անհրաժեշտության դեպքում, հաստատվի ձայնային տոմոգրաֆիայով կամ այլ օբյեկտիվ մեթոդով»։

Ծառի միջուկային փտախտ
Ծառի միջուկային փտախտ
Արցախի տնջրի ծառը
Արցախի տնջրի ծառը