«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ՀԱՍԵ-ի, հոգևորականների դեմ սանձազերծած արշավը»․ Լիլիթ Բլեյան
102
Այսօր, 20:29
Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐՇԱՎԸ Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (ՀԱՍԵ), Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին, որոնք հայտնվել են Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավի և հալածանքների թիրախում։ Գիտակցելով, որ այդ արշավը հակաօրինական է ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տեսանկյունից ու հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, խստորեն դատապարտում ենք Փաշինյանի և նրա որոշ աջակիցների այդ հանցավոր գործողությունները։ ՀՀ իշխանություններից պահանջում ենք.
◼ Անհապաղ դադարեցնել ՀԱՍԵ, Վեհափառ Հայրապետի և հոգևորականների դեմ սանձազերծած արշավը և որևէ պատրվակով այլևս երբեք չմիջամտել Եկեղեցու գործերին, ներքին կյանքին և ծեսերին։ ◼ Անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող հոգևորականներին և դադարեցնել նրանց ապօրինի քրեական հետապնդումը։ ◼ Ապօրինաբար զավթված Հովհաննավանքը անհապաղ վերադարձնել Մայր Աթոռի տնօրինությանը։ [Հավելում, 14 հունվարի, 2026]. Անհապաղ վերադարձնել Մայր Աթոռի տնօրինությանը ապօրինաբար զավթված Թալինի Սբ Աստվածածին եկեղեցին, Մասիս քաղաքի Սբ Թադեոս եկեղեցին և հովվատունը։ ◼ Վերականգնել «Շողակաթ» հեռուստաընկերության հանրային կարգավիճակը և եթերը։ ◼ Վերականգնել Վեհափառ Հայրապետի Ամանորի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստատեսությամբ իր ավանդական ժամին (դեկտ. 31, ժ. 23։40)։ * * * Հաշվի առնելով, որ վերոնշյալ հակաեկեղեցական արշավը կոպտորեն խախտում է ՀՀ բազում քաղաքացիների՝ հոգևորականների և հավատացյալների, իրավունքները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում ենք կատարել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքով սահմանված իր լիազորությունը. ❶ Ընդունել սույն հայտարարությունը որպես մարդու իրավունքների խախտման մասին բողոք և Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավի ընթացքում կատարված խախտումների քննություն նախաձեռնել՝ հոգևորականների և հավատացյալների ոտնահարված իրավունքների խախտումների դեպքերը բացահայտելու և գրանցելու համար։ ❷ Պատրաստել և հրապարակել արտահերթ զեկույց՝ նախորդ կետով նկարագրած իրավունքների խախտումների վերաբերյալ։ Հրապարակային և աներկբա գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի և իր որոշ կողմնակիցների հանցավոր գործողություններին։ ❸ Տեղեկացնել դրանց մասին համապատասխան միջազգային գործընկերներին։ Ազգային ժողովի պատգամավորներից պահանջում ենք. ❶ Հրապարակավ և աներկբայորեն դատապարտել Նիկոլ Փաշինյանի և իր որոշ կողմնակիցների հանցավոր գործողությունները։ ❷ Ստեղծել քննիչ հանձնաժողով և քննել Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ և իշխանական այլ լծակների ապօրինի օգտագործումը հակաեկեղեցական և անձամբ Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված արշավում։ Գիտակցելով ԵՄ աջակցության կարևորությունը Նիկոլ Փաշինյանի համար՝ հորդորում ենք ԵՄ անդամ երկրների պաշտոնյաներին դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները, ՀՀ իշխանություններից պահանջել մարդու իրավունքների և կրոնական ազատությունների վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։ Դիմում ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակաեկեղեցական արշավի պատճառով ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերն ուշադրության կենտրոնում պահելու և դրանք դատապարտելու կոչով։ Առաջարկում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրենին, նույն կառույցի կրոնի և հավատքի ազատության հարցերով փորձագիտական խորհրդի անդամներին շուտափույթ կերպով և բազմակողմանիորեն քննել ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերը և արդյունքների մասին տեղեկացնել ԵԱՀԿ ղեկավարությանը։ Առաջարկում ենք ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի՝ կրոնի և հավատքի ազատության հարցերով հատուկ զեկուցողին շուտափույթ կերպով և բազմակողմանիորեն քննել ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերը և արդյունքների մասին տեղեկացնել բարձր հանձնակատարին։ 21 դեկտեմբերի, 2025թ. Այսօր՝ հունվարի 14-ին, երկու հարյուրին մոտ արվեստագետներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, հանրային գործիչներ, տարբեր ոլորտների մասնագետներ միացել են Եկեղեցու դեմ իշխանությունների կողմից սանձազերծած արշավն անհապաղ դադարեցնելու պահանջով այս նամակին։ Ստորագրողների թարմացվող ցանկի հղումը ստորև՝