Ուրբաթ, 08 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Գետը մի քանի տեղից չորացրել և օբյեկտներ են կառուցել»․ Կարեն Հեքիմյան

«Գետը մի քանի տեղից չորացրել և օբյեկտներ են կառուցել»․ Կարեն Հեքիմյան
80
Այսօր, 10:12

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ի՞նչ կլինի, եթե քաղաքացին, ենթադրաբար՝ բռնի, իշխանափոխության կոչ անի: Ճիշտ եք՝ շատ կարճ ժամանակահատվածում վերջինիս կձերբակալեն, այնուհետև՝ կկալանավորեն: Նկատեք՝ խոսքը չիրականացված (միգուցե՝ երբեք չիրականացվելիք) ընդամենը կոչի մասին է:
Իսկ ի՞նչ կլինի, եթե քաղաքացին նպատակաուղղված չորացնի գետը, փոխի գետի հունը, հետևաբար՝ էական վնաս պատճառի բնությանը և այլ քաղաքացիների գույքին: Ճիշտ եք: Ոչինչ չի լինի:
Օրինակ՝ Վանաձոր քաղաքի միջով անցնող Փամբակ գետը մի քանի տեղից չորացված է: Չորացված հատվածներում օբյեկտներ են կառուցված: Գետի այդպիսի հատվածներից մեկի վերաբերյալ գործը շուրջ մեկ տարի է, ինչ ՀՀ քննչական կոմիտեում է: Կա վնաս, չկան մեղադրյալներ: Իսկ քանի որ գործի շրջանակներում չկան մեղադրյալներ, ապա չկա արարքի համար պատժվելու նախադեպ, հետևաբար՝ ոչինչ չի խանգարում շարունակել չորացնել գետի տարբեր հատվածներ, փոխել վերջինիս հունը և վնաս պատճառել բնությանն ու մարդկությանը:
Ստացվում է՝ իշխանափոխության միայն կոչի համար մարդը կործանվում է, իսկ գետը փաստացի կործանելու համար ոչ ոք պատասխան չի տալիս:
Անպատասխան է մնում մեկ հարց. եթե Հայաստանում ոչ բնություն լինի, ոչ մարդկություն, ապա ո՞ւմ վրա է իշխելու իշխանությունը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան