«Սերժ Սարգսյանը, թերևս, ուզում էր Կարեն Կարապետյանին տեսնել վարչապետ». քաղաքական մեկնաբան
273
Կիրակի, 02 մայիսի, 2021 թ., 01:04
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի դիտարկում, մի քիչ երկար: Այս մասին էլի եմ խոսել: Սերժ Սարգսյանը հարցազրույցում ասում է, որ Կարեն Կարապետյանին ասել է, թե ճիշտ կլինի, որպեսզի Հայաստանից բանակցողը չփոխվի, որ մեր դիրքերը չթուլանան: Կարեն Կարապետյանն էլ համաձայնել է: Սերժ Սարգսյանը իր ներկայիս բացատրություններով, իհարկե, գլխավորապես փորձում է լուծել մի խնդիր՝ նախկին կառավարման համակարգի ընտրազանգվածի շրջանակում ցրել կասկածները, որ սերմանում է այդ թվում Ռոբերտ Քոչարյանի թիմը, և պայքարել դիրքերը պահելու համար: Իրականում, ինչպես մեկ անգամ խոսել եմ, Սերժ Սարգսյանը, թերևս, ուզում էր Կարեն Կարապետյանին տեսնել վարչապետ: Երբ 2016-ին նա փոխարինեց Հովիկ Աբրահամյանին, Հայաստանում կար գերակշռող կարծիք, թե Ռուսաստանը պարտադրեց Կարեն Կարապետյանին, նաև 2018-ի հեռանկարով: Թե այդ ժամանակ բազմաթիվ հոդվածներում եմ խոսել, թե հետագայում, որ Կարեն Կարապետյանի նշանակումը չեմ համարել Ռուսաստանի նախաձեռնություն կամ պարտադրանք: Դա համարել եմ Սերժ Սարգսյանի նախաձեռնություն, որը հեռանկարում ուներ նաև որոշակի հաշվարկ՝ թողնել վարչապետի պաշտոնը Ռուսաստանի հետ անմիջական, անհերքելի ասոցիացիա ունեցող անձի, դրանով փորձելով կաշկանդել Ռուսաստանին Արցախի հարցում, որպեսզի Ռուսաստանը չկարողանա մանևրել Հայաստանի վրա պատասխանատվությունը թողնելով: Չգիտեմ, առաջարկն ընդունելիս Կարեն Կարապետյանի հետ խոսվե՞լ է այդ մասին բաց, կամ Կարապետյանը պատկերացրե՞լ է դա: Ի վերջո իմ այս գնահատականն էլ ընդամենը իմ սուբյեկտիվ մեկնաբանությունն է: Բայց, 2017-ի մարտին՝ խորհրդարանի ընտրությունից առաջ Սերժ Սարգսյանն այցելեց Մոսկվա, որտեղ եղավ Պուտինի հետ հեռակա բավականին հետաքրքիր ուղերձների փոփոխություն: Պուտինը հայտարարեց, որ հույս ունեն անցումային շրջանը Հայաստանը կանցնի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այսինքն, Ռուսաստանը հայտնեց վարչապետի պաշտոնը Կարեն Կարապետյանին թողնելու իր անհամաձայնությունը: Սերժ Սարգսյանն էլ նույն այցի ժամանակ ՄԳԻՄՈ-ում ելույթում բավականին թափանցիկ ակնարկեց, որ ապրիլյան քառօրյայի պատասխանատուն Ռուսաստանն է: Սարգսյանը, թերևս, մինչև վերջին պահը ակնկալում էր հաջողացնել վարչապետի պաշտոնը «Ռուսաստանի մարդուն» փոխանցելը: Այդ համատեքստում է, թերևս, Արմեն Սարգսյանի նախագահության հանգամանքը: 2018 թվականի փետրվարին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արմեն Սարգսյանը պատասխանում է Արցախի հարցում բանակցողի մասին հարցին, թե ով է բանակցելու 2018-ից հետո՝ նախագահը, թե վարչապետը: Կարծում եմ՝ կասկած չկա, որ հարցը չի հնչում, այսպես ասած, հանպատրաստից: Եթե կա որոշում, որ Սերժ Սարգսյանը գնում է վարչապետ, մի՞թե պարզ չէ, որ բանակցելու է նա: Ինչո՞ւ է «Շանթ»-ը Արմեն Սարգսյանին հարցնում, թե ով է բանակցելու՝ նախագահը, թե վարչապետը; Եվ ինչ է պատասխանում Սարգսյանը: Նա պատասխանում է, իհարկե, բառացի չեմ մեջբերում, որ երբ կլուծվի վարչապետի հարցը, բոլորով կհավաքվենք ու կորոշենք, թե ով է բանակցելու: Կրկնեմ, դա 2018-ի փետրվարն էր: Մեծ հավանականությամբ, եթե հաջողեր վարչապետի պաշտոնը թողնել Կարեն Կարապետյանին, բանակցող լինելու էր Արմեն Սարգսյանը: Բայց, Ռուսաստանին բացարձակ պետք չէր, որ Հայաստանում վարչապետ լինի իր հետ անբեկանելի ասոցիացիա ունեցող մարդ: Իսկ Սերժ Սարգսյանն ինքն այդպիսին չէր, և ի լրումն դրա նաև ունենալու էր լեգիտիմության գերդեֆիցիտ, ինչը հիանալի առիթ էր Հայաստանի և Արցախի հետ կատարվող ամեն ինչ վերագրել դրան»: