«Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր «գաղափարական» ուղերձը հղեց Արցախյան շարժման նախօրյակին». Արմեն Հովասափյան
126
Երեկ, 12:48
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատմության ընթացքում քանիցս հող և պետականություն կորցրած ժողովուրդն իր գենետիկ հիշողության խորքում մշտապես կենդանի է պահում անարդարության հանդեպ իր վերաբերմունքը։ 1988 թվականը այդ անարդարության դեմ հայ ժողովրդի ընդվզման հերթական փուլն էր, հերթական, բայց գուցե կարևորագույնը։ Ուղիղ 37 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց Արցախյան շարժմանը՝ գործընթաց, որը շրջադարձային էր հայ ժողովրդի գիտակցության և աշխարհընկալման ձևավորման մեջ։ Ցավոք, մենք չկարողացանք լիարժեք օգտագործել այդ շարժման արդյունքները, և, ի վերջո, դարձանք դավաճանության ու աշխարհաքաղաքական առուծախի զոհը։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր մեկժամյա «գաղափարական» ուղերձը հղեց հենց երեկ՝ Արցախյան շարժման նախօրյակի օրը։ Այս քայլով նա փորձեց հանրությանը ներկայացնել մի հակագիտական բառակույտ, որը նպատակ ուներ մարդկանց հիշողության մեջ «ռեֆորմ» իրականացնել։ Իր կողմից հորինված և որևէ քաղաքագիտական հիմք չունեցող եզրերն ու գաղափարները նա ներկայացրեց որպես «խոհափիլիսոփայական» դեկրետ, որը պետք է դառնա հայ ժողովրդի ուղենիշ և հիմք հանդիսանա ազգի «վերածննդի» համար։ Իրականում, սա ընդամենը մանիպուլյացիա է, որի մեթոդները հիշեցնում են XX դարի 20-ական թվականների ռազմական կոմունիզմի գործելակերպը։ Տեսեք՝ ինչ ուղերձ է գեներացնում Նիկոլը. «Գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է և պետք է արտահայտվի պետական հանրային կյանքի բոլոր ոլորտներում»։ Սա հնչում է որպես պարտադրանք, որով նա փորձում է Հայաստանում հաստատել գաղափարական միակողմանիություն՝ ստեղծելով կրոնադավանաբանական սեկտային բնորոշ համակարգ, որտեղ այլախոհությունն ու բազմակարծությունը դառնում են դատապարտելի։ Եթե Նիկոլը ձգտում է ձևավորել գաղափարախոսություն, որը պարտադիր կերպով պետք է կիրառվի հանրային կյանքում, ապա սա հակասահմանադրական քայլ է։ Գործող Սահմանադրությունն ապահովում է գաղափարական բազմակարծությունը (պլյուրալիզմը) և հստակ սահմանում է, որ «ՀՀ-ում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունն ու բազմակուսակցական համակարգը»։ Այսպիսով, մենք գործ ունենք մի նեոբոլշևիկ իշխանության հետ, որը բացառում է այլընտրանքային մտածողությունը և ձգտում է պետության վրա տարածել միայն իր գաղափարական օրակարգը։ Հիշողությունը մարդկության տիեզերական պարգևներից մեկն է, որը շատ հաճախ ճգնաժամային ու փակուղային իրավիճակներում դառնում է ազգի գլխավոր խթանիչ ուժը՝ միավորելով այն որպես հավաքական մարմին։ Հայ ժողովուրդն իր վերջին 37 տարվա պատմությունն ու պայքարը չի մոռացել։ Նա հստակ հիշում է, թե ինչ զրկանքների միջով է անցել և ինչպես ընդամենը յոթ տարվա ընթացքում այդ ամենը փոշիացվեց մի խումբ աշխարհաքաղաքական «գաստրոլյորների» ձեռամբ։ Պատմությունը ցույց է տվել, որ նույնիսկ ամենամեծ կորուստներից հետո, երբ թվում է, թե ազգային դիմադրությունը ճնշված է, հավաքական կամքը վերածնվում է։ Այսօր՝ երբ մեզ պարտադրում են մտածողության ու ազգային ինքնության դեֆորմացիա, երբ փորձ է արվում մաշեցնել մեր պատմական հիշողությունը, ամենամեծ մարտահրավերը մնում է ինքնագիտակցության պահպանումն ու վերականգնումը։ Չմոռանանք, որ որևէ ռեժիմ հավերժ չէ, բայց ազգային կամքը՝ եթե չկոտրվի, անպայման գտնելու է վերածննդի ճանապարհը։ Հայ ժողովուրդը կարող է կորցնել ժամանակ, տարածք, նույնիսկ ուժ, բայց եթե նա պահպանի իր ազգային ինքնությունը, ապագան միշտ լինելու է հաղթողի կողմում։ Հետևաբար, մեր խնդիրն է չտրվել գաղափարական կեղծարարությանը, չմոռանալ մեր պայքարի գինը և պատրաստ լինել այն պահին, երբ պատմությունն իր հերթական հնարավորությունը կտա վերականգնելու ազգային իրավունքներն ու արժանապատվությունը»: