«Հետևանքը լինելու է նույնը՝ ինքնախաբեություն»․ Հակոբ Բադալյան
274
Շաբաթ, 02 նոյեմբերի, 2024 թ., 17:42
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Ինչպե՞ս ժամանակի ընթացքում հետևողականորեն աղավաղվեց հայ-ռուսական հարաբերությունը, դրա հասարակական ընկալումը: Գերագնահատված, իրականությունից կտրված սպասումներով: Օրինակ, երբ տասնամյակ առաջ ես, և մի քանի այլ մարդիկ գրում էին, որ Ադրբեջանը ընտրել է պատերազմի վարքագիծն ու ակնկալել, թե Ռուսաստանը այդ դեպքում լինելու է Հայաստանին դաշնակից՝ մոլորություն է, այսօր օրը մի քանի անգամ Ռուսաստանի լուսանկար պատռողներից շատերը՝ որոշները մերձիշխանական, որոշները պարզապես իշխանական, այն ժամանակ թիրախավորում էին մեզ՝ այդ հարցերը և կասկածները հնչեցնողներիս, ասելով, թե այդպես մենք շեղում ենք հանրության բուն խնդրից՝ Սերժ Սարգսյանից: Հիմա, հենց այդ նույն մարդիկ, ի պատասխան այն քննադատությունների, թե Հայաստանի հետ տեղի ունեցածի պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, փութաջանորեն ասում են՝ Փաշինյանն ինչ անի, ամբողջը Ռուսաստանն էր մեղավորը՝ «մեզ դավաճանեց»: Ինչու եմ հիաշատակում այս ամենը: Ինչպես ժամանակին «կասկածից դուրս» է դրվել Ռուսաստանը, իսկ գործնականում՝ հայ հանրությանը մատնել են ինքնախաբեության, այսօր էլ «կասկածից դուրս» է դրվում Արևմուտքը՝ «հավաքական», թե առանձին-առանձին: Իսկ հետևանքը, մեծ իմաստով, լինելու է նույնը՝ ինքնախաբեություն: Որովհետև, աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի ոչ միայն չի կարելի դնել կասկածից դուրս, այլ պետք է կասկածի տակ պահել միշտ, կասկածել նրանց ամեն քայլին, բառին, տառին: Այդպիսի հանրություններն ու նրանց ներկայացնող վերնախավերն են վայելում հարգանք այդ կենտրոնների քաղաքական որոշումներ մշակողների և կայացնողների մոտ: Նրանք պետք է գիտենան, որ հայ հասարակությունը, հայ ժողովուրդը իրենց հետ աշխատում է ոչ թե իրենց ժպիտին կամ բարեհունչ հայտարարություններին արժանանալու համար, այլ աշխատում է ընդհանուր շահեր գտնելու համար՝ միաժամանակ շատ լավ պատկերացնելով, թե որտեղ է, ինչ հարցերում է, որ այդ շահերը ոչ միայն բաժանվում են, այլ նույնիսկ հակադրվում: Քանի որ այդպիսի սուբյեկտների պարագայում է, որ դիմացինը վստահ է լինում, որ գործ ունի քաղաքականապես, աշխարհաքաղաքականապես ադեկվատ գործընկերոջ հետ: Միևնույն ժամանակ, իհարկե բոլոր կենտրոնները անում են առավելագույնը, որպեսզի հատկապես ի դեմս մեր տրամաչափի երկրների՝ չունենան այդպիսի գործընկեր, այլ լինեն այդ երկրներում «կասկածից դուրս»: Որովհետեւ, հակառակ պարագայում իրենք էլ ստիպված են լինելու աշխատել նույնի՝ շահերի խորքային համադրման, հետեւաբար՝ փոխադարձ շահերը հաշվի առնելու տրամաբանությամբ, դուրս գալով պարզապես կոսմետիկ բնույթի գործողություններով սրտեր գերելու հարմարավետության զոնայից: Դրա համար բոլորը աշխատել ու աշխատում են Հայաստանում իրենց «կասկածից դուրս դնելու» ռեժիմն ապահովելու ուղղությամբ»։