Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Պարտություն կրած ղեկավարները չեն կարող վարել արդյունավետ բանակցություններ»․ Տիգրան Արզաքանցյան

«Պարտություն կրած ղեկավարները չեն կարող վարել արդյունավետ բանակցություններ»․ Տիգրան Արզաքանցյան
197
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ., 15:18

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի հայտարարությունը․ «4 տարի առաջ այս օրը ավարտվեց 44-օրյա պատերազմը՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրմամբ։ Փաստաթուղթը կոչված էր կարգավորելու կարևորագույն հարցեր՝ ռազմական գործողությունների դադարեցում, ռազմագերիների վերադարձ, Արցախի հայ ժողովրդին ֆիզիկական ոչնչացումից պաշտպանելու համար ռուս խաղաղապահ ուժերի տեղակայում, Լաչինի միջանցքի հատուկ կարգավիճակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակում։
Սակայն այսօր մենք ցավով արձանագրում ենք, որ այդ փաստաթուղթը չկատարվեց, ավելին Ադրբեջանի ռազմական ագրեսիան շարունակվեց Հայաստանի դեմ և հանգեցրեց տարածքային կորուստների, Արցախը հայաթափվեց, մինչև օրս Բաքվի բանտերում են հայ ռազմագերիները, հայկական բազմադարյան պատմամշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ է։
Բազմաթիվ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ չգործեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ովքե՞ր են պատասխանատու դրա ձախողման համար, արդյո՞ք դրա կատարման համար պատասխանատուները գիտակցում էին իրենց գործողությունների հետևանքները։
Ադրբեջանը ուժի դիրքերից անթաքույց հրաժարվում էր կատարել իր պարտավորությունները և յուրովի էր մեկնաբանում հայտարարության դրույթները։ Ռուս խաղաղապահներն ունեին պարտավորություն ապահովելու Արցախի հայերի անվտանգությունը և Լաչինի միջանցքով անխափան հաղորդակցությունը, սակայն չունեին այդ պարտականությունն ապահովելու իրական մեխանիզմներ։ Հայաստանը հայտարարությամբ հաստատված Արցախի և Լաչինի միջանցքի՝ միջազգայնորեն պաշտպանվող տարածքի կարգավիճակը պաշտպանելու փոխարեն ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Բայց, եթե Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում ճիշտ որոշում էր, ապա ինչո՞ւ դա չարվեց ավելի շուտ՝ առանց պատերազմի, առանց զոհերի ու կորուստների։ Ինչո՞ւ արդեն սկսված պատերազմը չդադարեցվեց ավելի շուտ՝ հոկտեմբերի սկզբին, ինչո՞ւ մերժվեց սահմանափակ զիջումների գնով պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկությունը։ Արդյո՞ք 5000 զոհված և բազմաթիվ խեղված երիտասարդների կյանքը, կորսված պատմական հայրենիքը պետք է լինեին այն գինը, որ պետք է վճարվեր դրա համար։
Պատարեզմի ավարտից 3 տարի հետո 21-րդ դարում միջազգային հանրության, մարդասիրական ու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ինստիտուտների աչքերի առջև Արցախի ավելի քան 120 հազար հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման ու բռնի տեղահանվեց իր հայրենիքից։ Դեռևս անհայտ հանգամանքներում հանձնվեց տարիների ընթացքում պետական միջոցներով գնված ավելի քան երկու միլիարդ դոլարի զենք ու զինամթերքը։
Այսօր արցախահայ փախստականների ճակատագիրը Հայաստանում շարունակում է մնալ անորոշ՝ չեն լուծվել սոցիալական և քաղաքացիական կարգավիճակի հետ կապված խնդիրնեը, աճում է արտագաղթը Հայաստանից։ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններում որևէ ձևով չեն բարձրաձայնում արցախահայերի՝ միջազգային անվտանգային երաշխքիներով իրենց հայրենի բնօրրան վերադարձի իրավունքի հարցը։ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում նաև պետական մակարդակով միջազգային դատական ատյաններում բարձրացնել արցախահայերի խախտված իրավունքների, մասնավորապես սեփականության իրավունքի փոխհատուցման հարցը։
Ավելին՝ մինչ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ վարում են հարաբերությունների կարգավորման բանակցություններ և անընդհատ խոսում խաղաղության մասին, Ադրբեջանի նախագահը շարունակում է իր ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունը, պահանջում է նորանոր զիջումներ։
Միջազգային հարաբերություններում փորձը ցույց է տալիս, որ պարտություն կրած ղեկավարները չեն կարող վարել արդյունավետ բանակցություններ։ Հայաստանի իշխանությունները, որոնք վերընտրվեցին արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման ծրագրով՝ հրաժարվեցին իրականացնել իրենց իսկ ստանձնած պարտավորությունները։
Գիտակցելով այս իրողությունը՝ մենք չպետք է հուսահատվենք։ Կան հնարավորություններ և միջազգային իրավական մեխանիզմներ Արցախի հարցը միջազգային օրակարգ վերադարձնելու համար։
Եվ մենք պետք է գործենք համախմբված և միասնակ այս նպատակին հասնելու համար»։