Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

Սամվել Բաբայանը հարցաքննվեց դատարանում. Գառնիկ Իսագուլյանը ներողություն խնդրեց նրանից

Սամվել Բաբայանը հարցաքննվեց դատարանում. Գառնիկ Իսագուլյանը ներողություն խնդրեց նրանից
413
Երեկ, 15:06

Ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 31–ին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Բաբայանը դատարանում նշեց, որ 2008 թվականից ճանաչում է Գարեգին Իսագուլյանին, սակայն որևիցե հարաբերություն չունի նրա հետ։

«Ինձ զրպարտել է, ես էլ դիմել եմ քաղաքացիական դատարան, ես քրեական գործի ենթադրություն չեմ ունեցել»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ ինքը թշնամական հարաբերություն ոչ մեկի հետ չունի։

Դատախազը՝ դիմելով Սամվել Բաբայանին, նշեց. «Livenews.am և Mamul.am լրատվական կայքերում հրապարակումներ են եղել, որտեղ նշվել է, որ դուք կազմակերպել եք, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, Սերժ Սարգսյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի, Արթուր Աղաբեկյանի, Ամարասի Արթուրի՝ Արթուր Ալեքսանյանի դեմ սպանության նախապատրաստությունը։ Բացի դրանից, Բաքվի բանտում գտնվելու ժամանակ թուրքերի պահանջով բազմաթիվ հայերի տանջամահ եք արել։ Այս հայտարարությունների հե՞տ են կապված ձեր հայցերը դատարանում»։

Սամվել Բաբայանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ դա զրպարտանք է, և այդ հայտարարությունների հետ կապված դիմել է քաղաքացիական դատարան, սակայն դեռ դատաքննությունը չի սկսվել։

Հարցին՝ ի՞նչ դրդապատճառ, շարժառիթ կարող էր ունենալ Գառնիկ Իսագուլյանը նման հայտարարություններ անելու համար, ինչու է թիրախավորվել հենց ինքը, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես կխնդրեի այդ հարցը ուղղել Գառնիկ Իսագուլյանին, որովհետև ես չգիտեմ՝ ինչ դրդապատճառ է ունեցել ինքը։ Ես որևիցե խնդիր չեմ ունեցել այդ անձի հետ, կոնֆլիկտ չեմ ունեցել, ես ի՞նչ իմանամ իր գլխում ինչ է եղել, ինչու է իմ մասին էդ հայտարարությունն արել»։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այդ հայտարարություններից հետո ինքը առիթներ ունեցել է շփվելու, հարցեր ուղղելու Իսագուլյանին, ՊԲ նախկին հրամանատարն ասաց. «Ես չեմ շփվել իր հետ, ընդհանրապես, ես հասկանում եմ դա քաղաքական կոնտեքստում։ Մարդիկ իրենց հայտարարություններն են անում, դրա համար կա քննչական մարմին, եթե հայտարարության մեջ ասվածը ճշմարտություն է, հարցաքննել, ճշտել, եթե ես այդ անձն եմ, ձերբակալեն, եթե չէ՝ նեղություն խնդրեն»։

Գառնիկ Իսագուլյանը ներողություն խնդրեց՝ ասելով․ «Մարտական ընկերոջիցս ներողություն եմ խնդրում այն բաների համար, որ ասել եմ։ Դե պատերազմը պարտվել ենք, և ամեն մեկս որոշակի մեղավորություն ունենք»։

Սամվել Բաբայանը հարցաքննվեց դատարանում. Գառնիկ Իսագուլյանը ներողություն խնդրեց նրանից