Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Ապօրինի վարույթների և շինծու հետապնդումների լեզվով մեզ հետ խոսելն ապարդյուն է»․ «Հայաստան» դաշինք

«Ապօրինի վարույթների և շինծու հետապնդումների լեզվով մեզ հետ խոսելն ապարդյուն է»․ «Հայաստան» դաշինք
38
Այսօր, 15:54

«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ․ «ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները լեգիտիմությունը կորցրած, սեփական իշխանությունը բացառապես ապօրինություններով պահող վարչախմբի հերթական ցինիկ դրսևորումներն են:
Սա իրավական գործընթաց չէ. սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը: Խորհրդարանական ամբիոնից հնչող սպառնալիքներին անմիջապես հաջորդող ուժային արշավները փաստում են մեկ բան՝ իշխող վարչախումբը, ընդունելով արտաքին բոլոր պարտադրանքները, որդեգրել է ընդդիմությանը մեկուսացնելու դիմադրության բոլոր հնարավոր օջախները ոչնչացնելու քաղաքականություն։
Սեփական ընտրազանգվածի համար էժանագին տեսարաններ բեմադրելով՝ գործող իշխանությունը փորձում է նաև խորացնել հասարակության մեջ առկա վախի մթնոլորտը:
«Հայաստան» դաշինքը հայտարարում է՝
- Շանտաժի, ապօրինի վարույթների և շինծու հետապնդումների լեզվով մեզ հետ խոսելն ապարդյուն է:
- Ո՛չ Նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին և ո՛չ էլ մեր քաղաքական թիմին հնարավոր չէ ընկճել կամ պարտադրել հաշտվել ստեղծված իրավիճակի հետ:
Մենք շարունակելու ենք մեր պայքարը և գործադրելու ենք բոլոր ջանքերը՝ Հայաստանին պարտադրվող նոր զիջումները դիմագրավելու համար։
Որևէ բռնապետություն հավերժ չէ, և ապօրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև»: