Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«ՀՀ-ի լավ ապագան կախված է հստակ գաղափարախոսության ձևավորումից»․ Արմեն Գալջյան

«ՀՀ-ի լավ ապագան կախված է հստակ գաղափարախոսության ձևավորումից»․ Արմեն Գալջյան
146
Երեկ, 16:24

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայտնում եմ իմ համաձայնությունը Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։
Պետք չէ ակնկալել, որ այս ամենը հեշտ է ընկալվելու և ընդունվելու։ Այն մարդիկ, ովքեր իրենց կհամարեն այս գաղափարախոսության կրողը, պետք է պատրաստ լինեն ընդունելու քննադատություններ, վիրավորանքներ, դատափետումներ, ինչպես նաև ժամանակավորապես դավաճանի և հողատուի պիտակներ կրելու ծանր ճանապարհ անցնելուն։ Բայց իմ խորհուրդն է ձեզ՝ չվախենալ այդ ամենից, քանի որ ճիշտ ճանապարհը երբեք հեշտ չեն անցնում։ Ինչպես որ որակյալ ճանապարհ կառուցելն է բարդ և երկար գործընթաց՝ համեմատած անորակ ճանապարհ կառուցելու հետ, որը հեշտ է և արագ, այնպես էլ ճշմարիտ ցանկացած ճանապարհ՝ լինի դա կյանքում, թե քաղաքականության մեջ, լինելու է բարդ ու մարտահրավերներով լի։ Եվ որպես այս բարդ ճանապարհի առաջին քայլ, առաջարկում եմ, որ այն արտահայտվի ձեր կողմից՝ գաղափարախոսությանը հրապարակային համաձայնություն հայտնելը: Ավելին կարծում եմ, որ հենց այս առաջին քայլն է ամբողջ ճանապարհի ամենաբարդ քայլը, քանի որ քայլ չանելը երաշխավորում է անհաջողություն, իսկ քայլ անելը արդեն իսկ որոշ չափով քեզ մոտեցնում է քո նպատակին և քեզ հանում է վախերի և բարդույթների վանդակից:
Եթե դուք ձեզ համարում եք սոցիալիստ կամ լիբերալ, պետք չէ կարծել, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությանը համաձայնություն հայտնելով ինքնաբերաբար հրաժարվում եք սոցիալիզմից կամ լիբերալիզմից։ Ընդհակառակը, դուք դրանցով լրացնում եք Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, քանի որ շատ այլ ազգերում էլ կան լիբերալներ և սոցիալիստներ, բայց նրանք չեն կարող լինել Իրական Հայաստանի գաղափարախոսության կրողը, քանի որ այն հայերի և նրանց պետության մասին է, ելնելով իր դարավոր պատմությունից, ազգային առանձնահատկություններից և պետության առկա մարտահրավերներից։
Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության լավ ապագան կախված է հստակ գաղափարախոսության ձևավորումից, որը կխթանի պետականության ամրապնդումն ու զարգացման նոր մակարդակ կբերի մեր հասարակական և քաղաքական կյանքում։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը համապարփակ մոտեցում է, որը միավորում է ազգային ինքնության, պետականության հզորացման, ժողովրդավարական արժեքների և տնտեսական առաջընթացի հիմնարար սկզբունքները։
Այն գաղափարը, որ հայրենիքը պետք է նույնացվի պետության հետ, իսկ պետական ինստիտուտների հանդեպ հավատարմությունը դիտարկվի որպես հայրենասիրության հիմնական դրսևորում, իմ խորին համոզմամբ, կարող է դառնալ քաղաքացիական նոր որակի գիտակցության ձևավորման առանցքային գործոն՝ կենացներից դեպի գործուն և առարկայական դաշտ անցնելով։ Հատկապես կարևոր եմ համարում հայրենասիրության նոր ընկալումը, ըստ որի հայրենիքը նույնացվում է Հայաստանի Հանրապետության հետ՝ ընդգծելով ոչ միայն հուզական, այլև իրավական ու քաղաքական պատասխանատվությունը պետության նկատմամբ, ինչը չի նշանակում, որ պետք է մոռանալ կամ հերքել քո ազգի պատմությունը կամ աշխարհի տարբեր վայրերում պատմամշակութային ժառանգությունները, բայց դրանց գնահատումը չպետք է արտահայտվի պաթետիկ ճառաբանությամբ և քո ինքնիշխան պետության հիմքերը թուլացնելու հաշվին։ Այս մոտեցումը խթանում է հանրային գիտակցության զարգացումը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր առջև տեսնում է ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ՝ պետության կայունության ու զարգացման հարցում։
Ազգ և ժողովուրդ հասկացությունները փոխկապակցված են, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է դրանց տարանջատումը՝ պետականության և հասարակության փոխհարաբերությունների վերաիմաստավորման տեսանկյունից։
Կարևոր եմ համարում նաև այն դրույթը, որ պետությունը պետք է լինի հնարավորինս անկախ, ինչը ենթադրում է քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելու ռազմավարություն։ Այլ կերպ ասած՝ պետությունը պետք է զարգացնի հարաբերություններ և ստեղծի շահեր շատերի հետ, քանի որ փոխշահավետ կապերն ինքնաբերաբար ենթադրում են որոշակի փոխկախվածություն։ Սա հատկապես արդիական է միջազգային հարաբերությունների նոր դինամիկայում, որտեղ փոխկախվածության ճիշտ մոդելը կարող է ապահովել ավելի կայուն և պաշտպանված պետություն։
Ամփոփելով՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունն իր կառուցվածքով, բովանդակությամբ և նպատակադրումով միանշանակ արժանի է խորքային և երկարաժամկետ քննարկման ու ազգային ռազմավարության մաս դառնալու։ Կարելի է ունենալ տարբեր կարծիքներ որևէ բառի, եզրույթի, դրույթի կամ դրանց ստուգաբանական կիրառության վերաբերյալ և դրանք փոխարինել այլ հոմանիշներով՝ ճաշակի տարբերություններից ելնելով, բայց այդ տարաձայնությունները չեն կարող հիմք հանդիսանալ այս գաղափարախոսության հետ սկզբունքորեն չհամաձայնվելու համար։ Հենց դրա համար էլ ստեղծված է հնարավորություն՝ սեփական առաջարկների միջոցով գաղափարախոսության դրույթներում և դրանց մեկնաբանություններում փոփոխություններ իրականացնելու։
Այս գաղափարախոսությունը կարող է դառնալ այն ուղենիշը, որը կձևավորի ժամանակակից, ինքնաբավ, ուժեղ և մրցունակ պետություն՝ առնվազն առաջիկա տասնամյակների համար։ Այն դասական քաղաքական գաղափարախոսություններից (օրինակ՝ սոցիալիզմից, պահպանողականությունից կամ լիբերալիզմից) տարբերվում է նրանով, որ իր մեջ ներառում է ժամանակակից գաղափարախոսությունների տարբեր տարրեր։ Հետևաբար, այն կարող է ընդգրկել հայ հասարակության բոլոր շերտերին, ինչը տվյալ դեպքում առավելություն է։
Ըստ իս՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հաջողության հասնելու դեպքում, առնվազն իր որոշ դրույթների մասով տարիների, տասնամյակների ընթացքում հենց այն կրողների կողմից կարող է փոխակերպվել, ճյուղավորվել, կատարելագործվել և այլ կերպ արտահայտվել հասարակական հարաբերություններում, որպես արդեն իսկ առկա դասական գաղափարախոսությունների հավելում:
Հայաստանի Հանրապետության պատմությունը, հատկապես վերջին 30 տարիներին իր առկա մարտահրավերներով, զգալիորեն տարբերվում է, օրինակ, արևմտյան Եվրոպայի երկրների մարտահրավերներից՝ համենայն դեպս մինչ այժմ։ Հետևաբար, մեզ անհրաժեշտ է այնպիսի գաղափարախոսություն, որը կմիավորի ազգը, ժողովրդին և պետությունը մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ պահպանել և հզորացնել Հայաստանի Հանրապետությունը»:

Աղբյուրը`   Արմեն Գալջյան