Շաբաթ, 16 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Համոզում են, թե այս խմբակը հաղթելու է, մի՛ լսեք նրանց պրոպագանդան»․ Արթուր Խաչիկյան

«Համոզում են, թե այս խմբակը հաղթելու է, մի՛ լսեք նրանց պրոպագանդան»․ Արթուր Խաչիկյան
109
Այսօր, 21:06

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս ռեժիմի խորամանկ ռազմավարություններից մեկը մարդկանց համոզելն է, թե այս խմբակը միևնույն է հաղթելու է, որ ընտրության գնալն իմաստ չունի, որ դա ոչինչ չի փոխի։ Նրանք ուզում են, որ դուք տանը մնաք, որպեսզի իրենց աղանդի անդամները, որոնք արդեն շարված են ու պատրաստ, գան տեղամասեր՝ ցուցակներով, ավտոբուսներով, և ապահովեն իրենց հաղթանակը։
Եթե նրանք այդքան վստահ լինեին իրենց հաղթանակի վրա, նրանք փողոցներում մարդկանց հետևից չէին վազի, բնակարաններ չէին մտնի, մարդկանց չէին ստիպի խոսել իրենց հետ, չէին գոռա նրանց վրա ու չէին սպառնա։
Եթե նրանք վստահ լինեին, նրանք չէին ձևացնի, թե մտահոգված են մարդկանց առողջությամբ՝ բեմադրելով էժանագին ներկայացումներ, օրինակ՝ թե ինչպես մոտենալ տարեց կնոջն ու նրան վիտամիններ առաջարկել հազալուց հետո։ Ի՜նչ էժանագին շոու է։
Մարդկանց առողջության մասին ընտրություններից մեկ ամիս առաջ չեն հիշում։ Դրա մասին մտածում են անընդհատ։ Եվ ի դեպ, կարծես թե Արցախից բռնագաղթած 120 հազար փախստականներից (որոնց նա հանձնեց) ոչ մեկին վիտամիններ պետք չեկան։ Գուցե արցախցի փախստականներից ինչ-որ մեկն ավելի շո՞ւտ պետք է հազար. այն ժամանակ նա նրանց չէր հանձնի Պրահայում։
Եթե նրանք այդքան վստահ լինեին, նրանք ճնշում չէին գործադրի պետական ծառայողների, ուսուցիչների և ՏԻՄ ներկայացուցիչների վրա, չէին սպառնա նրանց՝ ստիպելով ներկա գտնվել իրենց հանրահավաքներին ու իրենց հետ բերել ընտանիքի անդամներին։
Եթե նրանք այդքան վստահ լինեին, նրանք չէին խնդրի եվրոպացի առաջնորդներին գալ ու մասնակցել այս PR շոուին, որը շոշափելի ոչինչ չտվեց Հայաստանին և ակնհայտորեն կազմակերպված էր միայն ընտրություններից առաջ իրենց վարկանիշը բարձրացնելու համար։
Եթե նրանք այդքան վստահ լինեին, նրանք չէին փակի ընդդիմության սոցիալական ցանցերի էջերը, չէին ձերբակալի ու հալածի մարդկանց՝ իրենց կարծիքն արտահայտելու համար, չէին նստեցնի լրագրողների, հոգևորականների ու փաստաբանների։
Եվ հիշեցնեմ բոլորին, որ Երևանում ու Գյումրիում այս խայտառակ խմբակը ստացել է համապատասխանաբար ձայների 33%-ը և 36%-ը ու չի կարողացել մեծամասնություն կազմել։ Հնարավոր է՝ գյուղական որոշ շրջաններում նրանց արդյունքներն ավելի լավն են՝ պետական Առաջին ալիքը շուրջօրյա պրոպագանդայի նպատակով անամոթաբար օգտագործելու պատճառով։
Այնպես որ, մի՛ լսեք նրանց պրոպագանդան. դո՛ւրս եկեք և քվեարկե՛ք ում օգտին ուզում եք։ Տանը մի՛ մնացեք և թույլ մի՛ տվեք աղանդի անդամներին հաղթել։ Այս մղձավանջը չպետք է շարունակվի ևս չորս տարի»։

Աղբյուրը`   Արթուր Խաչիկյան