«Վազգենի նմանների կարիքը շատ կա հիմա»․ Մարինե Պետրոսյան
174
Կիրակի, 30 մարտի, 2025 թ., 01:30
Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմը նայելն անընդհատ հետաձգում էի։ Վերջին ժամանակներս նյարդերս ահավոր լարված են, մտածում էի՝ կարո՞ղ ա ֆիլմը նայեմ ու լրիվ վատանամ։ Ես վատ ֆիլմերից, վատ ներկայացումներից ֆիզիկապես վատանում եմ։ Բայց չէ, ինքս ինձ ասեցի՝ դու պետք ա գնաս ու նայես, Մարինե, անպայման պետք ա գնաս ու նայես։ Ու երեկ վերջապես նայեցի։ Առաջին շարքում էի նստած։ Կողքիս դպրոցականներ էին։ Ֆիլմը սկսվեց։ Նայեցի, նայեցի, նայեցի։ Մեկ էլ զգացի, որ ձեռքերով շարժումներ եմ անում։ Մի քիչ անսովոր շարժումներ։ Կողքիս դպրոցական տղան զարմացած ինձ էր նայում։ Իսկ ես համարյա լացում էի։ Ուրախությունից։ Լավն էր ֆիլմը։ Իզուր էին վախերս, լավն էր ֆիլմը։ Մի քիչ պատանեկան՝ պատանեկան-հերոսական։ Բայց չէ, դա չէր խանգարում։ Լավն էր ֆիլմը։ Ֆիլմի սկզբում պատանյակ Վազգենն ա։ Պատմության դասին իմանում ա, որ Տիգրան Մեծի ժամանակ մեր երկիրը շատ մեծ ա եղել և ուզում ա իմանա՝ ոնց ա եղել, որ Հայաստանը դարձել ա էսքան փոքր։ Մեր պատմության մասին գրքեր ա կարդում և տխրում ա։ Եվ ջղայնանում ա։ Որոշում ա ֆուտբոլիստ դառնա, որ ուժեղ լինի։ Բայց չէ, ֆուտբոլիստ չի դառնում, վեպ ա գրում, հատված ա բերում «Գարուն» ամսագրում տպագրելու, հրավիրում են, որ ամսագրում աշխատի։ Շուտով սկսվում ա Ղարաբաղյան շարժումը։ Սկզբում Շարժումը, հետո պատերազմը։ Եվ Վազգենը գնում ա կռիվ։ Ինքն ա գնում, իրան չեն տանում։ Հայոց բանակ դեռ չկար։ Հետո հայոց բանակը ստեղծվում ա։ Ֆիլմի մի զգալի մասը կռվի տեսարաններ են։ Մահվան տեսարաններ։ Տղերքը կռվում են։ Կռվում են ու մի մասը զոհվում են։ Բայց բոլորը չէ, որ թշնամու կրակից են զոհվում։ Ֆիլմում մի սիրուն և ազնիվ տղա՝ կռվի ժամանակ բռնկած երիկամի ցավից ա մեռնում։ Ինքը չպետք ա կռիվ գնար, ինքը առողջական լուրջ խնդիր ուներ, բայց իրան տարել էին։ Փող էին ուզել, որ չտանեն, փողը վերցրել էին բայց մեկ ա՝ տարել էին։ Տղայի մայրը, զոհվածների գերեզմանոցում տեսնելով Վազգենին, անիծում ա։ Անիծում ա, Վազգենը հարցնում ա, կինը պատմում ա եղածը։ Իսկ հետո, երբ Վազգենը գտնում ա փող վերցնողին և ծեծ ա տալիս ու պատիժ, իսկ տղային, հետմահու, շքանշան, տղայի մայրը սկսում ա օրհնել Վազգենին․․․ Հա, մի քիչ նաիվ-հերոսական ա ֆիլմը։ Բայց լավն ա։ Իրա հենց էդ նաիվ-հերոսական տեսակի մեջ՝ լավն ա։ Ես Վազգեն Սարգսյանին, ցավոք, անձամբ չեմ ճանաչել։ Էն ինչ գիտեմ՝ ուրիշների պատմելով գիտեմ։ Եվ էդ պատմածները միայն դրական չեն, կան պատմություններ, օրինակ, Վազգենի գործած դաժանությունների մասին։ Չեմ բացառում, որ էդ պատմությունների մի մասը գոնե ճիշտ լինեն։ Բայց եթե անգամ դրանք ճիշտ լինեն, չեն հակասում Վազգենի էն կերպարին, որ էս ֆիլմում գծված ա։ Էդ կերպարն ասում ա՝ կյանքը կռիվ ա։ Իսկ կռվի մեջ դաժանությունն անխուսափելի ա։ Որովհետև պահեր կան, երբ կա՛մ դու պետք ա խփես,կա՛մ քեզ պետք ա խփեն։ Կյանքը կռիվ ա, և էդ կռվում Վազգենը հաղթում ա։ Իսկ հետո իրան սպանում են։ Երանի կենդանի լիներ Վազգենը։ Կլիներ վաթսունչորս տարեկան։ Իրա նմանների կարիքը շատ կա հիմա»։