Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան

«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
54
Այսօր, 18:30

Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՈՒԼՍԱՐԻ ՔՐԻՍՏՈՄԱՏԻԱ
(Սա հանրային եմ գրում, որովհետև բոլոր գիտակիցներին անհրաժեշտ է)
Բովանդակություն
1. ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ
1․1․ Մարդու իրավունքի ոտնահարում
1․2․ Լոկալ էկոհամակարգի խաթարում
1․3․ Թթվային դրենաժ (ջրերի աղտոտում)
1․4․ Տեղացիների կենսակերպի փոփոխություն
1․5․ Զբոսաշրջային Ջերմուկի հեղինակազրկում
2. ՊՐՈՎՈԿԱՑԻՈՆ ՀԱՐՑԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ.
2․1․ Ինչո՞ւ այլ հանքերի դեմ չեք պայքարում (ունի 3 ծանրակշիռ պատասխան)
2․2․ Բա մինչև բացելը ո՞ւր էիք։
2․3․ Ադրբեջանը նավթ է հանում, մենք ինչո՞ւ ենք մեր հարստությունը չհանենք, հարստանանք։
3. ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ
3․1․ Տեղացիների պայքար
3․2․ Փորձագիտական ​​համայնք
3․3․ Քաղաքացիական շարժումներ
3․4․ Մտավորականություն
——————————————————————————
1. ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ
1․1․ Մարդու իրավունքի ոտնահարում
1․1․1․ Համայնքի բնակիչների մեծամասնությունը դեմ է, ապացուցվել է հանրային ստորագրահավաքով, բայց հանքն ամեն դեպքում բացվում է։
1․1․2․ Ջերմուկը դարձել է ազդակիր համայնք 2020 թ., և այլ հանրային լսումներ չեն իրականացվել, բնակիչների կարծիքը չի ճշտվել։
1․2․ Լոկալ էկոհամակարգի խաթարում
1․2․1․ Ամուլսարը հսկա լեռնազանգված է, որն ունի իր էկոհամակարգը։ Ունի իր բուսատեսակները, այդ թվում՝ կարմիրգրքային, ունի իր կենդանական աշխարհը, այդ թվում՝ կարմիրգրքային և ունի ջրաստեղծման համակարգը, որը շատ հարուստ է։
Այս ամենն ուղիղ վտանգի տակ է դրվում։
1․3․ Թթվային դրենաժ (ջրերի աղտոտում)
1․3․1․ Սա ամենաշատ քննարկված թեման է 2018–20 թվերին։ Բանն այն է, որ Ամուլսարը, ինչպես ցանկացած լեռ, ունի իր ստորգետնյա ջրային ցանցը, որը դուրս է գալիս լեռան լանջերից և ստորոտներից բազմաթիվ աղբյուրներով։ Այս ջրերը առաջանում են ձյան հալոցքից և անձրևային տեղումներից։ Երբ հանքը բաց է, առաջանում են բաց ապարներ, որոնց մեջ առաջանում են թթվային ջրեր, որոնք բնականաբար գնում են ընդերք։ Դա դուրս է գալիս աղբյուրներից, վերջում հայտնվում գետերի մեջ։
1․3․2․ Ամուլսարի միջով անցնում է ջրանցք, որը կապում է Սպանդարյանի ջրամբարը Կեչուտի ջրամբարին։ Ջրանցքը չի գործում, այսինքն՝ ջուրը չի տեղափոխում Սյունիքից Վայոց Ձոր, բայց տարօրինակաբար նրա մեջ կա ջուր։ Ի՞նչ ջուր է դա։ Դա լեռան ստորգետնյա ջրերի մի մասն է, որ պատերից քամվում է ներս։ Այդ ջուրը հոսում է դեպի Կեչուտի ջրամբար։ Արդյոք Ամուլսարից այլ եղանակներով Կեչուտի ջրամբար ջրեր են հասնում, պետք է ուսումնասիրել։ Իսկ ո՞ւր է գնում Կեչուտի ջրամբարի ջուրը՝ Սևանա լիճ։ Ահա այն ռիսկը, որը կապվում է Սևանի հետ։
1․4․ Տեղացիների կենսակերպի փոփոխություն
1․4․1․ Տեղացիները առավել զբաղված են զբոսաշրջությամբ և կից սպասարկող ոլորտներով։ Միջավայրը մաքուր է և համարվում է առողջարանային։ ՀՀ ամենաբարձր դիրքով քաղաքն է՝ 2100 մ բարձրություն ծովի մակարդակից։
1․4․2․ Լեռը գտնվում է քաղաքի հարևանությամբ, և քաղաքից ուղիղ աչքով այն տեսանելի է։ Ջերմուկի մաքուր միջավայրը միանշանակ խաթարվելու է։ Օդի աղտոտվածություն է առաջանալու, սա ևս արդեն ապացուցված է 2018 թվականի պայթյուններից հետո տեղացած անձրևի որակով։
1․4․3․ Զբոսաշրջային մշակույթով քաղաքն ունենալու է ազդեցություն հանքում աշխատող մարդկանց մեծ ծավալների հոսքով։ Բնակչության զբաղվածությունը զգալի չափով փոխվելու է զբոսաշրջության նվազման պատճառով։
1․4․4․ Հանքն ուղիղ ազդելու է նաեւ բնակչության առողջության վրա։ Ջերմուկի բնակիչները լավ գիտեն, թե ինչ են հանքերի միջավայրում առաջացած հիվանդությունները, որովհետև հաճախ են այլ հանքամերձ բնակավայրերից գալիս բուժվելու հենց այդտեղ։
1․4․5․ Էլ չենք խոսում Ջերմուկի հայտնի հանքային ջրերի հեղինակության և դրանց ապագա ճակատագրի մասին։
1․5․ Զբոսաշրջային Ջերմուկի հեղինակազրկում
1․5․1․ Ջերմուկը Հայաստանի ամենահին զբոսաշրջային քաղաքն է։ Այնտեղ երեք սերունդ ունի զբոսաշրջային փորձառություն։ Այն ունի իր բարձրադիր դիրքը, գեղեցիկ բնությամբ, մաքուր օդով և հանքային ջրերով։ Ջերմուկն այս ամենի ունիկալ համադրություն է։ Այս ամենն արդեն դրվել է կասկածի տակ։
1․5․2․ Եթե ​​Ջերմուկի մաքրությունն անվիճելի էր, ապա այս պահից սկսած նրա մաքրությունը դրվում է հարցականի տակ, ինչն արդեն ետ է պահում հազարավոր զբոսաշրջիկների այնտեղ այցելելու ցանկությունից։
1․5․3․ Զբոսաշրջիկների պակասը բերելու է դրանով ապրող բնակիչների կենցաղային պայմանների վատթարացմանը, որը մեծացնում է բնակչության տեղափոխությունը և հանքից կախվածությունը։
1․5․4․ Հանքի փակումից հետո, պայմանական ասած՝ 10 տարի անց, Ջերմուկի մաքուր-զբոսաշրջային հեղինակությունը վերականգնելը գրեթե անհնար կլինի։
———————————————————
2. ՊՐՈՎՈԿԱՑԻՈՆ ՀԱՐՑԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ.
2․1․ Ինչո՞ւ այլ հանքերի դեմ չեք պայքարում (ունի 3 ծանրակշիռ պատասխան)
2․1․1․ Պայքարել 70 տարեկան հանքի դեմ և դեռ չբացված կամ նոր բացված հանքի դեմ՝ տարբեր երևույթներ են, որովհետև պայքարն ընթանում է էկոհամակարգի պահպանման համար։ Պայքարել, որ բորենիները չուտեն կենդանի մարդուն կամ արդեն սպանված մարդուն, երևի նույնը չէ։ Տրամաբանող մարդը միշտ փորձում է փրկել մարդուն, որը դեռ ողջ է։
2․1․2․ Ամուլսարի հանքը գտնվում է լեռան գագաթային հատվածներում, ծովից մոտ 3000 մետր բարձրության վրա։ Դպրոցում մի փոքր աշխարհագրություն ուսումնասիրած մարդը կհասկանա դրանց տարբերությունը և նշանակությունը։ Լեռներից ծնվում է ջուրը, ջուրը վերևից իջնում ​​է ներքև, և եթե վերևը վնասում է՝ վնասվում է ջրի սկզբնաղբյուրը, որը շատ մեծ շառավղով տարածվում է վնասելու շղթայականության կանոնով։
2․1․3․ Ամուլսարը գտնվում է ՀՀ ամենախոցելի հատվածում, այն գրեթե երկկողմանի սահմանամերձ է։ Ցիանիդային (խիստ թունավոր) լվացման մեծ հարթակներն ուղիղ հրետանային հարվածի տակ կարող են հայտնվել, որը կարող է աղետաբեր լինել։ Ցիանիդ է օգտագործվելու միայն այս հանքում։ Այն կարող է լուրջ վնաս հասցնել առաջացած ճեղքերից։
2․2․ Բա մինչև բացելը ու՞ր էիք։
2․2․1․ Պատերազմից հետո պայքարելու կարիք չի եղել մինչև 2025 թվականը, որովհետև գրեթե շարժ չի եղել հանքի տարածքում։ Իսկ մինչ այդ շատ փոքր եմ եղել կամ պայքարել եմ։
2․2․2․ Իրականում շատ հիմար հարց է, որի ամենալավ պատասխանը երևի լռելն է։ Բայց, հոգատարությունից ելնելով, կարելի է պատասխանել, որ հիմա կարող եմ լինել տիրույթում, որ պայքարեմ իմ և քո մաքուր միջավայրի համար։
2․3․ Ադրբեջանը նավթ է հանում, մենք ինչո՞ւ ենք մեր հարստությունը չհանենք, հարստանանք։
2․3․1․ Ադրբեջանի նավթից ստացվում է տարեկան մոտ 10 միլիարդ դոլար, իսկ այս հանքից մեր եկամուտը լինելու է մոտ 150 միլիոն դոլար, այսինքն՝ մոտ 67 անգամ ավելի քիչ։ Այս համեմատությունն ուղղակի անմիտ է։ Ադրբեջանի հետ մրցելու համար նվազագույնը հանքը պետք է լիներ պետական, որ մի փոքր նույն հարթության մեջ լիներ, չնայած էլի նվազագույն 15 անգամ զիջելու էր։
2․3․2․ Եթե ​​Ադրբեջանն ինքն իրեն մորթելով ու ցեղասպանելով հարստանա, մենք էլ պիտի կրկնե՞նք։ Թե՞ կան արժեքներ, և մենք ուզում ենք կերտել արժեքահենք երկիր ու միջավայր։
——————————————————
3. ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ
3․1․ Տեղացիների պայքար
Տեղացիների մոտ մեծ հոգեբանական խնդիր են առաջացրել 2020, 2022 թվականների դեպքերը։ Բայց, սիրելի՛ համայնք, կյանքը շարունակվում է և կյանքը պայքար է։ Երբ մենք դադարում ենք պայքարել, արժեզրկվում է ամեն ինչ, այդ թվում և նախորդող ընթացքը, կռիվը, կյանքը…
Ձեր տարիների ներդրումը, իրար տված խոստումները, պատերազմում նահատակված տղերքը…
Մենք արդյո՞ք ուզում ենք ուղղակի ապրել, և արդյո՞ք կուլ ենք գնում այն ​​հիասթափեցնող մտքերին, որ հակառակորդը տարածում է մեր մեջ, որ հանձնվենք։
Ես իմ կյանքի 3 տարիները դրա համար չէ, որ դրել եմ ձեր ու իմ միջավայրը մաքուր պահելու համար։ Ո՞ւմն է այդ սարը, եթե ոչ ձերը։ Ի՞նչ է լինելու 5, 10 տարի հետո. սերունդը մեծանալու է ու նայելու է մեր աչքերին։
Մի՛ վախեցեք, մի՛ հուսահատվեք, պայքարի մեջ դուք հրաշալի եք եղել, և դա է ձեր իսկական կերպը…
3․2․ Փորձագիտական ​​համայնք
Սիրելի՛ փորձագետներ, շատերիդ համար հիասթափեցնող եղավ այն, որ ձեր ներուժով ապացուցված բազմաթիվ հարցեր ուղղակիորեն անտեսվեցին։ Մի տեսակ պետություն երևույթն ինքն իրեն ծաղրեց՝ այս ամենն անտեսելով։ Բայց ժողովուրդը լավ չի ընկալում այս բոլորը և վարչապետի վերջին ելույթը, որտեղ հնչում է այն միտքը, թե բոլոր խնդիրները հարթվել են, իսկապես մոլորեցնում է շատերին։ Իսկապես ծաղր էր ձեր տարիների աշխատանքի այս ամենին, բայց լռելու տեղ չկա։ Եթե ​​մարդիկ դուրս գան պայքարելու, ձեր ձայնը կրկին ու կրկին շատ է լինելու։ Պետք է նորից ու նորից խոսել…
3․3․ Քաղաքացիական շարժումներ
Երիտասարդությունն այստեղ որոշիչ դեր ունի։ Սա հրաշալի հարթակ է փորձություն ձեռք բերելու համար. ինչպես պայքարել, ինչպես տեր կանգնել սեփական իրավունքներին, ինչպես տեր կանգնել պետությանը, երբ քաղաքական դաշտը մերկ է։
3․4․ Մտավորականություն
Այստեղ ուզում եմ դիմել նրանց, ովքեր ոլորտի հետ կապ չունեն և հաճախակի լռում են, որովհետև վախենում են օգտագործվել կամ սխալվել։
Սիրելինե՛ր, այս հարցն անզեն աչքով գնահատելի է, պետք չէ լռել, ձեր խոսքը հանրային շրջանակները մեծացնում և ներգրավում է մարդկանց։ Լռելն էլ է կարծիք. արդյո՞ք անհրաժեշտ է ապավինել այդ կարծիքին։
Ամփոփելով այս ամենը՝ ուզում եմ ցիտել Մովսես Գորգիսյանին. «Մենք միշտ կսգանք, եթե չպայքարենք…»

Աղբյուրը`   Գեղամ Օհանյան