Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հայաստանն ունի բացառիկ հնարավորություններ` աշխարհին իր համերով ներկայանալու համար». Դավիթ Դավթյան

«Հայաստանն ունի բացառիկ հնարավորություններ` աշխարհին իր համերով ներկայանալու համար». Դավիթ Դավթյան
130
Այսօր, 22:24

Գյուղատնտես Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ կյանքի ամենալուրջ, ամենապատասխանատու հայտարարություններից մեկը:
Լինելով փոքր պետություն, աշխարհի քարտեզի վրա լինելով կետաչափ՝ միևնույն է, Հայաստանն ունի բացառիկ հնարավորություններ՝ աշխարհին իր համերով ներկայանալու համար: Երկու կարևոր հարստություն, որոնք մենք ունենք՝ բազմաշերտ կլիմայական գոտիներ և բազմատեսակ հողեր: Թերևս սա այն կարևորն է, որով կարելի է ոչ միայն ներկայանալ, այլ նաև մրցակցել աշխարհի շուկաներում:
Իսկ ի՞նչ ունենք այսօր.
Հիմնականում ավանդական, իրեն սպառած գյուղատնտեսություն, 50 և ավել տոկոս չմշակվող հողակտորներ, կիսատ անասնաբուծություն՝ նվազագույն ցուցանիշներով, աղքատության մեծ տոկոս գյուղական տնտեսություններում:
Ի՞նչ անել:
Մենք կարող ենք բողոքել, կասկածի տակ դնել վաղվա լավ օրը, բայց և կարող ենք նորոգել այն, դարձնել է´լ ավելի լուսավոր:
Եվ ուրեմն.
Թվային հարթակում՝ Յութուբում, հիմնում ենք «954 ձայն» մեդիա ալիքը:
Հարթակ, որը նպաստելու է գյուղերի, գյուղական տնտեսությունների զարգացմանը:
Հարթակ, որը բրենդավորելու է հայ արտադրողին, գյուղացուն: Բացահայտելու է հողի ռեսուրսները, ներկայացվելու են հաջողված օրինակները, որն էլ ոգեշնչման աղբյուր է հանդիսանալու գյուղերի համար:
Հանգույց, որը կապելու է գյուղը քաղաքին, կապ սպառողի և արտադրողի միջև:
Եվ վերջապես հարթակ, որը երբեք չի դառնա քաղաքական միավոր, ջուր չի լցնի այս կամ այն քաղաքական ուժի ջրաղացին և չի շեղվի համայնաշինության իր առաքելությունից:
Սա պարզապես մտահղացում չէ, սա ժողովրդական պահանջ է՝ ծնված տասնյակ հազարավոր հրապարակային մեկնաբանություններից, միլիոնավոր դիտումներից:
Սա իմ շնորհակալությունն է ձեզ, սիրելիներս:
Ժամանակն է արդեն գործել թիմով՝ էլ ավելի պրոֆեսիոնալ:
Հիմա ուզում եմ լսել ձեզ:
Կարևոր է յուրաքանչյուրիդ կարծիքը»:

Աղբյուրը`   Դավիթ Դավթյան