Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը
51
Այսօր, 22:30

Հոկտեմբերի 19-ին Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկեց Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 22-ը։
Գիտաժողովի առաջին օրը Մխիթարյան թանգարանում բացվեց ցուցահանդես՝ ներկայացնելով Մխիթար Աբբահոր անձնական իրերը, ձեռագիր փաստաթղթերը և նրա հեղինակած գրքերը։
Ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում նորովի արժևորելու հայ մեծանուն հոգևորականի, գիտնականի և մշակութային գործչի կյանքն ու բազմաբեղուն ժառանգությունը։
✅ Այնուհետև տեղի ունեցավ գիտաժողովի լիագումար նիստը, որի բացման ընթացքում Գերշ. Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և ողջույնի խոսքը։
Վեհափառ Հայրապետն իր խոսքում բարձր գնահատեց Մխիթար Սեբաստացու գիտակրթական և մշակութային վաստակը՝ ընդգծելով նրա բացառիկ դերը հայ ժողովրդի ազգային ինքնության, լեզվի, պատմական հիշողության և մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման գործում։ Հայրապետն անդրադարձավ Սուրբ Ղազար կղզում հիմնադրված Մխիթարյան միաբանության պատմական առաքելությանը՝ նշելով, որ միաբանության հայրերի հայագիտական, պատմագիտական, եկեղեցագիտական, քերականական և բառարանագիտական աշխատությունները նշանակալի նպաստ են բերել հայ մտքի զարգացմանն ու ժամանակակից գիտական մտածողության ձևավորմանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մխիթար Սեբաստացու ժառանգությունը ոչ միայն անցյալի մեծարժեք վկայություն է, այլև այսօր գիտության, կրթության և ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանը միտված նոր ջանքերի ոգեշնչման աղբյուր։ Նրա կյանքն ու գործունեությունը վկայում են, որ ազգային ինքնության պահպանումը համատեղելի է այլ ժողովուրդների ու մշակույթների հետ երկխոսության, համագործակցության և նրանց լավագույն ձեռքբերումներին հաղորդակից լինելու հետ։
Վեհափառ Հայրապետն իր խոսքն ավարտեց աշխարհին և ժողովուրդներին խաղաղություն մաղթող աղոթքով՝ հայցելով Աստծո զորակցությունը Մխիթարյան միաբանությանը և հաջողություն՝ գիտաժողովի աշխատանքներին։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն առաջիկա երկու օրերին՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականների զեկուցումներով։