«Ինչո՞ւ է Հայկ Մարությանն անհետացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարից». Արթուր Չախոյան
256
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 20:00
Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպե՞ս եք վերաբերվում Հայկ Մարությանի անհետանալուն տրանսպորտի թանկացման պայքարից: Օրինակ, ինձ համար շատ անսպասելի էր Հայկ Մարությանի անհետանալը, և դա անընդունելի է, քանի որ նա, հանդիսանալով ընդդիմադիր քաղաքական ուժ, հանրությանը կոչ արեց բոյկոտել տրանսպորտի թանկացումը, սակայն պայքարից անհետացավ՝ իր կոչ արած քաղաքացիներին թողեց անհասկանալի անորոշության մեջ։ Շատ մտածելու տեղիք է տալիս Հայկ Մարությանի անհետանալը բոյկոտի ամենաակտիվ փուլում, չէ՞ որ իր քաղաքական ուժն ի զորու է մեծ ազդեցություն ունենալ բոյկոտի արդյունքի վրա, սակայն այդ ուղղությամբ ոչ մի գործողություն տեղի չունեցավ։ Եվ այստեղից հարցեր են առաջանում թե՛ ինձ մոտ, թե՛ հանրության։ Ինչպե՞ս ստացվեց, որ Հայկ Մարությանն իր թիմի հետ տարբեր վարչական շրջաններում շատ ակտիվ ստորագրահավաք կազմակերպեց, բայց երբ հերթը հասավ իրական պայքարին, նա անհետացավ՝ իր կոչին հետևած ժողովրդին թողնելով մենակ պայքարի դաշտում։ Քայլերի այս հաջորդականությունը հուշում է, որ ստորագրահավաքն իր համար պարզապես քաղաքական դիվիդենտներ քաղելու PR-ի միջոց էր, քանի որ այլ բացատրություն չեմ տեսնում։ Առհասարակ, ինձ համար անհասկանալի էր, թե ինչու Հայկ Մարությանն ընտրություններից հետո անհետացավ, իսկ հետո հայտնվեց տրանսպորտի թանկացմանը, այն դեպքում, երբ քաղաքում տարբեր իրադարձություններ էին տեղի ունենում, սակայն նա, հանդիսանալով ընդդիմադիր քաղաքական ուժ, ոչինչ չձեռնարկեց։ Շատերը գուցե փորձեն պաշտպանել Հայկ Մարությանին և պնդեն, որ նա ինչ-որ հարգելի պատճառներով ընդմիջում է վերցրել, սակայն դա ինձ համար հիմնավոր պատճառ չէ հանրությանը որևէ բան հայտարարելու պայքարի դաշտից անհետանալու համար։ Նա կուսակցության ղեկավար է, որն ունի թիմակիցներ, ովքեր առանց նրա էլ կարող էին ժողովրդի կողքին կանգնած պայքարել տրանսպորտի թանկացման դեմ՝ լրացնելով Հայկ Մարությանի բացակայությունը, սակայն դա տեղի չունեցավ։ Ինձ համար շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են ավտոբուսներից դուրս շպրտում հաշմանդամ պապիկին կամ տեղի ունենում այլ նմանատիպ դեպքեր։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայկ Մարությանի գրեթե բոլոր գրառումներից հետո ՔՊ-ի ներսում ինչ խառնաշփոթ ու ցնցումներ են առաջանում, հասկանալի է, թե որքան մեծ ազդեցություն նա կարող էր ունենալ նման դեպքերի կանխարգելման վրա։ Սակայն, ցավոք, Հայկ Մարությանն իր աջակիցներին տարավ պայքարի դաշտ, իսկ հետո պարզապես թողեց նրանց ու հեռացավ իր գործերով։ Վերլուծելով այս ամենը՝ եկել եմ այն եզրահանգման, որ Հայկ Մարությանը քաղաքականությամբ չի զբաղվում, ոչ էլ ժողովուրդի կողքին է, քանի որ փաստացի իր անգործությունը պարզապես այդ եզրահանգման են բերում։ Երեկ մինչ գրառումը գրում էի, Հայկ Մարությանը հայտարարեց, որ պայքարը շարունակվում է, և որ բոյկոտը կարող է ամիսներ տևել։ Այսինքն, փաստացի ստացվում է, որ Հայկ Մարությանը չի ցանկանում գեներացնել բոյկոտը, «բոյկոտն առանց գեներացման, կազմակերպման և հստակ քայլերի դատապարտված է ձախողման» հակառակ դեպքում հստակ պայքարի օրակարգ կներկայացներ և ժողովրդի կողքին կանգնած՝ կգեներացներ բոյկոտը, իսկ տվյալ դեպքում դուրս է գալիս, որ նա իր աջակիցներին ամիսներով տևող պայքարի է ուղարկում, իսկ ինքը գնում է իր գործերով։ #Հրաշալի_գաղափար Ինչպե՞ս կարելի է նման կոչ անել ժողովրդին, որ բոյկոտը շարունակվում է, երբ ինքդ ժողովրդի կողքին կանգնած չես։ Դա նույնն է, որ հավաք հայտարարես Տիգրան Ավինյանի հրաժարականի պահանջով, բայց ինքդ այդ հավաքին չգնաս։ Կամ այլ օրինակ բերեմ, դա նույնն է, որ հրամանատարը զինվորներին ուղարկի պատերազմի, իսկ ինքը գնա տուն քնելու, և զորքն առանց հրամանատարի հրամաների պատերազմի դաշտում իրար վրա կրակեն, այն ինչ հիմա տեղի է ունենում ավտոբուսներում, ժողովուրդը իրար հետ կռվում է։
Մի խոսքով, ոնց հասկանում եմ, Հայկ Մարությանն, ինչպես քարոզարշավ չարեց, որի ժամանակ նույն պես անհետացել էր, այդպես էլ հիմա բոյկոտ է անում՝ անորոշ, առանց հստակ ծրագրի։ #Մի_խոսքով_պարզա Այս գրառումը չի վերաբերվում Հայկ Մարությանի կուսակիցներին կամ աջակիցներին, նրա թիմում և աջակիցների շրջանում կան շատ լավ մարդիկ, որոնց ես ճանաչում և հարգում եմ»։