«Օրական 2 փաթեթ չիպս ուտելը մեծացնում է կյանքին սպառնացող սրտային խնդիրների առաջացման ռիսկը». Արմեն Մուրադյան
92
Երեկ, 23:12
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առողջ սննդակարգով ապրեք, մի չարաշահեք ձեր օրգանիզմի հնարավորությունները․ Իմացեք, օրական 2 փաթեթ չիպս ուտելը, մեծացնում է կյանքին սպառնացող սրտային խնդիրների առաջացման ռիսկը Գիտնականները հաստատում են, որ վերամշակված սնունդը (ultra-processed food) կախվածություն է առաջացնում, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե ինչպես է այն «վերադասավորում» ուղեղի աշխատանքը /հոկտեմբերի 21-ին բրիտանական «Daily Mail» պարբերականում հրապարակված հոդվածի/: Բարձր վերամշակված մթերքները վաղուց կապված են ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների և դեմենցիայի առաջացման բարձր ռիսկի հետ, սակայն այժմ գիտնականներն ասում են, որ դրանք պարբերաբար ուտելը կարող է ֆիզիկապես փոխել ուղեղի աշխատանքը՝ հավերժացնելով չափից շատ ուտելու արատավոր շղթան: Ապացույցները ցույց են տալիս, որ այն մթերքները, որոնք հաճախ պարունակում են հավելումներ, էմուլգատորներ և կոնսերվանտներ՝ համը բարելավելու և պահպանման ժամկետը երկարացնելու համար, նպաստում են գիրության հետ կապված հիվանդությունների կայուն աճին, ինչպիսիք են շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունը և դեմենցիան: «Nature» ամսագրում հրապարակված ուսումնասիրության ընթացքում մասնագետները նպատակ են ունեցել պարզել, թե արդյոք ուղեղի այդ փոփոխությունները տեղի են ունենում պարզապես ճարպակալման արդյունքում, թե ճարպակալումից անկախ մեխանիզմների միջոցով: Գիտնականների միջազգային խումբը վերլուծել է բրիտանական Բիոբանկի կողմից անցկացված հետազոտության ավելի քան 33,000 մասնակիցների ուղեղի սկանավորման նկարները և պարզել, որ այն մարդկանց մոտ, ովքեր ավելի շատ վերամշակված մթերքներ են օգտագործել, ուղեղը զգալիորեն փոխվել է, ինչը կարող է բացատրել սննդային կախվածությունը: «Մեր արդյունքները ցույց են տալիս, որ բարձր վերամշակում անցած մթերքների չափից ավելի մեծ քանակությամբ օգտագործումը կապված է ուղեղի աշխատանքի տարբերությունների հետ», - բացատրում է Հելսինկիի համալսարանի ուղեղի հետազոտության փորձագետ, հետազոտության համահեղինակ պրոֆեսոր Արսեն Կանյամիբվան: Հետազոտության ընթացքում գիտնականները հետևել են միջին տարիքի 33,654 մասնակիցների, ովքեր լրացրել են առցանց սննդային հարցաթերթիկ և արյան անալիզներ են հանձնել ուղեղի սկանավորումից մոտ ութ տարի առաջ: Երբ քաղցի զգացողության ուղեղի կարգավորումը խաթարվում է, մարդիկ կարող են զգալ այդ մթերքների ավելի մեծ քանակի անհրաժեշտություն՝ չնայած կուշտ լինելուն և կորցնել վերահսկողությունը, թե որքան են ուտում: Հետազոտողները եզրակացրել են, որ ուղեղի այս հատվածի վնասումը, որը պատասխանատու է համի և սննդի կախվածության համար, «կարող է նպաստել վատ սննդային վարքագծի ձևավորմանը, օրինակ ՝ վերամշակված սննդի չարաշահման և նյութափոխանակության խանգարումների, ինչը էլ ավելի է սրում արատավոր շրջանը»: Հետազոտողների կարծիքով, այս փոփոխությունները կարող են արտացոլել ճանաչողության անկման, ուղեղի կծկման և բջիջների կորստի վաղ նշաններ, որոնք կարող են թուլացնել սննդի նկատմամբ ինքնատիրապետումը և ամրապնդել սննդի նկատմամբ հարկադրական սովորությունները։ Այս տարվա սկզբին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ օրական ընդամենը 100 գրամ լրացուցիչ UPF-ների օգտագործումը՝ մոտավորապես երկու փաթեթ չիպս, մեծացնում է կյանքին սպառնացող սրտային խնդիրների առաջացման ռիսկը։ Ուսումնասիրության մեջ հետազոտողները գնահատել են Հյուսիսային և Հարավային Ամերիկան, Եվրոպան, Ասիան և Օվկիանիան ընդգրկող 41 ուսումնասիրություն, որոնց մասնակցել է 8,286,940 մեծահասակ։ Պարզվել է, որ UPF-ի օրական յուրաքանչյուր լրացուցիչ 100 գրամի օգտագործումը կապված էր սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի 5.9 տոկոս աճի հետ։ Սինգապուրում կայացած Ամերիկյան սրտաբանության քոլեջի (ACC) Ասիա 2025 համաժողովում ներկայացված արդյունքները նաև ցույց տվեցին, որ մեծահասակները 14.5 տոկոսով ավելի բարձր արյան ճնշման ռիսկ ունեին։ «UPF» ընդհանուր տերմինն օգտագործվում է գունանյութերով, քաղցրացուցիչներով և կոնսերվանտներով պատրաստված ցանկացած ուտելիքի համար, որը երկարացնում է սնունդի պահպանման ժամկետը։ Պատրաստի ուտեստները, պաղպաղակը և լոլիկի կետչուպը UPF ընդհանուր տերմինի տակ ընկնող ամենասիրված ապրանքների օրինակներից են։ Այժմ սա հոմանիշ է քիչ սննդային արժեք ունեցող սննդամթերքի։ Դրանք տարբերվում են վերամշակված սննդամթերքներից, որոնք ենթարկվում են փոփոխությունների՝ ավելի երկար պահպանման կամ համը բարելավելու համար, ինչպիսիք են չորացրած միսը, պանիրը և թարմ հացը։ Մեծ Բրիտանիան Եվրոպայում ամենավատ տեղում է UPF-ների օգտագործման առումով, որոնք կազմում են ազգային սննդակարգի մոտ 57 տոկոսը։ Մասնագետները խորհուրդ են տալիս առողջ սննդակարգով ապրել՝ չչարաշահելով մեր օրգանիզմի հնարավորությունները»: