«Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ»․ Արման Թաթոյան
191
Այսօր, 00:36
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակնհայտ է՝ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ունի նրա հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքը լռեցնելու նպատակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի բացահայտ չարաշահումով: Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ՝ արհեստական քրեական փաթեթավորմամբ։ Առավել դատապարտելի է խափանման միջոցի տեսքով հարկադրանք կիրառելու նախաձեռնությունը: Հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքն ունի լայն սահմաններ, այն կարող է լինել ցնցող ու դուր չգալ իշխանությանը: Քաղաքական գործիչներն առավել ազատություն ունեն այս հարցում ու պետությունը դա ոչ թե պետք է լռեցնի, այլ երաշխավորի: Սա հենց Էդգար Ղազարյանի խոսքն է։ Սա չափազանց վատ նախադեպ է, որ հարվածում է ժողովրդավարական հասարակության հիմքերին ու խաթարում իրավունքի գերակայությունը: Սա նաև ակնհայտ խտրական վերաբերմունք է, քանի որ եթե Քրեական օրենսգիրք է արդեն կիրառվում այս տեսակ խոսքի նկատմամբ, ուրեմն քննչական մարմինը պետք է անհապաղ քրեական հետապնդում հարուցի վարչապետի, ՔՊ վերնախավը ներկայացնող մի շարք պատգամավորների նկատմամբ դատավորների նկատմամբ առավել կոպիտ բառապաշարով արտահայտությունների համար: Այստեղ նաև մեկ այլ կարևոր հարց կա, որ պարունակում է համակարգային հեռուն գնացող վտանգներ: ԲԴԽ-ն երեկ հանդես եկավ Էդգար Ղազարյանի վերաբերյալ հայտարարությամբ՝ քրեական հետապնդման սպառնալիքով, ու այն նույն շեշտադրումներով, ինչ քրեական հետապնդում է հարուցել է քննչական մարմինը (համաձայն հրապարակված տվյալների): Կարծում եմ՝ ԲԴԽ-ն փոխանցում («պաս») արեց իրավապահ մարմնին, որ վերջինն էլ հարուցի հետապնդում: Սա էլ, կարծում եմ, նախապես է քննարկվել ու քաղաքական մակարդակում հավանություն ստացել կամ որոշվել: ՔՊ-ի համար այս հետապնդումն ու խափանման միջոցն ունեն ռազմավարական քաղաքական նշանակություն և անհրաժեշտ են, որ առնվազն՝ 1) լռեցնեն Էդգար Ղազարյանին. 2) ՔՊ-ին հրապարակայնորեն քննադատող մյուս քաղաքացիներին վախեցնեն կամ նրանց ցույց տան, որ եթե խոսեք, նույնը ձեզ հետ տեղի կունենա (սառեցնող էֆեկտ կամ chilling effect). 3) հետագայում օգտագործի այս նախադեպը՝ ի պաշտպանություն գործադիր իշխանության պաշտոնյաների և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ իրենց հրապարակային քննադատողների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար»։