Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
719
Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 17:05

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստում քննարկվել է երկու հարց: Գործադիրը սահմանել է նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և ՀՀ նախարարություններին ենթակա մարմինները: Հիմնավորման համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության առանձին ուղղությունների իրականացումը:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկել է փոփոխություն կատարել նախագծում և Պետական գույքի կառավարման կոմիտեն սահմանել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարության փոխարեն: Առաջարկությունը նիստում ընդունվել է:

Կառավարությունը սահմանել է նաև պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը: Ըստ այդմ՝ սահմանվել են նախարարության, կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունների օրինակելի ձևերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարության անդամներին 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները: