Աֆրիկայում 4000 տարի առաջ կառուցված պաշտպանական պատեր են հայտնաբերվել

Մարոկկոյում հնագետները հայտնաբերել են 4000 տարվա պատմություն ունեցող պաշտպանական պատեր, որոնք Նեղոսի հովտից դուրս Հյուսիսային Աֆրիկայում իրենց տեսակի ամենահին կառույցներն են։ Հայտնագործությունը նոր տեղեկություններ է տալիս Միջերկրական Աֆրիկայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Մաղրիբում, մարդկության զարգացման, մասնավորապես՝ գյուղատնտեսության տարածման մասին, գրում է Live Science-ը։
«Ավելի քան մեկ դար Մաղրիբը համարվում էր Միջերկրական ծովի ուշ նախապատմական շրջանի պատմության «սպիտակ բիծը»», — ասել է Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի հնագետ Ջուլիո Լուկարինին։
Սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ բացը պայմանավորված էր տարածաշրջանի վերաբերյալ գիտական գիտելիքների պակասով։ «Մաղրիբ» արաբերենից թարգմանաբար նշանակում է «Արևմուտք» և ներառում է Մարոկկոն, Մավրիտանիան, Ալժիրը, Թունիսն ու Լիբիան։ Օրինակ՝ միայն վերջերս կատարված ԴՆԹ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Եվրոպայից որսորդ-հավաքորդները, հնարավոր է, մոտ 8500 տարի առաջ անցել են Միջերկրական ծովը և հասել Մաղրիբ։
«Չորս հազար տարի առաջ տեղի համայնքները փոխում էին լանդշաֆտը և կառուցում պաշտպանական կառույցներ, որոնք մինչ այդ տարածաշրջանում աննախադեպ էին։ Այդ ժամանակ փոփոխություններ էին տեղի ունենում նաև Ջիբրալթարի նեղուցի մյուս կողմում՝ եվրոպական հասարակություններում, — նշել է Լուկարինին։ — Մենք միայն հիմա ենք սկսում հասկանալ, թե ինչպես են Մաղրիբի և Եվրոպայի երկու ափերին տեղի ունեցած այս իրադարձությունները կապված միմյանց հետ»։
Այս պաշտպանական կառույցները վկայում են, որ բնակավայրը կարևոր նշանակություն է ունեցել և պաշտպանության կարիք է ունեցել։ Հնագետները ենթադրում են, որ այն վաղ շրջանի երկրագործական կենտրոն էր, որտեղ անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ էին զբաղվում, ինչպես նաև ունեին մեծածավալ պահեստներ։
Հնավայրում հայտնաբերված գտածոների թվում են տասնյակ զանգակաձև փոսեր, որոնք, ըստ հետազոտողների, օգտագործվել են հացահատիկ պահելու համար։
Փոսերի քանակը վկայում է, որ պահեստների տարողությունը զգալիորեն գերազանցել է այնտեղ բնակվող մարդկանց կարիքները։ «Հնարավոր է՝ այս կառույցները սպասարկել են շատ ավելի մեծ համայնքի՝ ընդգրկելով, հավանաբար, ողջ հարակից տարածքը», — ասել է Լուկարինին։
Սակայն պարզ չէ, թե ով կարող էր հարձակվել այդ բնակավայրի վրա։ «Մենք հստակ չգիտենք, թե ինչից էին նրանք պաշտպանվում, — նշել է գիտնականը։ — Դա կարող էր ոչ թե «ներխուժողների» դեմ պաշտպանություն լինել, այլ հողի և ռեսուրսների համար աճող մրցակցության, տարածքով տեղաշարժը վերահսկելու և, հնարավոր է, ավելի կազմակերպված կառավարման արդյունք»։
Մարոկկոյում վերջին հնագիտական հայտնագործությունները համահունչ են Ջիբրալթարի նեղուցի հյուսիսային կողմում գտնվող նախապատմական Իբերիայում արված գտածոներին։ «Այնտեղ աֆրիկյան փղոսկրն ու ջայլամի ձվի կճեպը վաղուց վկայում էին Հյուսիսային Աֆրիկայի հետ կապերի մասին, իսկ այժմ մենք սկսում ենք տեսնել այդ կապերի աֆրիկյան կողմը», — նշել է Լուկարինին։

Աֆրիկայում 4000 տարի առաջ կառուցված պաշտպանական պատեր են հայտնաբերվել
3017:48
Հնագետները հայտնաբերել են քարի դարի՝ նախկինում անհայտ հուշարձաններ և ժայռապատկերներ
12916:24
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
142506.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
193704.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
128204.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
292929.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
170029.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
283728.09.2026, 22:55