Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նիկոլ Փաշինյանի վարկանիշային կոլապսը կարող է վերածվել Հայաստանի մի նոր կոլապսի». Հակոբ Բադալյան

«Նիկոլ Փաշինյանի վարկանիշային կոլապսը կարող է վերածվել Հայաստանի մի նոր կոլապսի». Հակոբ Բադալյան
185
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 19:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թեև Նիկոլ Փաշինյանը հայտնում է իր սոցցանցային՝ 100 միլիոն դիտումով վիճակագրությունը, այդուհանդերձ ինքնին այդ «վիճակագրության» արձանագրումն իսկ վկայում է, որ նա ունի հանրային վարկանիշի լուրջ խնդիր:

Հակառակ դեպքում չէին լինի վարկանիշ ի ցույց դնելու անլուրջ դրսևորումներ:

Չգիտեմ, «մինչև քոքը մաշեցնելու» իր պլանն է հետևողականորեն իրագործում Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ նա այդ իմաստով ընդամենը համբերատար սպասող է, իսկ Փաշինյանի վարկանիշը «մինչև քոքը» մաշեցնողը հենք ինքը՝ Փաշինյանն է ու նրա թիմը: Թերևս, ավելի շատ երկրորդը, որովհետև առաջինը կարող է հաջողվել միայն այն դեպքում, երբ կա երկրորդ գործոնը:

Այստեղ գլխավորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշային կոլապսն ինքնաբերաբար կարող է վերածվել Հայաստանի Հանրապետությանն առնչվող մի նոր կոլապսի: Համենայն դեպս նկատելի է, որ այդ իմաստով, իրավիճակի սանձը բաց է թողնված վաղուց: Նիկոլ Փաշինյանը այժմ պարզապես փորձում է վարկանիշ «սանձել»: Իսկ իրավիճակը, կախված է լինելու արտաքին զարգացումներից:

Այնպես չէ, որ Փաշինյանը չի փորձում անել ոչինչ: Չէ, փորձում է, ես հեռու եմ համարելուց, որ նա չի փորձում ոչինչ: Ի՞նչ է կարող, ահա սա է խնդիրը, կամ այստեղ է խնդիրը: Նա, ըստ ամենայնի, այն մտայնությանն է, որ էական հարցերում չի կարող շատ բան:

Գլխավոր հարցը սակայն այն է, թե, իսկ ո՞վ է կարող: Այստեղ պատասխանների շրջանակը մեծ չէ, ուզեք, թե ոչ: Այն պտտվում է նախկին նախագահների շուրջ:

Դուր է գալիս որևէ մեկին սա, թե ոչ, հարցի մյուս կողմն է: Չկա այլ կարող շրջանակ, սա պետք է արձանագրել, ընդունել: Ընդ որում, տվյալ պարագայում խոսքը բացարձակապես այն մասին չէ, որ պետք է նախկին նախագահներից մեկը վերադառնա և ստանձնի նախագահի կամ վարչապետի պաշտոն: Բոլորովին: Բայց, պետք է ընդունել, որ «կարող»-ը նշանակում է համակարգ, ինչը ենթադրում է աշխատանքային փորձ, կենսափորձ, միջազգային հարաբերությունների փորձ, համակարգ կազմելու և աշխատեցնելու փորձ:

Ես, իհարկե, կարող եմ խոսել, որ մեզ պետք է դուրս գալ նախկինից ու ներկայից, որ պետք է «երրորդ ուժ», «նոր ուժ», և այլն, և այլն: Եվ իհարկե կասեմ, այո, պետք է, ու հիանալի կլիներ, որ այսօր մենք ունենայինք դրա նախադրյալները:

Բայց, հարգելիներս, բարեհաճ խոսելու և ցանկալին իրականության տեղ անցկացնելու կամ ցանկալիի շուրջ մտավարժանքներ անելու օգտակարություն գործնականում չկա: Պետք է ընդունել, որ այսօր կա մեկ շրջանակ, որտեղ հնարավոր է ձևավորել աշխատանքային համալիր «կարողություն», և դա նախկին նախագահների շրջանակն է: Այդ շրջանակն է, որ այսօր կարող է ձևավորել նոր կառավարող համակարգ կամ ուժ:

Այդ նորը կլինի վատ մոռացված հինը, թե ուրիշ մի բան, սա այլ հարց է: Ընդունու՞մ եք դա, թե ոչ, սա էլ հարցի մյուս կողմն է: Բայց, եթե չեք ընդունում դա, ուրեմն մոռացեք, թե առաջիկայում հնարավոր է Նիկոլ Փաշինյանի համակարգին էական այլընտրանք:

Դա էլ, դուր գա ձեզ, թե ոչ, այն ձեւավորվում է, կազմավորվում է՝ որպես իշխանական համակարգ, իր տրամաբանությամբ, իր էության, իր բնույթով, բայց հենց այդ փուլում է:

Չե՞ք ուզում թե մեկը, թե մյուսը, ուրեմն ցանկալիի մասին խոոսելու փոխարեն, պետք է գործեք և հանրությանը ներկայացնեք որևէ կենսունակ համակարգ, թեկուզ լոկալ նշանակության, լոկալ խնդիրներով ու նպատակներով սկսող, բայց գործունակություն ցույց տվող:

Այս խոսակցությունը, ըստ իս, հարկ է շարունակել, ինչը կփորձեմ անել արդեն թերեւս գալիք տարի: Խաղաղություն մեր երկրին»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան