Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«ՊԵԿ-ը պատասխանել է տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ իմ հարցմանը»․ Գառնիկ Դանիելյան

«ՊԵԿ-ը պատասխանել է տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ իմ հարցմանը»․ Գառնիկ Դանիելյան
481
Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ., 19:00

ԱԺ ընդդիմադիր պատգամավորԳառնիկ Դանիելյանի գրառումը․ «Օրերս իմ հրապարակումներով և ելույթներով անդրադարձա մի շատ կարևոր խնդրի, որը վերաբերում էր Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանող, ինչպես Վրաստանի քաղաքացի հանդիսացող, այնպես էլ ՀՀ երկքաղաքացի հանդիսացող ջավախահայերին։
Ստացել էի տեղեկություններ, որ վերջիններս չեն կարողանում ՀՀ տարածքում 15 օրից ավելի անցկացնել։ Ո՛չ Պետական եկամուտների կոմիտեի կողմից, ո՛չ էլ սահմանային անցակետում նրանց որևէ լիարժեք հիմնավորում չի տրվում։
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով խնդրի հանդեպ հանրային հետաքրքրությունը, երեկ հայտարարություն տարածեց, որ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն։
Թեև արդեն իսկ տրվել է պարզաբանում, բայց հարկ եմ համարում ներկայացնել նաև ՀՀ ՊԵԿ-ին ուղղված իմ հարցման պատասխանից ուշադրության արժանի մեջբերումներ, որոնք կօգնեն առավել լավ պատկերացնելու խնդրի էությունը։
«Համաձայն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին կետի՝ Օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից՝ Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
ՀՀ կառավարության 2023թ․ նոյեմբերի 30-ի N 2060-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավորապես ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորության ապահովման միջոցի տեսակ՝ նախատեսելով, որ այդպիսի պարտավորությունների ապահովումը պետք է իրականացվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված եղանակով, այսինքն՝ դրամական միջոցներով։
Խնդրո առարկա հարցերը կարգավորող ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածը անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծողներին տարանջատում է ոչ թե ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու, այլ նույն օրենսգրքի 2-րդ հոդվածին համապատասխան՝ «միության անձ» կամ «օտարերկրյա անձ» հանդիսանալու հանգամանքից ելնելով։ Ըստ այդմ՝ ժամանակավորապես ՀՀ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծող «միության անձանց» համար սահմանվում է դրանց ներմուծման համար առաջացող մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորության ապահովման պարտադիր պահանջ, իսկ «օտարերկրյա անձանց» համար այդպիսի պահանջ սահմանվում է ՀՀ մշտական բնակության ժամանելու և 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցը ժամանակավորապես ներմուծելու դեպքերում։ Այսինքն՝ «միության անձը» ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցի համար վճարման պարտավորությունը պետք է ապահովի միշտ, իսկ «օտարերկրյա անձը»՝ 1-ին տրանսպորտային միջոցի համար չի ներկայացնում, իսկ առանց այդ տրանսպորտային միջոցը վերաարտահանելու՝ այլ տրանսպորտային միջոցներ ժամանակավորապես ներմուծելու դեպքում, ինչպես նաև մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանելու դեպքում՝ ներկայացնում է։
◾️ «Միության անձ» և «օտարերկրյա անձ» հասկացությունները սահմանված են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխանաբար 17-րդ և 11-րդ ենթակետերով, որոնց համաձայն ֆիզիկական անձը համարվում է «միության անձ», եթե Միության մաքսային տարածքում (ՀՀ-ում) ունի մշտական բնակության վայր։ Հակառակ պարագայում, այսինքն՝ միության մաքսային տարածքում մշտական բնակության վայր չունենալու դեպքում, անկախ ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, ֆիզիկական անձը համարվում է «օտարերկրյա անձ»։
◾️ Ելնելով վերոգրյալից՝ անձը, ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքից ելնելով՝ պարտավոր է ժամանակավորապես ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար ներկայացնել մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորության ապահովում, եթե ՀՀ-ում ունի մշտական բնակության վայր և հակառակը՝ այդպիսի պարտավորություն չունի, եթե ՀՀ-ում մշտական բնակության վայր չունի։ Ընդ որում, եթե այդ անձը ՀՀ-ում մշտական բնակության վայր չունի, սակայն ՀՀ է ժամանում մշտական բնակության նպատակով կամ ժամանակավորապես ՀՀ է ներմուծում 2-րդ և հաջորդ տրանսպորտային միջոցը, ապա նույնպես պարտավոր է ներկայացնել վճարման պարտավորությունների ապահովում»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան