Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Իր նենգափոխ դիսկուրսով լղոզում է պատասխանատվությանն առնչվող ամեն ինչ»․ Հակոբ Բադալյան

«Իր նենգափոխ դիսկուրսով լղոզում է պատասխանատվությանն առնչվող ամեն ինչ»․ Հակոբ Բադալյան
114
Այսօր, 17:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե միֆ է, որ արցախցիները կռվել են մինչև, վերջ:
Իհարկե հետո «երեսը չի բռնում» փախնելու համար մեղադրել բոլորին, և մեղադրում է «արցախյան էլիտային»: Ընդ որում, արցախյան էլիտայի որևէ մի ներկայացուցիչ, որը ոչ մի այլ ներկայացուցչից «պակաս փախած» չէ, բայց ընդունել է Փաշինյանի «օրենքը», միանգամայն բարեհաջող տեղավորվել է նրա կառավարման համակարգում: Եթե որևէ մեկն ընդունում է այդ «օրենքը», նա այլևս «չփախած» է:
Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած», իսկ արդեն թերևս՝ «փախած ստալինական»:
Իսկ իրապես փախնողներ եղե՞լ են: Իսկ որտե՞ղ դրանք չկան: Մոռացել էի՝ Ուկրաինայում:
Օրինակ՝ արցախյան էլիտային Նիկոլ Փաշինյանի հետ «ունիսոն» դատափետողներին ճնշող մեծամասնության համար մինչև վերջ կռվի «մոնումենտ» են ուկրաինացիները: Նրանք համոզված են, որ այնտեղ չկան փախչողներ, կոռումպացվածներ, գանձագողեր, և այլն:
Ինչո՞ւ ուրեմն՝ ուկրաինական էլիտան նրանց համար անբիծ է, իսկ արցախյան էլիտան՝ «փախած ստալինիստներ»:
Որովհետև այդ ամենի հիմքում իրապաշտ դատողությունը չէ, այլ օտարապաշտ կոնյուկտուրան:
Բայց, այս ամենում դա չէ կարևորը: Այստեղ կա մեկ այլ հիմնարար հարց, որի մասին պետք է խորհել: Գուցե հնչի տարօրինակ, բայց Նիկոլ Փաշինյանը իր այդ նարատիվներով, ըստ էության, թե՛ իրեն է, այսպես ասած, փրկում, թե՛ ծառայություն մատուցում արցախյան էլիտային՝ բոլոր ժամանակների:
Այստեղ կասեմ մի բան, որը գուցե թրենդային և դուրեկան չէ, բայց ես երբեք չեմ ասում այն, ինչի համար լայք կամ ծափ եմ հավաքելու:
Նիկոլ Փաշինյանն իր այս նենգափոխ դիսկուրսով լղոզում է պատասխանատվություն հասկացությանն առնչվող ամեն ինչ: Այդ թվում՝ լղոզում է ոչ միայն իր, այլ նաև՝ այո, արցախյան էլիտայի կամ էլիտաների պատասխանատվության հարցը: Նենգափոխումներով ստեղծելով ծայրահեղ իռացիոնալ բևեռացվածության իրավիճակ, նա միջին հանրագումարում բերում է մի պատկերի, երբ հանրությունը պարզապես կենտրոնանում է այդ զազրելի նենգափոխումներից պաշտպանելու պարզ, մարդկային, բարոյական խնդրի վրա:
Իսկ Նիկոլ Փաշինյանը արդեն վաղուց մի քաղաքական դրության մեջ է, որ իրեն բոլորովին չի հետաքրքրում այդ պատմության անբարո կողմ լինելը: Իրեն հետաքրքրող գլխավորը՝ պատասխանատվության վերաբերյալ իրական քննարկումներ թույլ չտալն է: Որովհետև նա գիտե, որ այդ դեպքում անառարկելիորեն հայտնվելու է գլխավոր պատասխանատուի՝ ոչ շահեկան կողմում:
Թեկուզ սեփական ատելիության գնով հասնել արցախյան էլիտայի հանդեպ հանրության համակրանքի անշեղ աճին, միայն թե թույլ չտալ, որ հանրությունը գնա պատասխանատվությանը վերաբերող առարկայական հարցերի պատասխաններին հասնելու ճանապարհով:
Նիկոլ Փաշինյանն իրականում գիտե հաշվել: Այլ հարց է, թե նա ինչն է հաշվում և ինչի համար»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան