Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Շաքիում վիրավորում ստացած կնոջ 15 և 12-ամյա երեխաները ևս դիմել են բուժօգնության. մանրամասներ

Շաքիում վիրավորում ստացած կնոջ 15 և 12-ամյա երեխաները ևս դիմել են բուժօգնության. մանրամասներ
51
Երեկ, 23:54

ՀՀ դատախազությունից լրատվականներին հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին: Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Սիսիանի բաժին:
«Դեպքի վայրում պարզվել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 15:30-ին ձերբակալվել է և ներկայացվել նախաքննության մարմին:

Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:

Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները: 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք»,- հայտնել են դատախազությունից։