Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Աշխարհ, դու ե՞րբ ես աշխարհ դառնալու…». այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

«Աշխարհ, դու ե՞րբ ես աշխարհ դառնալու…». այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է
1158
Երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ., 16:30

«Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, բայց չէի ուզի, որ որևէ մեկը զգար այն, ինչ իմ ներսում է, որովհետև մի արտառոց անհագստություն է, նաև՝ խճճված վիճակ: Երբ տխուր եմ, փակվում եմ իմ մեջ»,- մի առիթով ասել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը:

Սիրված երգչուհին ծնվել է 1957թ. այս օրը՝ Գյումրիում: Հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան տան ամենափոքր երեխան էր:

Ֆլորա Մարտիրոսյանն ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 1973թ. նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին: Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: 1987թ. նա ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ և մի քանի տարի անց՝ 1991թ. ընտանիքով տեղափոխվում ԱՄՆ՝ Լոս Անջելես:

1997թ. նրանք վերադառնում են Երևան և երգչուհին մինչև 2001թ. գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 2001թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես:

2002թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա: 2007թ. հիմնում է “Artists for Pease” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան աստղեր: “Never Again” (Այլևս երբեք) կարգախոսով նրանք իրենց ձայնն էին բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների:

2011 նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի է ունեցել առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուանդերը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և ուրիշներ:

Շատերին էր հայտնի, թե Ֆլորայի համար ինչպիսի նոր իմաստավորում էր ստացել «Աշխարհ, դու ե՞րբ ես աշխարհ դառնալու…» երգը: Նա ամեն օր ապրում էր այդ երգով, այդ երգի խոսքերով:

Վաղուց ոչնչով չեմ ուրախանում,
Կյանքս արցունքի հովիտ է մի լայն,
Կատարյալ ոչինչ չկա աշխարհում,
Անէությունն է կատարյալ միայն:
Հույսերիս վերջին մոմերն են մարում
Ցուրտ մոխրի վրա ավերված սրտիս,
Տանուլ տվածս շահ եմ համարում
Եվ չեմ տարբերում գույժ ու ավետիս:
Ով ինչպես կուզի, դժոխքը՝ դրախտ,
Եվ անեծքը թող օրհնանք համարի,
Մեկ է, ես պիտի չքվեմ ու գնամ,
Աշխարհում թողնեմ իմ տեղն ամայի:
Դու, առ ու փախի, ավարի աշխարհ,
Խաբեության ու խավարի աշխարհ,
Հողի տակ է՞լ եմ ես դառնանալու,
Աշխարհ, դու ե՞րբ ես աշխարհ դառնալու…:

«Ինչու ափսոսամ».Ֆլորա Մարտիրոսյան

Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 55 տարեկանում՝ 2012թ. նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում, վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: